Սեյիդ Հասան Ամելին պնդում է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանն ակտիվորեն զինել է Ադրբեջանին

Սեյիդ Հասան Ամելին պնդում է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանն ակտիվորեն զինել է Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեիի ներկայացուցիչն Արդեբիլում՝ իմամ-ջումա այաթոլա Սեյեդ Հասան Ամելին սենսացիոն հայտարարություն է արել իրանա-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմում Իրանի դիրքորոշման վերաբերյալ:

Այթոլլայի ներկայացուցիչն իր ելույթում, որը նվիրված էր Ադրբեջանի իսլամական կուսակցության նախկին նախագահ հաջի Ալիքրամ Ալիևի վախճանին, մեծ տեղ է տվել իրանա-ադրբեջանական հարաբերություններին:

Այաթոլլա Ամելին հայտնել է, որ երկու երկրների կապերը հիմնված են ամուր պատմական ու կրոնական արմատների վրա, չնայած դրան, Արևմուտքը լայնածավալ աշխատանք է տանում դրանց վատթարացման ուղղությամբ»: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Արևմուտքը, «խաղալով ղարաբաղյան հարցի վրա, փորձում է պառակտում մտցնել երկու եղբայրական ժողովրդների միջև»:

Իմամ-ջուման նշում է, որ ղարաբաղյան պատերազմին Իրանը որոշեց «բացահայտ չմասնակցել, սակայն, դիտորդ էլ չմնալ»: «Իրանի քաղաքական գործիչները մինչ օրս չեն խոսել իրենց աջակցության մասին և, հավանաբար, դիվանագիտական նկատառումներով, չեն խոսի նաև առաջիկայում: Սակայն, ոչ ես: Ես «Շուշիի մարտերի մասնակիցներին, որոնք սպառազինության կարիք ունեին, մենք զենք էինք մատակարարում ավտոշարասյուներով: Ադրբեջանի կառավարության համաձայնությամբ և Ադրբեջանի 1992-93թթ. պաշտպանության նախարար Ռագիմ Գազիևի և Ռովշան Ջավադովի խնդրանքով, որն այն ժամանակ ՆԳՆ փոխնախարարն էր 1994-95թթ., ստեղծվեց ընդհանուր ադրբեջանա-իրանական պաշտպանության շտաբ, որի շրջանակներում Թավրիզի ու Արդեբիլի գեներալները օգնում էին ադրբեջանցի եղբայրներին, օր ու գիշեր ամեն ինչ անելով կանխելու համար հայկական ագրեսիան»,-հայտարարել է այաթոլլա Ամելին:

Ըստ նրա, Իրանը նաև կազմակերպչական աջակցություն է ցույց տվել առաջին գիծ տեղափոխելով հազարավոր մարտիկների Աֆղանստանից: «Մենք զենք էինք մատակարարում ոչ թե հայերին, այլ ադրբեջանցի եղբայրներին: Ռազմական նախապատրաստման մեր բազաները ոչ թե Հայաստանում էին, այլ Ադրբեջանում: Ադրբեջանում այսօր ապրում են իմ խոսքերի հազարավոր վկաներ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը: Նրանք ողջ են, և գոնե մի կաթիլ խիղճ ունենալով, կարող են հաստատել իմ խոսքերը»,-հայտարարել է այաթոլլա Ամելին, հայտնում է SalamNews-ը, հղում անելով arannews գործակալությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---