Յան Ռոկիտա. Ընդհանուր տան կառուցումը լավագույնն է, որ կարող են անել Հայաստանը, Վրաստանն եւ Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Լեհաստանը կարող է կամուրջ դառնալ Հարավային Կովկասի եւ Եվրամիության երկրների միջեւ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիություն եւ Հարավային Կովկաս` անվտա՞նգ գործընկերություն» ասուլիսի ժամանակ հայտնել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Յան Ռոկիտան: Նրա խոսքերով, ընդհանուր տան կառուցումը լավագույնն է, որ կարող են անել Հայաստանը, Վրաստանն եւ Ադրբեջանը: «Ճիշտ է, Հայաստանին եւ Ադրբեջանին ժամանակ է պահանջվում ղարաբաղյան հակամարտության լուծման համար, իսկ Վրաստանը պետք է ջանա պահպանել ինքնուրույնությունը, քանի որ կորսված տարածքների վերադարձն անիրական է: Երեք երկրներն էլ պետք է ընդհանուր նպատակներ ունենան: Նախ` վրացական ինքնուրույնության պահպանումը: Եթե դուք ամեն գնով չաջակցեք միմյանց, ապա ձեզ կհաշտեցնեն ուրիշները` ելնելով իրենց շահերից: Երկրորդը` անպայմանորեն վերացնել Հայաստանի մեկուսացումը եւ նրան ներառել բոլոր տարածաշրջանային նախագծերի մեջ: Այդ առումով ես կավելացնեի, որ միջազգային խաղաղապահների ներմուծումը ղարաբաղյան հակամարտության գոտի դրական երեւույթ կլիներ: Եւ, վերջապես, երրորդը` բոլոր երեք երկրների մուտքը «Արեւելաեվրոպական գործընկերության» մեջ»,- ասել է Ռոկիտան:



Լեհ փորձագետը նաեւ նշել է, որ Կովկասի համար ԵՄ-ն կարող է դառնալ տնտեսական բարգավաճման եւ անվտանգության բարձրացման հնարավորություն` ավելացնելով, որ հիմնվում է ԵՄ մտնելու լեհական փորձի վրա:



Յան Ռոկիտան ընդգծել է, որ Հայաստանը Լեհաստանի համար շատ մտերիմ երկիր է: «Մենք 600 տարվա ընդհանուր պատմություն ունենք: Դեռեւս 14-րդ դարում լեհ արքա Կազիմիր Մեծը հրաման արձակեց հայերին արտոնություններ տալու մասին: Հիմա էլ մեզ մոտ 800-900 հազար հայ կա, որոնք լեհերի հետ միասին զարգացնում եւ ամրապնդում են ընդհանուր երկիրը: Անցյալ տարի Լեհաստանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը, եւ ես ներկա էի: Մեր երկրում Հայոց ցեղասպանությունը փաստ է, որը ենթակա չէ կասկածների: Ես պետք է ասեմ, որ ցարական Ռուսաստանի կողմից շատ լեհեր են աքսորվել Կովկաս` Վրաստան, Ադրբեջան: Այնպես որ Լեհաստանը տարածաշրջանին միայն լսածով չի ծանոթ»,- ասել է Ռոկիտան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---