ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Պան Գի Մունին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Պան Գի Մունին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը միջոցներ չի խնայում իր ագրեսիվ դիրքորոշումն արդարացնելու, հայերի հանդեպ թշնամանք ու ատելություն սերմանելու համար: Սարսափելի է այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով երեխաների առջև, սուր է ճոճում և գովաբանում Ադրբեջանի ռազմական հնարավորությունները, սպառազինությունն ու մարտունակությունը: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ուղեկցվում են հայ մշակութային ժառանգության ոչնչացմամբ ժամանակակից Ադրբեջանի տարածքում: Բուլդոզերի օգնությամբ տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացումը Նախիջևանում և այդ տեղում պոլիգոնի ստեղծումը վանդալիզմի վառ օրինակ է: Չնայած Հայաստանի բազմաթիվ կոչերին, ՄԱԿ-ը, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատշաճ ուշադրություն չեն դարձնում վանդալիզմի այդ դրսևորման վրա:

Ադրբեջանն ի սկզբանե վարում էր ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականություն, ինչն ուղեկցվում էր էթնիկ զտումներով Ադրբեջանի հայաբնակ շրջաններում և Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը ռազմական ագրեսիա ծավալեց, որին մասնակցեցին նաև որոշ հայտնի միջազգային ահաբեկչական խմբեր: Մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի դեմ ագրեսիա ծավալելու համար, այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանում կամ հերոսի կոչման են արժանանում: Ադրբեջանը ականջալուր չի լինում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ երկրների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կոչերին: Հակառակը, Ադրբեջանը սադրանքներ է կատարում շփման գծում, խոչընդոտում է բանակցային գործընթացին»,-հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---