ՀՀ քաղաքացիները 28 000 դրամ կվճարեն վարորդական իրավունք ստանալու համար

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիսի 14-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության կողմից ապրիլի 14-ի թիվ 424 որոշումը, որը կանոնակարգում է վարորդական իրավունք ստանալու նոր ընթացակարգը: Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության հաշվառման, քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Արթուր Տոնոյանը:

«Նոր օրենքն անհամեմատ հեշտացնում է մեր քաղաքացիների գործը: Վարորդական իրավունք ստանալու համար պետք է լինել ՀՀ կամ այլ երկրի քաղաքացի, որի 18 տարին լրացել է: Պետք է պարզապես դիմել ճանապարհային ոստիկանություն: Նոր վկայական ստանալու համար դիմողները պետք է հանձնեն տեսական և գործնական քննություն» ,- նշեց Տոնոյանը:

Քաղաքացիները տեսական քննությունը պետք է հանձնեն իրենց հաշվառման ստորաբաժնում յուրաքանչյուր ամսվա երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին. «Տեսական քննություններն իրականացվում են համակարգչային թեստերի միջոցով, և յուրաքանչյուր թեստ կազմված է 2-5 տարբերակ ունեցող պատասխաններից, որոնցից ճիշտ է միայն մեկը: 9-10 ճիշտ պատասխանի դեպքում տեսական մասը համարվում է դրական հանձնված»:

Տոնոյանը նշեց, որ տեսական քննությունից հետո արդեն պետք է հանձնել գործնականը և ստանալ վարորդական վկայական: Գործնական քննությունն իրականացվելու է մեկ փուլով իրական ճանապարհներում`15 րոպե տևողությամբ: «Վարորդական վկայական ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի դիմում, անձնագիր և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: Տեսական քննության համար պետք է վճարել` 3000, վարորդական վկայական ստանալու համար` 12000, իսկ գործնական քննության համար` 10000 դրամ: Իսկ ժամկետի նշում չպարունակող վկայականների գործողության ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերին” , - ավելացրեց Տոնոյանը:

Այն քաղաքացիները, ովքեր դիմում են միայն A,B,C կարգերի և A1,B1,C1 ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար, քննությունները հանձնելուց հետո կարող են առանց բժշկական հավատարմագրման տեղեկանքի ստանալ վարորդական վկայական: «Նշված փաստաթուղթը պահանջվում է միայն D և E կատեգորիաների տրանսպորտային միջոցներ վարելու համար» ,- նշեց Տոնոյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---