ՅՈՒ. ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - «Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե բանակցային գործընթացի երկու տարրերը համաձայնեցված են, ճիշտ է: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, ապա, ես կարծում եմ, որ դա արվել է փոխզիջումային հիմքի վրա»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Այն հարցին, թե «կարող են այդ համաձայնությունները հաստատվել նախագահների կողմից», Մերզլյակովն ասել է.«Եթե վերջնականապես հաջողվի նախապատրաստել երկու կողմերին գոհացնող ձեւակերպումներ, ապա ես կարծում եմ, որ նման պայմանավորվածությունը հնարավոր է»: Սակայն միեւնույն ժամանակ նա հրաժարվեց մեկնաբանել տարրերը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջիկա այցը Բաքու հայ-թուրքական հարաբերությունների վրա, եւ ինչպես դրանք կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ռուս համանախագահը ասել է.«Ես միշտ կարծել եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Թուրքիայի դիրքորոշումը մեծ նշանակություն ունի: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի իրավիճակի համար»: Նշենք, որ մեկնաբանելով Է.Մամեդյարովի արտահայտությունն այն մասին, թե փարիզյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվածության են հասել երկու հարցերի շուրջ, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մեկ հարցի շուրջ, եւ այն էլ ոչ լիարժեք է: «Կան մանրունքներ , որոնց շուրջ տարաձայնություններ կան, սակայն ես համոզված եմ, որ դրանք կլուծվեն եւ արդեն հնարավոր կլինի լուծել այլ հարցեր»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---