Կանադայում սկսել է հրատարակվել «Ցեղասպանությունների ուսումնասիրումը եւ դրանց կանխարգելումը» հանդեսը

PanARMENIAN.Net - Ցեղասպանության հարցով զբաղվող Գիտնականների միջազգային ընկերակցությունը (ՑԳՄԸ) եւ Մարդու իրավունքների եւ ցեղասպանության հետազոտման միջազգային ինստիտուտը (ՄԻՑՀՄԻ) Տորոնտոյի համալսարանի հետ համատեղ հիմնել են միջազգային մակարդակի նոր ակադեմիական ամսագիր: Հանդեսը կկրի «Ցեղասպանությունների ուսումնասիրումը եւ դրանց կանխարգելումը» անվանումը, նշվում է «Զորյան» (Կանադա) ինստիտուտից ստացված հաղորդագրության մեջ: Հանդեսի առաքելությունն է հասկանալ ցեղասպանության բնույթը, արծարածել նրա գիտակցումը մարդկության կողմից եւ հորդորել բոլոր այն միջոցները, որոնք ուղղված են նրա կանխարգելմանը: Հանդեսում կհրապարակվի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության, Նամիբիայում, Կամբոջայում, Ռուսաստանում եւ այլուր կատարված ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը, որոնք XX դարի պատմության մեջ հայտնի են որպես «Ցեղասպանությունների դար»: Ըստ որոշ պատմաբանների, այդ ցեղասպանությունների զոհ է դարձել ընդհանուր առմամբ շուրջ 100 միլիոն մարդ: Հանդեսի խմբագրական կազմում են պրոֆեսորներ Հյուսիսային Արիզոնայից, Վիրջինիայից, Մինեսոտայից, Արկանզասից` քրեական իրավունքի, քաղաքագիտության, սոցիոլոգիայի մասնագետներ: ՑԳՄԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին մարդու իրավունքների խախտման եւ ցեղասպանությունների միջեւ առկա կապը առավել խորությամբ հետազոտելու համար: Ընկերակցությունը հավաքվում է 2 տարին մեկ անգամ: Անդամակցել կարող են բոլորը: ՄԻՑՀՄԻ-ն «Զորյան» ինստիտուտի մաս է կազմում, Տորոնտոյի համալսարանի հրատարակչությունը Կանադայի ամենամեծ եւ ամենահայտնի գիտական հրատարակչությունն է, որը հիմնադրվել է 1901 թ. եւ տարեկան հրատարակում է ակադեմիական մակարդակի 150 հետազոտություն եւ 35 պարբերական` քաղաքականության, տնտեսության, փիլիսոփայության, իրավագիտության, պատմագիտության եւ արվեստաբանության ոլորտներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---