ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՆՄԱՆ ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՀԵՏ ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ

PanARMENIAN.Net - «90 տարի առաջ կատարվել է 20 դարի ամենահրեշավոր հանցագործություններից մեկը` Թուրքիայի հայ բնակչության սառնասիրտ ոչնչացումը: Հայերի բռնագաղթը եւ զանգվածային ոչնչացումը իրենց պատմական հայրենիքում սկսվել է դեռեւս 19 դարում սուլթանի ռեժիմի կողմից: Սակայն իր մասշտաբներով այդ ոճրագործությունները բազմակի անգամ զիջում էին «հեղափոխական»-երիտթուրքերի հանցագործություններին: Ցինիկ որոշումները հայ ժողովրդի ոչնչացման մասին ընդունվել են կառավարության կողմից Ստամբուլում: Դրա իրագործմանը մասնակցել են փլուզվող ֆեոդալական հանրության թուրքական կանոնավոր բանակը, ոստիկանությունը, կողոպտիչների եւ մարդասպանների հրոսակախմբերը: Ոճրագործությունների զոհ են դարձել 1,5 մլն հայեր, գերազանցապես կանայք, մանուկներ եւ ծերունիներ: Հարյուր հազարավոր մարդիկ, արտաքսված հայրենի բնակավայրերից, ստիպված էին ապաստան փնտրել այլ երկրներում»: Այդ մասին ասվում է «Յաբլոկոի»Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Եվրոպական պետությունների կառավարությունները ոչ մի ջանք չգործադրեցին կասեցնելու համար ջարդը: Պատերազմող երկրների հասարակական կարծիքը նույնիսկ չնկատեց դա: Նույնիսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերի դեմ գործած հանցանքները չդատապարտվեցին, չդարձան հանրության գիտակցության եւ մեղանչելու առարկա ոչ Թուրքիայում, ոչ Եվրոպայում: Իրար հաջորդող ազգայնականների կառավարությունները քիչ ջանք չեն գործադրել լռության մատնելու եւ կեղծելու համար պատմական փաստերը: 1918-21թթ.թուրք «հեղափոխականների» հաջորդ խմբակցությունը փորձեց ընդհանրապես աշխարհի երեսից ջնջել Հայաստանը: Իսկ 1921թ. Լենինի կառավարությունը համաձայնվեց Անտանտայի իմպերիալիստների դեմ պայքարում իրենց դաշնակիցների կողմից հայերից «մաքրված» հողերի առգրավմանը: Նման մասշտաբի եւ լկտիության հանցագործությունները պատմության մեջ անհետ չեն անցնում: Դրանցից տառապում են ոչ միայն անմիջական զոհերը; Դրանք հանում են արգելքները, առանց որոնց մարդկային հանրությունը չի կարող գոյատեւել: Հայոց ցեղասպանությունը ճանապարհ բացեց 20 դարի ամենահրեշավոր հանցագործությունների համար: Դրան հետեւեց հիտլերականների կազմակերպած Հոլոքոսթը, «մեղավոր» ժողովուրդների ստալինյան բռնագաղթը եւ լեհական բանակի վերնախավի եւ մտավորականության ոչնչացումը Կատինում եւ այլուր, մարդկանց զանգվածային ոչնչացումները Կամբողջայում, Ռուանդայում, էթնիկ «զտումները» Հարավսլավիայում... «Յաբլոկո» ՌԺԿ-ն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդի հետ: Մենք մեր գլուխներն ենք խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Մենք համոզված ենք, որ ցանկացած երկրի իշխանությունները, որոնք ցեղասպանություն են իրագործում, ինչով էլ պայմանավորված լինի դա, հանցագործություն են կատարում: Միայն վճռական կերպով կասեցնելով նման հանցագործությունների տարածումը , միջազգային հանրությունը կարող է իրեն կայացած համարել, պաշտպանել մեր ընդհանուր մոլորակի ապագան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---