Եվրամիության հայտարարությունը Հայաստանում կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունում է Հայաստանի կառավարության դրական դերը սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ հավատում, որ Հայաստանի կառավարության կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների փաթեթը ճանապարհ կհարթի Հայաստանում ժողովրդավարության հզորացման համար: Այդ մասին ասվում է ԵՄ երկրների հայտարարության մեջ, որը հրապարակել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանում կայացած սահմանդրական հանրաքվեի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Այնուամենայնիվ, ԵՄ-ն մտահոգված է նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքում քվեաթերթիկների լցոնման ու քվեարկության մասնակցության տվյալների աղավաղման, տեղական դիտորդների նկատմամբ ահաբեկության կիրառման մասին հաղորդագրություններով: Նման գործողությունները կանխելում թերանալը կասկածի տակ է դնում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ գործընթացների թափանցիկությանը:



ԵՄ-ն ողջունում է Եվրոպական Խորհրդի դիտորդական խմբի ջանքերը եւ հղում է կատարում նոյեմբերի 28-ի նրանց հաղորդագրությանը: ԵՄ-ն խրախուսում է Հայաստանի կառավարությանը, հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին լրջորեն հաշվի առնել կեղծիքների մասին պնդումների ուղղությամբ մանրամասն հետաքննություն անցկացնելու Եվրոպական Խորհրդի դիտորդների առաջարկը եւ կոչ է անում Հայաստանի կառավարությանը հավաստիացնելու, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:



Ողջ ընտրական գործընթացի պատշաճ անցկացումը շատ կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական վարկանիշի համար` հատկապես նկատի ունենալով 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունները: Այս համատեքստում, ԵՄ-ն կողջուներ Հայաստանի Կառավարության որոշումը հրավիրելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտարկելու հանրաքվեն: ԵՄ-ն կողջուներ նաեւ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը հանրաքվեին եւ ափսոսանք է հայտնում ընտրական հանձնաժողովներից իրենց անդամներին հետ կանչելու նրանց որոշման կապակցությամբ: ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին ապահովելու, որ բոլոր հանրահավաքները շարունակեն կրել խաղաղ բնույթ»: Նշենք, որ ԵՄ հայտարարությանն են միացել նաեւ Բուլղարիան եւ Ռումինիան, որոնք գտնվում են Եվրամիությանը անդամակցելու ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---