Անանիա Շիրակացու 1400-ամյակը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012թ. նշանակալից տարեդարձների ցանկը

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշանակալից տարեդարձների թվում իր ցանկում է ընդգրկել Բյուրականի աստղադիտարանի կողմից ներկայացված փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, Հայաստանում ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիր Անանիա Շիրակացու 1400-ամյակը:

Իսկ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2012-2013թթ. Բյուրականի աստղադիտարանի նախաձեռնությամբ ՀՀ Մշակույթի և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների և ՀՀ ԳԱԱ համատեղ առաջարկին: Անանիա Շիրակացու 1400-ամյակի տոնակատարության միջոցառումների ցանկում կարևորագույնը կլինի Բյուրականի աստղադիտարանում նախատեսվող միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:

Անանիա Շիրակացին հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է: Ունենալով իր ժամանակի համար առաջադեմ աստղագիտական հայացքներ և թողնելով հարուստ աստղագիտական ժառանգություն` նա իրավամբ համարվում է աստղագիտության հիմնադիրը Հայաստանում: Շիրակացին պաշտպանում էր Երկրի ոլորտային վարկածը, առաջարկել է երկնքում երևացող Ծիր Կաթնի շերտի ճիշտ բացատրություն և զարգացրել է Լուսնի մակերևույթի բավականաչափ լավ պատկերացում: Նա կարողանում էր ճշտորեն մեկնաբանել Լուսնի և Արեգակի խավարումները: Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման, ինչպես նաև մի շարք բյուզանդական գիտնականների հայացքների վրա: Շիրակացու աշխատանքները հայ հնագույն աստղագիտական եզրաբանության պարզաբանման հիմնական աղբյուր են հանդիսանում, ներառյալ համաստեղությունների և աստղերի անվանումները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---