Ո՞ւմ պետք չէ պատերազմ Ղարաբաղում

Պատերազմը կարող է իրական դառնալ, որովհետև հանգիստ Հարավային Կովկաս ոչ մեկին պետք չէ, առաջին հերթին` ԱՄՆ-ին և Ռուսաստանին

Ղարաբաղում տեղի ունեցած վերջին դեպքերը հաստատեցին մի շատ կարևոր բան, ավելի ճիշտ` ճշմարտություն. միջազգային հանրությանը չեն հետաքրքրում հետխորհրդային տարածքում տեղի ունեցող հակամարտությունները և բարձրաձայն հռչակագրերից և «դապատարտումներից» բացի ոչինչ չի արվում: Չի արվի նաև հակամարտության «թեժացման» դեպքում: Գերտերությունները, այս դեպքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմիջամտեն միայն այն դեպքում, երբ վտանգվեն նրանց անձնական շահերն այս կամ այն տարածաշրջանում:

PanARMENIAN.Net - Այս դեպքում դրա վառ ապացույցը դարձան Օշում տեղի ունեցած դեպքերը, որոնք, վերոնշյալի համաձայն, ոչ մեկին չեն հետաքրքրում: Ճիշտ է, «Մանաս» ռազմակայանը հարկավոր է զորքերը և բեռներն Աֆղանստան հասցնելու համար, բայց չէ որ դա միակ ուղին չէ, և դրա հաստատումը մենք տեսանք նախօրեին, երբ լեհական Սեյմի մարշալ, Լեհաստանի նախագահի թեկնածուն Աֆղաստան մեկնեց Հայաստանի տարածքով: Նույն հաջողությամբ կարելի է հասնել Քաբուլ Ադրբեջանի տարածքով: Այնպես որ Ղրղզստանի գրավչությունն այս դեպքում հավասար է զրոյի: Իսկ եթե դա այդպես է, ապա ոչ ոք չի միջամտելու ղրղզա-ուզբեկական հակամարտությանը: Նշենք նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Ղազախստան իբր ազգամիջյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար: Դավութօղլուն և Սաուդաբաևը, չգիտես ինչու, որոշեցին քննարկել նաև ղարաբաղյան հակամարտությունը, որը, վերջին հաշվով, այդ երկրներից ոչ մեկի գործը չէ: Սակայն Ղազախստանի ԱԳՆ-ն որպես ԵՀԱԿ գործող համանախագահ կարծում է, որ ինքը պետք է միջամտի բոլոր հակամարտություններին: Այսինքն միջամտի այն չափով, որքանով թույլ կտան գերտերությունները:

Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա համանախագահները կրկին հանդես են եկել հայտարարությամբ, որի տեքստն արդեն մի քանի տարի անփոփոխ է մնում: Այսինքն, ինչպես միշտ, նրանք լուրջ մտահոգություն են հայտնել հակամարտության գոտում ուժի կիրառման և զոհերի առթիվ: «Նման միջադեպերը 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի խախտում են և հակասում են կողմերի հավաստմանը ուժ չկիրառելու կամ ուժ կիրառման սպառնալիքներից հրաժարվելու մասին»: Ի դեպ, «անընդունելի» տերմինը միջազգային փորձում նշանակում է. ցավոք սրտի, մենք ոչինչ անել չենք կարող և համաձայն ենք ամեն ինչի հետ… Բնականաբար, համանախագահները կոչ են անում կողմերին զսպվածություն հանդես բերել իրենց գործողություններում և հրապարակային հայտարարություններում ու պատրաստել իրենց հասարակություններին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, ընդգծելով, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, պատերազմը չի կարող լուծում լինել: «Մենք կոչ ենք անում համագործակցել ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի հետ և այնպիսի քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խոչընդոտել հակամարտության գոտում իրավիճակի դիտարկմանը»: Միջնորդները պետք է հայտարարությամբ հանդես գան, դրա հետ ոչ ոք չի վիճում: Բայց ոչ թե անզոր և անպիտան, ինչպես նախորդները: Կարելի էր հանուն արդարության անվանել միջադեպի մեղավորին, որպեսզի Բաքուն հերթական անգամ ամեն ինչում չմեղադրեր ղարաբաղյան կողմին: Բայց միջնորդները հերթական անգամ որոշել են, ըստ իրենց, «կրակի վրա յուղ չլցնել»: Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, ապա մեղքի մեծ բաժինը կընկնի ԵԱՀԿ ՄԽ վրա, որն իր հայտարարություններով և «մաքոքային դիվանագիտությամբ» երբեք ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկել բռնություն կիրառելու մեջ: Իսկ պատերազմը կարող է իրական դառնալ, որովհետև խաղաղ Հարավային Կովկաս ոչ մեկին պետք չէ, առաջին հերթին` ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Խաղաղության մասին հայտարարություններն այդքան էլ չեն ոգեշնչում: Իսկ Իլհամ Ալիևին բաժին կընկնի՞ արդյոք Միխայիլ Սահակշվիլու ճակատագիրը` դեռ պարզ չէ: Հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի «սադրանքների» և արժանի հակահարված տա դիվերսանտների գրոհներին: Հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը սադրանք չէ, այլ հստակ պլանավորված օպերացիա: Ուղղակի Բաքուն, ինչպես միշտ, չէր հաշվարկել իր ուժերը` չգիտես ինչու հուսալով, որ առաջին կրակոցի դեպքում ղարաբաղյան կողմը կհանձնվի:

Այս պատմության մեջ դեռ շատ մութ կողմեր կան. գիտե՞ր արդյոք Դմիտրի Մեդվեդևը, թե ինչ է պատարստում Ալիևը բանակցությունները վերջնականապես ձախողելու համար, թե ոչ: Թեև դրան հետևած «Գազպրոմի» առաջարկը 2 մլրդ խ/մ ադրբեջանական գազ գնելու մասին պետք է զգոնացնի հայկական կողմին: Խոսել Ադրբեջանում «Գազպրոմի» գործունեության ծավալելու մասին դեռ վաղ է, բայց, հաշվի առնելով ընկերության աղետալի վիճակը Deepwater Horizon-ում տեղի ունեցած վթարից հետո և հսկայան տուգանքները, կարելի է ենթադրել, որ նման բան հնարավոր է: Հենց այնպես չէ, որ Ադրբեջանն աստիճանաբար նավթի մատակարարումից անցում է կատարում գազի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---