Սերգեյ Մինասյան.

Թբիլիսիի կողմից ջավախահայության հանդեպ ճնշման ուժգնացումը հակառակ ազդեցությունը կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանի համար Վրաստանը միակ ելքն է դեպի ծով եւ այդ պատճառով հայ-վրացական հարաբերությունների հարցը մշտապես գտնվում է երկու երկրների քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Հարաբերությունները դյուրին չեն դասավորվում` Վրաստանի մասնակցությունը Հայաստանը շրջանցող հաղորդակցային եւ էներգետիկ նախագծերին հարցականի տակ է դնում երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Մեծ խնդիր է նաեւ Ջավախքի հարցը: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանի հայ համայնքը եւ կարող է արդյոք այն ինչ-որ կերպ ազդել երկրի ներքաղաքական իրավիճակի վրա:

Թբիլիսիի հայ համայնքը ոչ մի քաղաքական ուժ չունի, մշակութային տեսակետից նույնպես: Դա երեկ չի սկսվել, այլ դեռեւս 1918-20թթ., երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Երկրորդ փուլը 30-40-ական թվականներն էին, երբ Խորհրդային Հայաստանի գոյությունը նպաստում էր հայերի արտահոսքին Թբիլիսիից եւ, վերջապես, երրորդ փուլը` 50-80-ական թվականները, որոնց ավարտը նշանավորվեցին Վրաստանում քաղաքացիական պատերազմով, որն էլ հայերի զանգվածային արտահոսքի պատճառ հանդիսացավ: Ներկայումս Թբիլիսիի հայ համայնքը տարբեր գնահատականներով 90-140 հազար է: Բնականաբար, առանց Ջավախքի:

Ստացվում է, որ հայ համայնքը չի՞ կարող կասեցնել նույնիսկ Թբիլիսիի հայկական թաղամասերի, մասնավորապես, Հավլաբարի, քանդումը:

Հավլաբարի խնդիրն այն է, որ դա վերակառուցման ենթակա պատմական շրջան է: Այն բանից հետո, երբ պատմական Թբիլիսիի մի մասը` Վակեն, Սաբուրթալոն, Սոլոլակը վերակառուցվեցին, եկավ Հավլաբարի հերթը: Իհարկե, ինչ-որ քաղաքական աստառ այստեղ կա, սակայն իրականում դա ուրբանիզացիայի հետեւանք է: Օրինակների համար պետք չէ հեռու գնալ` Հյուսիսային պողոտան Երեւանում: Պատկերացրեք միայն, եթե քանդման ենթակա տներում բնակվեին ռուսներ, ինչ աղմուկ կբարձրանար:..Եվ հետո, որքան գիտեմ, հայերին փողոց չեն շպրտում: Այլ բան է, որ դա պատմական թաղամաս է, որտեղ միշտ հայեր են բնակվել, սակայն աղքատ հայեր, եւ տներն էլ այնտեղ համապաստախանաբար այդպիսին են, ինչը չես ասի Թբիլիսիի հայաբնակ այլ թաղամասերի մասին: Ճիշտ է, Հավլաբարը Թբիլիսիի դեմքն է, սակայն շատ անհրապույր...

Վրաստանն ամեն կերպ Եվրոպա է ձգտում, սակայն չի կատարում ազգային փոքրամասնությունների մասով իր ստանձնած պարտավորությունները:

Վաղ թե ուշ Վրաստանը պետք է որոշակի դարձնի իր դիրքորոշումը Ջավախի հարցում: Եթե նա իրոք ցանկանում է եվրոպական երկիր դառնալ, ապա պետք է կատարի Եվրոպայի Խորհրդի եւ Եվրամիության բոլոր պահանջները: Իսկ ազգային փոքրամասնությունների հարցը գլխավորն է: ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից ճնշումը Վրաստանի վրա այս հարցում շատ ավելի ուժեղ է, քան Հայաստանի կողմից: Նույնիսկ եթե Հայաստանն այս հարցում մի կողմ քաշվի, Ջավախքի խնդիրը չի անհետանա: Ռուսական ռազմակայանը շանտաժի լծակ էր, իսկ այժմ Վրաստանը դա էլ չունի: Բնականաբար, տարածաշրջանի ռազմավարական գործընկերները Հայաստանն ու Վրաստանն են: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նրան կապում են զուտ հաղորդակցային եւ էներգետիկ հարցերը: Վրաստանում հայ համայնքին շատ լուրջ են վերաբերվում, ի տարբերություն ադրբեջանական համայնքի: Մինչ 19-րդ դարի կեսերը Հայ Առաքելական եկեղեցուն այս կամ այն եկեղեցու պատկանելության հարց ընդհանրապես չի եղել: Ամեն ինչ սկսվեց Ռուսաստանին Հայաստանի եւ Վրաստանի միացումից հետո: Հայոց եկեղեցիների «վրացականացում» կա, բայց ոչ այն մասշտաբներով, ինչ ասվում է: Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծի ՀԱԵ-ն: Ինչ վերաբերում է հայկական գերեզմանոցների ավերմանը, ապա այդ գործընթացը սկսվել է դեռեւս 20 դարի 30-ական թվականներին, երբ քանդվեց Խոջիվանքը, եւ շարունակվում է մինչ օրս:

Գաղտնիք չէ, որ Ջավախքի հարցը ամենցավագինն է հայ-վրացական հարաբերություններում: Ըստ Ձեզ, ի՞նչ է սպասում մեր տարածաշրջանին:

