Մոսկվան եւ Անկարան պայմանավորվում են South Stream նախագծի շուրջ

Գազային եւ նավթային նախագծերը Թուրքիայի համար կապահովեն կարեւոր աշխարհաքաղաքական եկամուտներ, եւ դրանց շնորհիվ երկիրն աշխարհում ձայնի իրավունք կստանա նավթի եւ բնական գազի մատակարարման հարցերում

Անկարայում Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցություններում գլխավորը էներգետիկայի թեման է, իսկ ավելի ճիշտ` նավթի եւ գազի փոխադրման հարցը Եվրոպա: Թուրքիան հաջող աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ փոխադրող երկիր է հանդիսանում, որն ընդ որում կարող է կամ առնվազն փորձում է թելադրել իր պայմանները:

PanARMENIAN.Net - Արդյոք այդ պայմաններն ընդունվում են, թե ոչ, արդեն այնքան էլ կարեւոր հարց չէ, քանի որ վերջնական արդյունքում Եվրոպային գազ է հարկավոր, Ռուսաստանին` Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմից հետո որոշակիորեն թուլացած տարածաշրջանում ճնշման եւ որոշակի քաղաքական հսկողություն պահպանելու լծակներ: Մինչդեռ Թուրքիան, որ կարծեմ թե համարվում է ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը, կարող է որոշ չափով փոխել իր կողմնորոշումը եւ գրեթե նույն սկզբունքներոբ կառուցել իր հարաբերությունները Մոսկվայի հետ: Ճիշտ է, այստեղ կա մի նրբություն. քանի դեռ Իրաքում կան ամերիկյան զորքեր, ԱՄՆ-ն կախված է Անկարայից, որը դրանից հաջողությամբ օգտվում է: Ռուսաստանը նման խնդիրներ չունի, եւ Անկարան այդ դեպքում շանտաժի համար փաստարկներ գրեթե չունի: Ճիշտ է, կա մի խնդիր, որն անպայման կքննարկվի բանակցությունների ժամանակ` հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հետ միասին: Եւ այստեղ Ռուսաստանի վարքը կարող է կամ մերձեցնել հին խնդիրների լուծումը, կամ էլ դրանք վերջնական փակուղի մտցնել: Իմանալով ռուսական արտաքին քաղաքականության համառությունը եւ հավատարմությունը դիվանագիտության խորհրդային դպրոցին, որը հայտնի էր խնդրի «տարուբերմամբ», երկրորդ տարբերակն ավելի կանխատեսելի է:

Այդ կապակցությամբ հարկ է նշել ադրբեջանական քաղաքագետների բավական տարօրինակ արձագանքը Պուտինի այցի հանդեպ: Բաքվի վարկածով, Պուտինը Անկարայից հետո քիչ է մնալու հրամայի Հայաստանին վերադարձնել ԼՂՀ մերձակա ազատագրված տարածքները եւ մոռանալ Հայոց ցեղասպանության մասին: Հասկանալի է, որ հենց նման տարբերակը շատ ձեռնտու է Բաքվին, բայց դեռեւս պարզ չէ, թե արդյոք այն ձեռք է տալիս Թուրքիային: Հայաստանի հարցում ամեն ինչ պարզ է. եթե խորհրդային իշխանությունը չկարողացավ ստիպել խոսել Հայոց ցեղասպանության մասին, ապա ներկայիս ռուսական իշխանությունը` առավել եւս: Նույնը վերաբերում է նաեւ ղարաբաղյան կարգավորմանը: Ապշեցուցիչ է. Բաքվի քաղաքագետները սկզբում «կանխատեսումներ» են անում, իսկ հետո անգամ չեն բացատրում, թե ինչու այդ «կանխատեսումները» չիրականացան: Անհասկանալի է նաեւ ռուս վարչապետի` Անկարա այցելելուց առաջացած էյֆորիան: Այժմ ՌԴ համար գլխավորը ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը պահպանելն է, իսկ մնացած բոլոր հարցերը կարելի է լուծել կամ չլուծել, ինչպես կստացվի խողովակաշարարերի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո:

Իսկ առայժմ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվում են South Stream նախագծի շուրջ, որը Nabucco-ի ուժեղ մրցակիցն է լինելու: Արդյո՞ք Պուտինը կկարողանա Էրդողանին համոզել եւ ի՞նչ նա կառաջարկի որպես հատուցում` ահա թե ինչում է կայանում այցի խարդավանքը: Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը այդ վեճում չեն կարող փոխանակման խաղաթղթեր լինել անլրջության պատճառով: Պուտինը շատ լավ գիտի Բաքվի ածխաջրածինների ծավալները եւ Կասպիայի շուրջ վեճը: Ավելին, անգամ կարելի է ենթադրել, որ եթե Թուրքմենստանն իսկապես միջազգային դատարան դիմի Ադրբեջանի կողմից Կասպիայի հանքավայրերի զավթման կապակցությամբ, Ռուսաստանն ավելի շուտ կօժանդակի Աշխաբադին:

Ճիշտ է, թուրքական իշխանություններն արդեն համաձայնություն են տվել Սեւ ծովի իրենց տարածքային ջրերում գազատարի շինարարությանը, բայց South Stream-ը պետք է անցնի նաեւ Ուկրաինայի տարածքային ջրերով, որի համաձայնությունը ստանալը, մեղմ ասած, դժվար է լինելու: Օրակարգում է նաեւ «Երկնագույն հոսք-2» նախագիծը: Թուրք փորձագետների կարծիքով, գազային եւ նավթային նախագծերը Թուրքիայի համար կապահովեն կարեւոր աշխարհաքաղաքական եկամուտներ, եւ դրանց շնորհիվ երկիրն աշխարհում ձայնի իրավունք կստանա նավթի եւ բնական գազի մատակարարման հարցերում:

Թուրքիան եւ Ռուսաստանը կստորագրեն նաեւ խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու մասին արձանագրություն: Միջերկրական ծովի ափին գտնվող Մերսին քաղաքում առաջին թուրքական ատոմակայանի շինարարության տենդերը ռուսական ընկերություները շահեցին 2008թ. սեպտեմբերին: Նախագիծը ենթադրում է ավելի քան մեկ գիգավատտ հզորությամբ չորս բլոկերի կառուցում, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի 2015թ.: Սակայն մինչ օրս նախագծի ֆինանսավորման մասին պայմանավորածություն չկա: Քսան միլիարդ դոլարից յոթը արդեն կա, մնացածը հարկ կլինի «հավաքել շուկայից»:

Եւս մեկ կարեւոր նախագիծ է օրական մոտ 1,5 միլիոն բարել հզորությամբ խողովակաշարը` թուրքական սեւծովյան Սամսուն նավահանգստից նավթը թուրքական միջերկրածովյան ափին գտնվող Ջեյհան փոխադրելու համար: Խողովակաշարի շինարարությունը, որով նավթը Թուրքիայից մատակարարվելու է եվրոպական շուկա, թույլ կտա շրջանցել Բոսֆորի եւ Դարդանելի գերծանրաբեռնված նեղուցները եւ զգալիորեն կթեթեւացնի ռուսական նավթի փոխադրումը: Թուրքական իշխանությունները նախկինում բազմիցս հրավիրել են Ռուսաստանին մասնակցելու այդ նախագծին: նախագծի իրականացումը երկու տարի առաջ սկսել են իտալական եւ թուրքական ընկերությունները: Հենց այդ պատճառով էլ բանակցություններին մասնակցում է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին:

Կառինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---