Արամ I-ը շնորհակալություն է հայտնել Ժակ Շիրակին Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար

PanARMENIAN.Net - «Եվրոպան պարզապես աշխարհամաս չէ, կամ քաղաքական միավոր, դա մարդու իրավունքների վրա հիմնված մշակութային եւ բարոյական արժեքներին նվիրված մի համայնք է: Հետեւապես, ես հարցնում եմ. ո՞րն է Թուրքիայի տեղը եվրոպական ընտանիքում»,- ասել է Կիլիկիո Մեծ Տան Կաթողիկոս Արամ I-ը` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին հղած նամակում: Արամ I-ը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար:



«Ես հատուկ ուրախությամբ ողջունում եմ Ձեր կողմից Երեւանում կատարած հայտարարությունը Հայոց ցեղասպանության առթիվ, որը եւս մեկ անգամ արտահայտում է Ձեր եւ Ֆրանսիայի ժողովրդի հստակ եւ վճռական դիրքորոշումն այս պատմական ողբերգության նկատմամբ: Ձեր դիրքորոշումն արժանի է Ֆրանսիային, նրա պաշտպանած սկզբունքներին, ինչպես նաեւ այն դերին, որը Ֆրանսիան կատարում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- ասվում է Կաթողիկոսի ուղերձում:



Արամ I-ը նաեւ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ մոտենա Հայոց ցեղասպանության հարցին, որը մինչ օրս անպատիժ է: «Ֆրանսիան` համամարդկային արժեքների, իրավականության եւ արդարության սկզբունքների նկատմամբ տածած իր նվիրվածությամբ, օրինակ է հանդիսանում այն երկրների համար, որոնք դեռ հերքում են Հայոց ցեղասպանության փաստը: Ես հավատում եմ մշակույթների, կրոնների եւ ժողովուրդների երկխոսությանը, եւ բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ այդ թեմային իմ քարոզներում, հասարակական ելույթներում եւ գրքերում: Սակայն երկխոսությանն ու հաշտեցմանը պետք է նախորդի արդարության ճանաչումը»,- ընդգծել է Կիլիկիո Մեծ Տան Կաթողիկոսը, հայտնում է Անթիլիասի Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---