Ի՞նչ են մտադիր անել Օբաման եւ Մեդվեդեւը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այսօր մենք ունենք միայն մեկ իսկապես լուրջ խնդիր` ԼՂՀ կարգավիճակը

ԱՄՆ նախագահի առաջիկա այցը Մոսկվա կարելի է նշանակալի համարել. ե'ւ Բարաք Օբաման ե'ւ Դմիտրի Մեդվեդեւը ներկայացնում են գործնական քաղաքական գործիչների նոր սերունդ, որոնք ծանրաբեռնված չեն անցյալի բեռով եւ ներկայացնում են աշխարհի մասին իրենց պատկերացումը: Այդ պատկերացումն առաջին հայացքից կարող է անսպասելի թվալ ավագ սերնդի քաղաքական գործիչների մեծամասնության` Բժեզինսկու, Օլբրայթի, Թեթչերի, Քարթերի համար, եւ դա կարող է լինել ոչ այլ ինչ, քան որոշ առումով «ծանրաբեռնված» Յալթայի պայմանավորվածություններ:
PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ աշխարհում տիրող ողջ համակարգը, ամբողջ կմախքը կարող է մնալ այն, ինչ 60 տարի առաջ էր, փոխվում են միայն քաղաքական վեկտորները: Եթե Չերչիլի «Ֆուլտոնյան հանդիպումից» հետո առաջնային տարածաշրջաններ էին Արեւելյան Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը, ապա հիմա կենտրոնը տեղափոխվել է Կովկաս եւ Կենտրոնական Ասիա: Ավելին, մոտ ժամանակները, հաշվի առնելով Կովկասի նշանակությունը տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար, կարող է X ժամ լինել տարածաշրջանի համար, որի ապագան կարող է կախված լինել նրանից, թե ինչի մասին են պայմանավորվելու Մեդվեդեւը եւ Օբաման: Հասկանալի է, որ այդ պայքարում դիրքերը զիջել ոչ ոք չի ցանկանում, խնդիրը միայն ազդեցության ոլորտները բաժանելու մեջ է: Բայց կա եւս մեկ խաղացող, որի մասին անհրաժեշտ է հիշել` Եվրոպան, ավելի ճիշտ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը շատ է ուզում ցույց տալ, որ առանց Եվրամիության ցանկացած նախաձեռնություն տարածաշրջանում եթե ձախողման դատապարտված չէ, ապա չի էլ կարող հաջողակ լինել: Հենց դա էր փորձում ապացուցել Սարկոզին անցյալ տարի, երբ ներկայացնում էր վրաց-օսեթական հակամարտության կարգավորման պլանը: Ի միջի այլոց, դա նրա մոտ ստացվեց: Ահա եւ այժմ նա պատրաստվում է ժամանել Մոսկվա, որպեսզի մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին: Նշենք, որ ավելի վաղ տեղեկատվություն է եղել այն մասին, որ հունիսի կեսերին Սարկոզին պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի երկրներ:


Եթե հավատալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը «հուլիսին Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին», ապա համոզված կարելի է ասել, որ Մոսկվայի բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա ճնշում են գործադրելու համանախագահ-երկրներն ի դեմս նրանց նախագահների: Եվ ո՞ւմ են բաժին ընկնելու խաղաղապահի դափնիները: Բայց դա ակնհայտորեն Սարկոզին չի լինելու, թեեւ բացառված չէ, որ ԵՄ դիրքորոշումը կարող է հաշվի առնվել եւ օգտագործվել բանակցող կողմերից մեկի կողմից որպես հակակշիռ: Եթե որոշում ընդունվի Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի մակարդակով, ապա արդեն միեւնույն է, թե ով այն կհնչեցնի:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այսօր մենք ունենք միայն մեկ իսկապես լուրջ խնդիր` ԼՂՀ կարգավիճակը: Բոլոր մնացած «հիմնարար սկզբունքները» եւ Մադրիդյան առաջարկները հիմնված են հենց դրա վրա: Եւ, բնական է, հենց անկախ Ղարաբաղի կարգավիճակը ձեռնտու չէ Բաքվին: Մեծ հաշվով, Իլհամ Ալիեւին Ղարաբաղը հարկավոր է ներքին խնդիրների լուծման համար, եւ այդ մասին բազմիցս խոսվել է: Դա նույնն է, ինչ պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում. արաբական առաջնորդներն ամեն ինչում մեղադրում են «փոխզիջման գնալու Իսրայելի չկամությունը, որպեսզի սեփական բնակչությունը հեռու պահի չքավորությունից եւ ռադիկալիզմից: Այնպես որ Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարությունները պարզապես հայտարարություններ են: Օբամային եւ Մեդվեդեւին հարկավոր է մի տարածաշրջան, որն իր էներգոռեսուրսները կուղղի այն ճանապարհներով, որոնք նրանց համար կընտրեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, նավթա- եւ գազարտադրող երկրների կարծիքը ոչ ոք չի հարցնելու: Իսկ առայժմ պարզագույն է սակարկություն է ընթանում` ով ավելի շատ կվճարի: Իրանն առաջարկել է ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրից արտահանվող ողջ բնական գազը գնել ընդունելի գներով, Չինաստանը Թուրքմենստանին $3 միլիարդ է առաջարկել գազի մշակման եւ գնման համար, էլ չենք ասում «Գազպրոմի» մասին, որը որտեղ պատահի գազ է գնում, անգամ Ալժիրում եւ Լիվիայում: Բայց նախ եւ առաջ պետք է լուծել հակամարտությունները, որպեսզի ապահովվի գազատարների անվտանգությունը. լինի դա Nabucco-ն կամ մեկ ուրիշ նախագիծ: Ավելին, հարկավոր է լուծել նաեւ հայ-թուրքական խնդիրը` ելնելով անվտանգության նույն այդ տրամաբանությունից:

Բայց մինչեւ նախագահների հանդիպումը դեռ մի ամիս կա, որի ընթացքում կկայանան Իրանի նախագահի ընտրությունները: Այն բանից, թե ով կդառնա տարածաշրջանում ԱՄՆ-ից անկախ գրեթե միակ պետության նոր ղեկավարը, շատ բան է կախված: Եթե մնա Մահմուդ Ահմադինեջադը, ապա տարածաշրջանը նույնքան անհանգիստ կլինի, որքան նախկինում: Ճիշտ է, Մուսավիի հաղթանակի դեպքում նույնպես չի կարելի որեւէ բան կանխագուշակել. Իրանի բարձրագույն հոգեւոր իշխանությունը պատկանում է այաթոլլահ Համենեիին եւ առանց նրա օրհնության ոչինչ չի կարող լինել:

Ճիշտ է, կա նաեւ թուրքական գործոնը, որը չի կարելի արհամարել: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Վաշինգտոն ցույց տվեց, որ Անկարան չի պատրաստվում դիտորդի դերում մնալ Կովկասում ազդեցության գոտիների բաժանման ժամանակ: Անկարան ոչ միայն համառորեն ձգտում է մասնակցել Մերձավոր Արեւելքում իրերի դրության կարգավորմանը, ինչը նրան դեռեւս չի հաջողվում, այլեւ իր դերը խաղալ ԵԱՀԿ ՄԽ-ում, որտեղ նրան չեն թողնում: Դեռեւս չեն թողնում: Բայց եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներին իսկապես ձանձրացնի հակամարտության կողմերին հաշտեցնելը, նրանք կարող են օգնության կանչել Թուրքիային: Թե ինչպես դա կանդրադառնա Հայաստանի եւ ԼՂՀ համար, բացատրել, հավանաբար, պետք չէ:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---