Ղարաբաղյան հակամարտության կողմերը չեն կատարում ռազմական միջադեպերը հարթելու իրենց պարտավորությունները

PanARMENIAN.Net - Ըստ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերն անժամկետ պարտավորություններ են վերցրել շփման գծում առաջացող միջադեպերն արագ կարգավորելու, դրանց էսկալացիան եւ լարվածության աճ թույլ չտալու վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, կողմերը վաղուց չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները: «Մի պահ թույլ տանք, որ համաձայնագրի իրագործումը բացահայտեց նրա թերությունները, եւ այն ոչ այնքան արդյունավետ եղավ: Սակայն այդ դեպքում, եթե կա քաղաքական կամք եւ թանկ է շփման գծում տեղակայված զինծառայողների եւ խաղաղ բնակչության կյանքը, այս կամ այն կողմը կտեղեկացներ այդ մասին միջնորդներին, առաջարկներ կաներ, թե ինչպես լրամշակել, գուցե լրացնել համաձայնագիրը, դարձնելով այն առավել օգտակար: Սակայն գործը հանգեց դիտարկումների անցկացմանը, որոնք ընտրովի բնույթ են կրում, չեն կարող ապահովել ուղղակի շփումներ կողմերի միջեւ, ինչպես նաեւ` հսկողություն ԶՈՒ շփման գծում: Իսկ հազարավոր կյանքեր խլած միջադեպերը շարունակում են ավելացնել լարվածությունը եւ անվստահությունը կողմերի միջեւ»,-ընդգծել է Կազիմիրովը:



Ռուս դիվանագետը նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն հայտարարեց, թե պատրաստ է վերադառնալ ստանձնած պարտավորությունների կատարմանը, եթե նույնն անի ադրբեջանական կողմը: Նույն տեսակետը հայտնեց Լեռնային Ղարաբաղը եւ կրկնեց դա Բաքվին եւ Երեւանին ուղղված իր կոչում 2006 թվականի մայիսին: «Հենց Բաքուն է, որ համառորեն լռում է այդ հարցում, ընդ որում սա առաջին տարին չէ: Այժմ կցանկանայի հավատալ, որ Ադրբեջանի նախագահի արտահայտություններն այս հարցի շուրջ կառուցողական քայլերի կդրդեն այս հարցում: Հավանաբար, նախկինում Բաքվի բացասական մոտեցումը թելադրված էր հակամարտող կողմերի զինվորականների միջեւ ուղիղ շփումներին չաջակցելու ցանկությամբ, առավել եւս, որ մասնակիցների թվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղը: Արժե պայքարել «սկզբունքների» համաձայնեցման եւ կողմերի միջեւ պայմանագրի նախապատրաստման համար, եթե նրանք նույնքան «ճշգրիտ» պետք է լինեն դրանց իրագործման դեպքում, նույնպիսի քաղաքական «կամք» պետք է դրսեւորեն: Չէ որ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պնդում են, որ կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»,-նշում է ռուս դիվանագետը:



Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ առաջարկները Վլադիմիր Կազիմիրովն ուղղել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հեյդար Ալիեւին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին 1995 թվականի փետրվարի 3-ին: Կողմերի համաձայնությունն այդ առաջարկի վերաբերյալ ստացվել է 1995 թվականի փետրվարի 4-ին բոլոր հակամարտող կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---