ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին ու Բաքվին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հայտարարություններում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ամփոփելով փետրվարի 8-11 Երևան և Բաքու կատարած տարածաշրջանային այցերի արդյունքները:

«Երևանում և Բաքվում անցկացրած հանդիպումների արդյունքում համանախագահներն ընդգծեցին, որ հանուն խաղաղության վճռական քայլերի ժամանակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու համար: Միջնորդները գտնում են, որ բանակցություններում դրական առաջընթաց է դիտվում, ինչը 2010թ. հոկտեմբերին կայացած Աստրախանի գագաթաժողովից ի վեր իրականացված աշխատանքի արդյունքն է»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ նրանք հակամարտության կողմերին հետագա առաջընթացի կոչ են արել, որպեսզի խաղաղ գործընթացը հաջորդ փուլ անցնի: Համանախագահները հաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության հասնելու համար անհրաժեշտ լուծումները գտնելու նրանց ջանքերում:

Խաղաղության որոնումների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար համանախագահները կողմերին կրկին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---