Մայիսի 4-5 Հայաստանը կդառնա նորաձևության երկխոսության խաչմերուկ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին մեկնարկում է «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել եվրոպացի նկարիչ-մոդելավորողներ ու նորաձևության ոլորտի փորձագետներ:

Ծրագրի շրջանակներում հինգ հայ նկարիչ-մոդելավորող եվրոպացի հինգ գործընկերների հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը` նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի և Չեխիայի ազգային տարազների պատմությունը: Նկարիչ-մոդելավորողները տարազը կդիտարկեն մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներն օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը։

Կձևավորվի հինգ աշխատանքային զույգ, յուրաքանչյուրում մեկական հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորող: Յուրաքանչյուր զույգ կստեղծի չորս մասից բաղկացած հավաքածու: Հավաքածուն կցուցադրվի Երևանում և Հայաստանի չորս մարզում, այնուհետև մասնակից եվրոպական երկրներում: Հավաքածուի ստեղծման նպատակը Հայաստանում Եվրոպայի և Եվրոպայում Հայաստանի մշակութային արժեքների ու ինքնության, ինչպես նաև պատմության և մշակութային ժառանգության լուսաբանումն է և դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը:

Այն իրականացվում է EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հինգ անդամ կազմակերպությունների` Բրիտանական խորհրդի, Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնների սերտ համագործակցությամբ: Տեղական գործընկերն է Նորաձևության հայկական խորհուրդը: Ծրագրի հիմնական միջոցառումները, ինչպես նաև հավաքածուի ցուցադրությունը կանցկացվեն ծրագրի գործընկեր Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

Հայաստանից մասնակցում են Արամ Նիկոլյանը, Քրիստինե Ավետիսյանը, Անի Իսկանդարյանը, Լուսինե Կոստանյանը, Գայանե Սողոմոնյանը: Արտերկրի հյուրերն են Ջիանին Պոլազոնը Միացյալ Թագավորությունից, Պավել Իվանչիչը Չեխիայից, Իդա Գրո Քրիստիանսենը Դանիայից, Անդրա Քլիցանը Ռումինիայից և Մելանի Ֆրեյերը Գերմանիայից:

Ծրագիրը կավարտվի մայիսի 5-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---