6  02.11.11 - Գրություններ պատերին

«Կգնեմ բնակարան», «մասնակցեք ցույցի» կամ «մահ էմոներին». Ի՞նչպես պայքարել պատերի գրությունների դեմ

«Կգնեմ բնակարան», «մասնակցեք ցույցի» կամ «մահ էմոներին». Ի՞նչպես պայքարել պատերի գրությունների դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանում չկա պատերի վրա գրություններ կամ հայտարարություններ փակցնելն արգելող օրենք կամ նորմ։ Հետևաբար, Երևանի քաղաքապետարանն ու համատիրությունները չունեն փակցնողների կամ գրողների դեմ պայքարի լծակներ։

«Եթե անգամ տեսնենք, որ պատին գրում են, կամ ինչ-որ հայտարարություն են փակցնում, չենք կարող արգելել, քանի որ ոչ մի օրենք այդ մասին չկա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նա նշեց, որ քաղաքապետարանը իրավիճակից դուրս գալու կամ այն շտկելու միակ ելքը տեսնում է հայտարարությունների համար հատուկ ստենդեր հատկացնելու մեջ «որոնք սակայն ամբողջովին չեն կարող խնդիրը լուծել, քանի որ կտրամադրվեն վճարովի հիմունքներով»։

Ինչ վերաբերում է հայտարարությունների վրա գրված համարներով զանգելուն և այդ կերպ երևույթի դեմ պայքարելուն, ապա, Գևորգյանի կարծիքով, զանգին կպատասխանեն, թե «օրինակ հարևանը ցանկացել է վատություն անել, և իր համարն է գրել»։ Նա պայքարի ոչ պակաս անիրական ևս մեկ մեթոդ էլ «առաջարկեց». յուրաքանչյուր 100 մետրի վրա մեկ ոստիկան կանգնեցնել, որն օրը 24 ժամ կհսկի։

Արթուր Գևորգյանը նշեց, որ հարցն ավելի շատ մարդու հոգեբանության, դաստիարակության մեջ է։ Նա կարծում էր, թե պատերի մաքրությանը հետևելը վարչական շրջանների կոմունալ ծառայությունների պարտականությունն է, սակայն պարզվում է, որ իրականում համատիրությունների գործառույթների մեջ է մտնում։

Կենտրոն համայնքի 1-ին համատիրության կառավարչի տեղակալ Դավիթ Կարախանյանը նշեց, որ իրենք անընդհատ ու անընդմեջ պայքարում են երևույթի դեմ, և համատիրության յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու է իրենց ենթակայության տակ գտնվող 300 շենքից 7-8-ի համար։

«Տղաներին հանձնարարում եմ, 2 ամիսը մեկ մաքրում ենք, բայց մի կողմից մենք մաքրում ենք, մյուս կողմից նորից փակցնում են։ Մոտենում ենք, ասում ենք՝ մի արեք։ Պատասխանում են՝ «ես փակցնեմ, դուք իմ հետևից պոկեք, ինձ փակցնելու համար են վճարում»։ Եվ գոնե մի համար չկա, մի տեղ չկա, որ զանգենք, ասենք, գան, արգելեն կամ տուգանեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Կարախանյանը՝ հավելելով, որ խնդրի դեմ պայքարելը իրենց ուժերից վեր է, և անհրաժեշտ է ավելի բարձր կառույցի միջամտությունը (իսկ ավելի բարձր կառույցը մի քանի տող վերև նշել էր, որ դա իրենց գործառույթների մեջ չէ և իրենց ուժերից էլ է վեր, քանի որ օրենք չկա)։

Ինչ վերաբերում է վիրավորական հայտարարություններին, հայհոյանքներին և նման այլ արտահայտություններին, համատիրության աշխատակիցները փորձում են դրանք ներկել կամ մաքրել էլեկտրական սարքերի միջոցով. «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ եթե հասուն մարդը այդ կոչերի մոտով անտարբեր կանցնի կամ կարհամարի, մի քիչ ավելի երիտասարդները կամ պատանիները դրանք լրիվ այլ կերպ կընդունեն, գուցե նաև կհետևեն կոչերին»։

Համատիրության կառավարչի տեղակալն անդրադարձավ նաև ցույցերի մասին հայտարարություններին.«Անձամբ ես մի քիչ էլ կոպիտ արտահայտություններ եմ լսել, երբ տեսել եմ, որ փակցնում են՝ զանգել ասել եմ, որ գան մաքրեն այդ շենքի պատը կամ սյունը, մտածել են՝ ցույցին եմ դեմ կամ խոչընդոտում եմ նրանց։ Բայց ես պարզապես իմ աշխատանքն եմ արել ու մաքրությանն եմ հետևել»։

Կարախանյանը խոսեց նաև հուշարձանների խնդրի մասին՝ նշելով, որ թեև դրանք իրենց ենթակայության տակ չեն և դրանց մաքրությանը հետևելը իրենց պարտականություններից դուրս է, անտարբեր մնալ չեն կարող։ «Մի դեպք եղավ, երբ մենք գիշերը 11-ին գնացել մաքրում էինք Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արձանը։ Մեր կառավարիչն էր նկատել, որ կարմիր ներկով անհարգալից, անարգող արտահայտություններ են գրել, և համարել էր, որ դա մաքրելը մեր պարտքն է։ Տղաների հետ գիշերը գնացել էինք և 3 ժամից ավել մաքրում էինք, թեև դա մեր տարածքից էլ է անգամ դուրս»։

Իսկ հոգեբաները, մանկավարժներն ու ոչ միայն նրանք պնդում են, որ պատերին գրված հայտարարությունները նման են դանդաղ գործունեության ռումբի, որոնք սերմանում են անհանդուրժողականություն և դաժանություն։

Ստացվում է՝ հոգեբաններն ահազանգում են, որ վնաս է, քաղաքապետարանն ու համատիրությունները՝ որ արգելող օրենք է պետք, իսկ ցուցարարները, էմոյականներն ու տարբեր ծառայություններ մատուցող միջնորդները շարունակում են իրենց գրություններով ու հայտարարություններով աղտոտել մեր քաղաքն ու հոգեբանությունը։ Փաստորեն, մարդու խղճի, դաստիարակության ու քաղաքը սիրելու վրա հույս դնելն անօգուտ է, և միակ ելքը կարծես թե արգելող օրենքն է, որը չկա։ Թեև փորձը ցույց է տալիս, որ եթե լիներ էլ, պատկերը գրեթե չէր փոխվի...

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---