Մեթյու Բրայզա. Առանց փոխզիջման ղարաբաղյան խնդրի վերաբերյալ խաղաղ պայմանագիր չի կարող կնքվել

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ստատուս-կվո վիճակը Ղարաբաղի հարցում վտանգավոր է: Եվ դա ակնհայտ է, երբ փոխհրաձգություն է տեղի ունենում, մարդիկ են զոհվում»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագ Մեթյու Բրայզան: Ինչ վերաբերում է տուժած կողմին, նշել է ամերիկացի դիվանագետը, ապա այստեղ դժվար է որեւէ բան ասել: Երկու կողմն էլ տուժել է եւ երկու կողմն էլ պետք է ընդհանուր լեզու գտնի եւ բանակցությունները հասցնի պայմանավորվածությունների, իսկ դա նշանակում է փոխզիջման որոնում: «Ես միայն կարող եմ ասել, որ առանց փոխզիջման խաղաղ պայմանագիր չի կարող կնքվել: Ես չեմ ասում, թե միայն Ադրբեջանը պետք է զիջումների գնա, Հայաստանը եւս պետք է դա անի: Առանց դրա փոխզիջում չի լինի: Սակայն այդ հարցը կախված է հակամարտության կողմերից, այլ ոչ թե համանախագահներից»,-ասել է նա:



Պատասխանելով այն հարցին, թե փոխզիջումներից բացի, ինչ է հարկավոր երկուստեք ընդունելի լուծման համար` Մեթյու Բրայզան հայտարարել է. «Բանակցություններ, քաղաքական կամք, ողջախոհության դրսեւորում: Դա նշանակում է, որ մթնոլորտը նախագահների միջեւ պետք է վստահության մթնոլորտ լինի: Տեսնենք, կհաջողվի դրան հասնել, բարդ է կանխատեսել: Սակայն ես կարող եմ իմ անունից ասել, որ կանեմ հնարավորը, գործընթացի առաջխաղացմանը նպաստելու համար»:



Անդրադառնալով իր ակնկալիքներին հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից` ամերիկացի միջնորդը նշել է. «Դա կլինի զուտ ճանաչողական հանդիպում, եւ ես դրանից բացի ոչինչ չեմ ակնկալում: Մարդը պետք է ճանաչի իր դիմացինին, նրան, ում հետ պետք է բանակցի», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---