Հ.Հովնանյանը հորդորել է Ջ. Գաֆեսճյանին կատարել խոստումը՝ հիմնելով Հայոց ցեղասպանության թանգարանը Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - Դատարանի որոշումից հետո, որով Վաշինգտոնի կենտրոնում գտնվող շենքը վերադարձվեց «Գաֆեսճյան ընտանիքին», Հրայր Հովնանյանը բաց նամակով դիմել է Գաֆեսճյանին: Նամակում մասնավորապես ասվում է.«Ջերի, երբ ետադարձ հայացք եմ նետում այն տարիներին, որոնք վատնվեցին Հայոց Ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի (Armenian Genocide Museum and Memorial - AGMM) ու Ամերիկայի Հայկական Համագումարի դեմ քո կողմից նախաձեռնված դատավարությունների արդյունքում, ապա տեսնում եմ, որ այժմ դու հայտնվել ես նույն այն տեղում, ինչ 2006 թվականին, երբ ամբողջովին վերահսկում էիր նախագիծը: Այն ժամանակ Ցեղասպանության թանգարանի խորհրդի մյուս անդամներն իրենց քվեարկությամբ լուռ համաձայնվեցին քո նախագծի հետ. դրա գրավոր ապացույցը քո ձեռքերում է:

Ես որոշեցի դիմել քեզ այս բաց նամակով` ողջ դատավարության ընթացքում լուռ մնալուց հետո, անգամ այն պարագայում, երբ դու օգտագործեցիր քո լրատվական աղբյուրները դատավարության ընթացքում իմ մասին կեղծ փաստեր և չարակամ հոդվածներ շարունակաբար տարածելու համար:

Ինչպես բազմիցս նշել եմ, իմ ներգրավված լինելը նախագծում պայմանավորված է այն խորին հավատով, որ մեր երկրի մայրաքաղաքում Ցեղասպանության թանգարան կառուցելը վեհ և ազնիվ մղում է հանուն ողջ հայ ժողովրդի»:

«Այժմ, այդքան համառ պայքարից հետո, երբ ողջ սեփականությունը և հետևաբար նաև նախագծի նկատմամբ լիակատար հսկողությունը քո ձեռքում է, ես հուսով եմ, որ դու իսկապես մտադրված ես օգտագործել այն Հայոց Ցեղասպանության թանգարան կառուցելու համար, ինչպես խոստացել ես դատավորին և հայ ժողովրդին: Ես հուսով եմ նաև, որ նախագծին չի սպառնա նույն ճակատագիրը, որին արժանացավ մինչ օրս չիրականացված Երևանում արվեստի թանգարանի ստեղծման քո մեծ գաղափարը, և որ դու էլ ավելի շահագրգռված կլինես ավարտին հասցնել 200 միլիոն ԱՄՆ դոլարի Ցեղասպանության թանգարանի ստեղծումը, ինչի մասին այդքան հաճախ խոսել ես:

Չնայած դատավարության ժամանակ չցանկացար երաշխավորել, որ այս սեփականությունը կօգտագործվի բացառապես թանգարանի կառուցման նպատակով, դու պարտավորված ես հայ ազգի առջև ի սկզբանե հաստատված գաղափարով և առանց որևէ պայմանների կառուցել Ցեղասպանության այս թանգարանը: Եթե դու պատրաստ ես սա երաշխավորել, ես միգուցե կկարողանամ համոզել բոլոր շահագրգիռ կողմերին չդիմել բողոքարկման»,-ասվում է նամակում:

ԱՀՀ-ն և AGM & M-ը դատական հայցում պնդում էին, որ Ջերարդ Գաֆեսճյանը և «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ուոթերսը խախտել են AGM & M-ի և ԱՀՀ-ի առջև ստանձնած պարտավորությունները և որ Գաֆեսճյանը խախտել է իր պարտավորությունը Համագումարի հետ բարեխիղճ ու արդարացի գործարքի մասին: Բացի այդ, Գաֆեսճյանն ու Ուոթերսը ապօրինաբար տիրացել են Համագումարի կոմերցիոն գաղտնիքներին: Դատավորը համարել է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են:

Ի պատասխան մեղադրանքներին դատարանը որոշել է, որ «ոչ Համագումարը, ոչ AGM & M-ը չեն խախտել պայմանավորվածությունը դրամաշնորհի և միջոցների փոխանցման մասին կամ արդար գործարքի մասին պայմանավորվածությունները»: Դատարանը նաև որոշել է, որ պահանջը «անարդար հարստացման մասին կասեցվել է առկա գրավոր համաձայնագրերով»:

Հունվարի 26-ին ԱՄՆ դաշնային դատարանը որոշել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին վերադարձնել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող շենքը, որտեղ նախատեսվում է բացել Հայոց ցեղասպանության թանգարանը: Ինչպես հայտնում է Armenian Reporter-ը, շենքը ձեռք է բերել հայտնի բարերար Ջերարդ Գաֆեսճյանը: Նշվում է, որ այդ որոշմամբ դատարանը չեզոքացրեց թանգարանի ստեղծման բոլոր խոչընդոտները:

Դատարանը մերժել է նաև մեկ այլ հայ բարերար Հրայր Հովնանյանի ու նրա գործընկերների պահանջները՝ վերականգնելով «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի իրավունքները թանգարանի կառավարման խորհրդում:

Դատարանը որոշում է կայացրել 2010թ. նոյեմբերին կայացած 11-օրյա լսումների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---