ՌՀՄ-ն կոչ է անում օտարերկրյա դեսպաններին բոյկոտել թուրքական կառավարությունում կայանալիք հանդիսավոր ընդունելությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության երիտասարդները գնահատում են ընդունելության կազմակերպումը Թուրքիայի դեսպանատանը ապրիլի 24-ի հիշատակի օրը որպես միտումնավոր սրբապղծություն եւ կոչ են անում ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին բոյկոտել Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը պղծող միջոցառումը: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած դեսպաններին ուղղված ուղերձում, «ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը 1915 թ. թուրք իշխանությունները ձերբակալել եւ գազանաբար սպանել են հայ ժողովրդների ամենաականավոր որդիներին, մտավորակոնության սերուցքը: Դա սկիզբ դրեց հայերի զանգվածային ջարդին իրենց իսկ հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում: Իրականացնելով էթնիկ զտումների իրենց ծրագիրը, թուրքական իշխանությունները հրաման են արձակել հայերի բնաջնջման մասին: Չեն խնայել ոչ կանանց, ոչ երեխաների, ոչ ծերունիների: Կոտորվել է 1 500 000 մարդ: Մնացածները դարձել են փախստականներ, սփռվել են ողջ աշխարհով: Ամայացել են մի ողջ երկրի քաղաքներն ու գյուղերը, որն իր տարածքով 10 անգամ գերազանցում է ներկայիս Հայաստանի տարածքը:



Միջազգային հանրությունը դատապարտել է այդ սարսափելի հանցագործությունը: Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Վատիկանը, Իտալիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը եւ այլ երկրներ պաշտոնական պետական ակտերով են ամրագրել Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Սակայն ինքը Թուրքիան այժմ էլ, ողբերգությունից 93 տարի անց համառում է, չցանկանալով ճանաչել իր կողմից գործած Հայոց ցեղասպանության փաստը:



Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, որը չունի վաղեմության ժամկետ: Միայն կատարված հանցագործության դատապարտումը կարող է կանխել նման հանցագործությունների կատարումն ապագայում:



Թուրքիայի դեսպանի կողմից հանդիսավոր ընդունելության կազմակերպումը Ապրիլի 24-ին միտումնավոր սրբապղծություն է: Կոչ ենք անում Ձեզ չմասնակցել այդ սադրիչ միջոցառմանը, որը կոչված է վիրավորել 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը»:



Նշենք, որ Թուրքիայի դեսպանը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպում Ռուսաստանից մեկնելու կապակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---