Հայաստանի 2011թ. Բարձրագույն Լիգայի հանդիպումները կմեկնարկեն մարտի 1-ից

Հայաստանի 2011թ. Բարձրագույն Լիգայի հանդիպումները կմեկնարկեն մարտի 1-ից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը երրորդ ժամկետով է վերընտրվել նախագահի պաշտոնին, շնորհակալություն հայտնեց վստահության համար և հույս հայտնեց, որ 4-5 տարվա ընթացքում Ֆեդերացիան իր ղեկավարությամբ լավ կաշխատի և կնպաստի ֆուտբոլի զարգացմանը:

«Ուշադրության կենտրոնում կլինի պատենական ֆուտբոլի զարգացումը հատկապես Հայաստանի մարզերում: 2011 թվականին Շիրակում և Լոռիում կկառուցվեն ֆուտբոլային դպրոցներ` 6 ֆուտբոլային դաշտ Շիրակում և 4-ը Լոռիում: Վերջերս ես այցելեցի Կապան, և այնտեղ արդեն պատրաստ են երկու ֆուտբոլային դաշտեր, ևս երկուսը ծրագրվում է բացել գարնանը»,- ասաց Հայրապետյանը:

Հայաստանի 2011 թվականի խաղաշրջանի Բարձրագույն Լիգայի հանդիպումները կմեկնարկեն մարտի 1-ից: Այսպիսով, Հայրապետյանի խոսքով, ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս երկրի առաջնությունում, կկարողանան պատրաստվել Ռուսաստանի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 26-ին Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի շրջանակներում: «Մինչ այդ հավաքականն ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Կիպրոսում: Ծրագրվում է նաև 2-3 ընկերական հանդիպում անցկացնել»,- նշեց ՀՖՖ նախագահը:

Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև մրցավարության ոլորտում առկա խնդիրների մասին: Նա դժգոհ է մրցավարների աշխատանքից, ուստիև որոշում է ընդունվել մի քանի մրցավարների աշխատանքից ազատելու մասին, այդ թվում` մրցավարների և տեսուչների բաժնի պետ Արարատ Չախինյանին: «Այդ պաշտոնում արդեն աշխատում է Կարեն Նալբանդյանը, որը Սլավիկ Ղազարյանի ու Գևորգ Ղազարյանի հետ միասին 10-ական երիտասարդ մրցավար կպատրաստի Հայաստանի Բարձրագույն Լիգայի խաղերը սպասարկելու համար: Մենք պայմանավորվածություններ ունենք Իսպանիայի և Իտալիայի Ազգային Ֆեդերացիաների հետ, որտեղ մեր մրցավարները նախապատրաստություն կանցնեն»,- ընդգծեց Ֆեդերացիայի նախագահը:

Հայրապետյանը բանակցություններ է վարում երկու մարզիչների հետ, որոնք կարող են գլխավորել Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը: ՀՖՖ նախագահն առայժմ չի հայտարարում թեկնածուների անունները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---