Բակո Սահակյան. Անվտանգությունը ԼՂՀ-ում բոլոր իր դրսեւորումներով չի կարող շահարկվել

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը, որոնք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:



«Այսօր մենք հերթական անգամ հավաստել ենք մեր հավատարմությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ մեր տարակուսանքը հայտնել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների առթիվ, որոնք, մեր կարծիքով խոչընդոտներ են ստեղծում հակամարտության կարգավորման համար»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ԼՂՀ ղեկավարը:



Ընդսմին նախագահը նշել է, որ չնայած հադիպման ժամանակ մանրամասներ չեն քննարկվել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվել:



«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այն կայանում է նրանում, որ ԼՂՀ անվտանգությունը ոչ մի դեպքում չի կարող շահարկման նյութ դառնալ»,-ասել է Բակո Սահակյանը:



ԼՂՀ նախագահն ընդգծել է ղարաբաղյան կողմի շահագրգիռ վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաճախակի հանդիպումների կապակցությամբ:



«Յուրաքանչյուր հանդիպում բանակցություններին նոր բովանդակություն է հաղորդում եւ ամեն մի հանդիպում կարեւոր է յուրովի: Այս մասին մենք հայտնել ենք Մինսկի խմբի համանախագահներին, այն նկատառումով, որ տարածաշրջանային այցերի ժամանակ նրանք անպայման այցելեն նաեւ Ստեփանակերտ»:



Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե գոհ է արդյոք, ԼՂՀ նախագահը համանախագաների հետ հանդիպումից, Բակո Սահակյանը պատասխանել է. «Մենք գոհ կլինենք այն ժամանակ, երբ հիմնախնդիրը վերջնական լուծում ստանա, այսինքն` ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բեկում կլինի այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն, որպես լիարժեք կողմ, մասնակցի բանակցություններին: Միայն այդ դեպքում հարցը կհասցվի իր տրամաբանական ավարտին»,-հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---