Կարեւոր է, որ Սամցխե-Ջավախքի տարածքը հայերի կոմպակտ բնակության վայր է: Նրանց քանակն Ախալքալաքում հասնում է 90 տոկոսի, իսկ ընդամենն տարածաշրջանում` 55-60 տոկոսի: Տեղին է նշել, որ Վրաստանին միշտ են անհանգստացրել ջավախահայության «անջատողական» տրամադրությունները, որոնք չեն ընկալում Վրաստանը որպես իրենց հայրենիք: Դա վերաբերում է լեզվին, կրթությանը, մշակույթին: Վրաստանը փորձում է փոխել ժողովրդագրական իրավիճակը տարածաշրջանում, սակայն չի կարող դա անել: Մեսխեթցի թուրքերի, իսկ փաստացի ողջ մահմեդական բնակչության արտաքսումը 1944թ. արմատապես փոխեց Ջավախքի ժողովրդագրական իրավիճակը: Վրացական ԽՍՀ կառավարությունը առաջին իսկ ետպատերազմյան տարիներից սկսեց լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել, ուղղված այդ մարզի բնակեցմանը Վրաստանի ներքին շրջանների բնակիչներով` նպատակ ունենալով նվազեցնել հայ բնակչության գերակայությունն այդ տարածաշրջանում: Ընդ որում հարկ է նշել, որ Ջավախքի հայ բնակչության թվաքանակը, չնայած ծնելիության ավանադաբար բարձր մակարդակին (ամենաբարձրը աշխարհի հայերի շրջանում), գործնականում փոփոխություն չկրեց:

1990-ականների կեսերին Վրաստանի նախագահի հրամանագրով ստեղծվեց Սամցխե Ջավախքի շրջան վարչա-տարածքային միավորը, ուր մտավ նաեւ Բորժոմի շրջանը (1990 թթ. բնակչությունը կազմում էր 33,3 հազար մարդ, որից հայ էին ընդամենը 10 տոկոսը): Ըստ Վրաստանի Սահմանադրության, որն ընդունվեց 1995թ. օգոստոսի 24-ին, վարչա-տարածքային բաժանումը կորոշվի միայն ողջ պետության տարածքում Վրաստանի իրավասության վերականգնումից հետո (հոդված 2, դրույթ 3): Մինչ աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորումը վարչական կառավարումն իրականացվում է ըստ 1994 թ. թիվ 237 հրամանագրի, ըստ որի պետության ղեկավարը սահմանել է «ռծմունեբելիների» ինստիտուտը (նախագահների լիազորները մարզերում): Սակայն նախագահների տարածաշրջանային լիազորների ինստիոտւտը, որոնց նաեւ անվանում են նահանգապետներ, Սամցխե-Ջավախքում, ինչպես եւ ողջ Վրաստանում, չունի համապատասխան օրենսդրական հիմնք: Ըստ էության, այդ ինստիտուտը սահմանադրական չէ եւ հիշատակվում է միայն իրավանորմատիվ փաստաթղթերում միայն 1998թվականից առանց համապատասխան իրավական հիմնավորման: Բացի այդ, Վրաստանի Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում երկրի վարչա-տարածքային բաժանման մասին, ուստի եւ չկա գործառույթների հստակ տարանջատում լիազոր եւ շրջանային իշխանությունների միջեւ: Հայ բնակչությանը մտահոգում է այն, որ նրա ճակատագիրը փաստորեն կախված է նրանից, որ Վրաստանը հստակորեն չի լուծել իր խնդիրները իր նախկին ինքնավարությունների հետ: Առավել եւս, որ այդ վարչա-տարածքային միավորը փաստորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, որը չի նախատեսում երկրում նման տարածքային բաժանում: Միաժամանակ Վրաստանի ներքին անկայունության պատճառով հանրապետությունից մեկնել է ռուս եւ ռուսալեզու բնակչության մեծամասնությունը, այդ թվում նաեւ կրոնական փոքրամասնությունները` մոլոկանները եւ դուխոբորները, որոնք կոմպակտ բնակվում էին Ախալքալաքում եւ Նինոծմինդայում: Նրանց մեծ մասը 1990-ական թթ. արտագաղթեց Ռուսաստան, իսկ մյուսը` Կանադա: Ավելի քան 3 հազար դուխոբորներից, որոնք բնակվում էին Ջավախքի 5 գյուղերում, այժմ մնացել է մեկ երրորդը: Մեկնող դուխոբորների բնակֆոնդի գնման գործընթացին ակտիվորեն միջամտում է վրացական «Մերաբ Կոստավայի հիմնադրամը» եւ «Ջավախքի վերածնունդ» կազմակերպությունը, որը կյանքի է կոչում Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի դրույթը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վրացաբնակ բուֆերի ստեղծման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, փորձ կատարվեց ստեղծել սվանների մի քանի գյուղեր, իսկ ավելի ուշ Վրաստանի կառավարությունը դուխոբորների Սպասովկա գյուղում վերաբնակեցրեց սողաքներից տուժած աջարների` Աջարիայի լեռնային շրջաններից: Եվ ամենակարեւորը` որքան շատ լինի ճնշումը հայերի վրա, այնքան վատ: Թբիլիսիի ճնշումը հակառակ ազդեցությունը կունենա:
---