ՀՀ նախագահը մտադիր է լսել Սփյուռքի կարծիքը հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գարծընթացը:



Նախագահի խոսքերով` երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը թեւակոխել է հասարակական-քաղաքական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ տվյալ քննարկումները չափազանց դրական գործոն են հանդիսանում: «Անկախ այն բանից կստորագրվեն հայ - թուրքական արձանագրությունները, թե ոչ, դրանք լավ հարթակ են մեր հարաբերությունների եւ խնդիրների մասին խոսելու համար: Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ ու տարրեր եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր Մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները», - ասաց պետության ղեկավարը:



Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու Սփյուռքի կարծիքը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Իր հերթին Գարեգին Բ-ն ողջունել է նախագահի նախաձեռնությունը եւ հայտարարել, որ Սփյուռքը հանդիսանում է հայ ժողովրդի ամենակարեւոր եւ անբաժանելի մասը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---