Ֆրանսիան վերադառնում է ՆԱՏՕ

Ֆրանսիայի վերադարձը կձեւակերպվի համապատասխան ձեւով. դրա մասին հանդիսավոր կերպով կհայտարարվի Ստրասբուրգում կայանալիք ՆԱՏՕ-ի ապրիլյան գագաթաժողովին` նվիրված Ալյանսի հիմնադրման 60-ամյակին

Ավելի քան 40 տարի անց Ֆրանսիան վերադառնում է ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարության կառույցներ: Ճիշտ է, Ալյանսում այդ «անառակ որդու» վերադարձի արդյունքում մեծ փոփոխություններ սպասել չարժե, բայց ինքը փաստը դիտարժան է: «Ժամանակն է վերջ դնելու այդ իրադրությանը: ՆԱՏՕ-ի հրամանատարության կառույցներ վերադառնալը Ֆրանսիայի եւ Եվրոպայի շահերի մեջ է մտնում»,- հայտնել է Սարկոզին` ելույթ ունենալով Փարիզում ֆրանսիացի ռազմական փորձագետների հանդիպմանը:

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերը ողջունել է ֆրանսիական առաջնորդի որոշումը: Նրա խոսքով, Ֆրանսիայի լիարժեք մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին` ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական հարցերում, Ալյանսը միայն ավելի ուժեղ է դարձնում:

Ֆրանսիան ՆԱՏՕ-ի չորրոդ երկիրն է զինված ուժերի քանակով, ակտիվ մասնակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի բալկանյան եւ աֆղանական գործողություններին: Միեւնույն ժամանակ, չնայած նախագահ Սարկոզիի հայտարարությանը, Ֆրանսիայի միջուկային ուժերի հրամանատարությունը կմնա ՆԱՏՕ-ի հսկողությունից դուրս:

Փարիզը ՆԱՏՕ-ի հրամանատարության կառույցները լքեց 1966թ.: Այդպես Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը ցանկանում էր ցուցադրել իր անկախությունը ԱՄՆ-ից: Դրա հետ մեկտեղ երկիրը ձեւականորեն մնում էր Ալյանսի անդամը: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենը գտնում է, որ ոչ մի հիմք չկա խոսելու այն մասին, որ Փարիզն այժմ ստիպված է լինելու իր բոլոր գործողությունները համաձայնեցնել ԱՄՆ հետ: Մորենը որպես օրինակ է բերում Գերմանիան, որն ամբողջությամբ ինտեգրված է ՆԱՏՕ-ի կառույցների մեջ, բայց, այնուամենայնիվ, հանդես էր գալիս Իրաքի պատերազմի դեմ: Պաշտպանական գերատեսչության կարծիքով, ալյանս վերադառնալուց Ֆրանսիան միայն կշահի, քանի որ հնարավորություն կստանա ազդելու կազմակերպության ռազմավարության վրա, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Ֆրանսիայի նախագահը ճիշտ հաշվարկեց վերադարձի պահը: Ֆրանսիան չէր կարող վերադառնալ Ջորջ Բուշի օրոք` հարվածի տակ դնելով երկրի վարկը, ինչպես դա արեց Մեծ Բրիտանիան` ամբողջությամբ օժանդակելով ամերիկյան նախագահին եւ ձեռք բերելով «ընկեր Տոնիի» կասկածելի տիտղոսը: Նոր նախագահ Բարակ Օբամայի օրոք ամեն ինչ այլ է. Սարկոզին ավելի հեշտությամբ է լեզու գտնում մի մարդու հետ, որը պատրաստվում է դուրս բերել զորքերը Իրաքից եւ դրա հետ մեկտեղ փորձում է որեւէ կերպ լուծում տալ աֆղանական խնդրին: Ֆրանսիայի վերադարձը կձեւակերպվի համապատասխան ձեւով. դրա մասին հանդիսավոր կերպով կհայտարարվի Ստրասբուրգում կայանալիք ՆԱՏՕ-ի ապրիլյան գագաթաժողովին` նվիրված Ալյանսի հիմնադրման 60-ամյակին:

Հենց այս օրերին սկսել են ակտիվանալ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի համագործակցության մասին խոսակցությունները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, երկու կազմակերպությունները պետք է միասին աշխատեն Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ստեղծման համար: «Այսօր Եվրոպայի անվտանգության համակարգը ձախողման եզրին է: Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է վերանայվի: Ես ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ընդհարման համար պատճառներ չեմ տեսնում: Մենք պատրաստ ենք միավորել մեր ջանքերը: Երկու կառույցներն էլ զբաղվում են անվտանգության խնդիրներով, ինչպիսիք են պայքարը ահաբեկչության, թմրադեղերի ապօրինի առքուվաճառքի եւ ապօրինի գաղթի դեմ: Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ն ձգտել է ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության, բայց, ցավոք, Ալյանսը դեռ պատրաստ է չէ մեզ հետ երկխոսության»,- նկատել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բրյուսելում: Այդ կապակցությամբ հետաքրքիր է, որ Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի հրամանատարության ռազմական կառույցներ դրական է ընդունվում Մոսկվայի կողմից: Ռուսական ԶԼՄ հաղորդմամբ, Նիկոլյա Սարկոզին նախապես զգուշացրել է Կրեմլին իր մտադրությունների մասին:

Մի խոսքով, բոլորը գոհ են եւ առաջին հերթին` Սարկոզին: Ի՞նչ կհաջորդի դրան: Ֆրանսիան միշտ փորձել է առաջին ջութակը նվագել եվրոպական նվագախմբում, եւ ՆԱՏՕ-ն նույնպես: Տարվա սկզբին Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը հայտնեց, որ «եթե ՆԱՏՕ-ն չկարողանա գլուխ հանել հրատապ կետերում կարգուկանոնի սահման գործից, դա կարող են անել եվրոպական միացյալ ուժերը»: Ճիշտ է, դիվանագետը չճշտեց ո'չ ուժերի ձեւաչափը, ո'չ հրամանատարությունն իր վրա վերցրած երկիրը: Ամենայն հավանականությամբ, Սմեսսովը նկատի ուներ Ֆրանսիան...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---