Բաշար Ալ Ասադն առայժմ հաղթում է Թուրքիային և Պարսից ծոցի երկրներին

Բաշար Ալ Ասադն առայժմ հաղթում է Թուրքիային և Պարսից ծոցի երկրներին

Աննանի պլանում ամենահետաքրքիրն այն է, որ դրանում Բաշար Ասադին հրաժարական տալու կոչ չի արվում

Սիրիան համաձայնվել է ՄԱԿ բանագնաց Քոֆի Աննանի կողմից առաջարկված և ՄԱԿ աջակցությունը ստացած Սիրիայի իրավիճակի կարգավորման խաղաղ պլանի հետ: Ռուսաստանի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) մասնակցությամբ մշակված կարգավորման պլանը ենթադրում է երկու կողմերից բռնության դադարեցում, Սիրիայի գործերին արտաքին միջամտության բացառում, մարդասիրական կազմակերպությունների մուտք երկիր և դիտարկման մեխանիզմի ստեղծում:

PanARMENIAN.Net - Հիշեցնենք, որ նախկինում սիրիական իշխանություններն են արդեն համաձայնվել են այլ խաղաղ նախաձեռնությունների հետ, սակայն ապստամբները, ովքեր հակազդում են նախագահ Ալ Ասադի ռեժիմին, պայմանավորվածություններին հոռետեսորեն են վերաբերվել: Ընդդիմության գլխավոր պահանջը Բաշար Ասադի հրաժարականն է: Ռեժիմի հակառակորդները տարաբնույթ խաղաղ պլանները պատրաստ են քննարկել միայն այդ պայմանի կատարումից հետո:

Պայմանավորվածությունների ձախողման մեջ իր ավանդն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, մեղադրելով Ասադին նրանում, որ նա «չափազանց շատ բան է ասում և չափազանց քիչ կատարում»: «Եթե նա իսկապես պատրաստ է փակել Սիրիայի պատմության մռայլ էջը, նա կարող է հրամայել կառավարական ուժերին անհապաղ դադարեցնել քաղաքների գնդակոծությունը և զորքերը դուրս բերել խիտ բնակեցված շրջաններից»,- հավելել է Քլինթոնը: Նման հայտարարություններ են կատարել այլ արևմտյան երկրները: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարում էր, որ 2011-ի մարտին հակակառավարական ելույթներից ի վեր մահացել է ավելի քան 9 հազար մարդ: Սակայն արդեն հաղորդվել է, որ ՄԱԿ տվյալները հիմնված են միայն ընդդիմության տեղեկությունների վրա, ուստի չեն կարող բացարձակ վստահելի լինել: 

Հիլարի Քլինթոնը հայտարարել է նաև այն մասին, որ Բաշար Ասադը պետք է սկսի իշխանությունը դեմոկրատական ճանապարհով հանձնելու նախապատրաստումը: Իսկ ընդդիմության ներկայացուցիչները, նրա խոսքով, պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ և շարադրեն նոր Սիրիայի վերաբերյալ իրենց պատկերացումը, որը նրանք ցանկանումեն կառուցել: Բայց ընդդիմությունը միասնական դիրքորոշում չունի, միակ բանը, որը միավորում է նրան, Ասադի հանդեպ ատելությունն է և Սիրիայում իսլամական օրենքներ հաստատելու ցանկությունը: Ճիշտ է, Ստամբուլում կայացած հանդիպմանն ընդդիմադիր խմբերի մեծամասնությունը համաձայնվել է ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը համարել որպես Սիրիայի ժողովրդի ֆորմալ ներկայացուցիչ: Իսկ ահա սիրիացի ժողովուրդը պատրաստ չէ, որպեսզի նրան ներկայացնեն «Ալ Քայիդայի» և «Մահմեդական եղբայրների» իսլամական գրոհայինները: Հենց նրանք են ապստամբների հիմնական միջուկը, ինչ էլ որ ասեն ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը և ԱՊԼ-ն: Ստամբուլի հանդիպումը նաև ցուցադրել է սիրիական ընդդիմության ներսում առկա տարաձայնությունները. տարբեր խմբերի ներկայացուցիչները մշտապես վիճել են միմյանց հետ և հերթով լքել նիստերի դահլիճն ի նշան բողոքի:

Աննանի պլանում ամենահետաքրքիրն այն է, որ դրանում կոչ չի արվում Բաշար Ասադին հրաժարական տալ: Պլանը ներկայացվել է Մոսկվային և Պեկինին, որոնք աջակցում են Սիրիային: Պլանը կազմված է հետևյալ վեց կետերից. 1. Սիրիական հակամարտության կողմերի կողմից որոշման մշակում, որը հաշվի կառնի ժողովրդի շահերը, 2. ՄԱԿ դիտորդների նկատմամբ զինված բռնության անհապաղ դադարեցում հակամարտության բոլոր կողմերի կողմից քաղաքացիական բնակչության պաշտպանության համար, 3. Բանակի և ընդդիմության կողմից հումանիտար օգնության մատակարարման ապահովում երկրի շրջաններ, որտեղ առկա են զինված բախումներ և ամենօրյա երկժամյա հրադադարի ռեժիմի ապահովում, 4. Սիրիական կառավարությունը պետք է հնարավորինս արագ ազատ արձակի բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված մարդկանց, 5. Երկրում լրագրողների համար ազատ տեղափոխության ապահովում, 6. Իշխանությունների կողմից հավաքների և խաղաղ ցույցերի ազատության հարգում:

Փաստորեն Աննանը «չի կատարել» այն, ինչ նրանից սպասում էին արաբական երկրները՝ Սիրիայի նախագահը հրաժարական չի տա: Նա չէր էլ պատրաստվում այդ քայլին գնալ: Այստեղ կարևոր է մեկ այլ բան. Պարսից ծոցի նավթային միապետությունները Թուրքիայի հետ միասին մնացին կոտրված տաշտակի մոտ և դա լավ է ոչ միայն Սիրիայի և Իրանի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի համար:

Ապրիլի 2-ին Ստամբուլում նախատեսված «Սիրիայի բարեկամների» հանդիպումն առանց Ռուսաստանի և Չինաստանի նախօրոք դատապարտված է տապալման: Իսկ Բաղդադում ԱՊԼ գագաթնաժողովը բացվեց քաղաքի կենտրոնում ուժեղ պայթյունով:

Սիրիայի դեպքերի քննարկմանը նվիրված գագաթնաժողովը, չնայած պայթյունին, բացվեց: Գագաթնաժողովի մասնակիցների շարքում առկա են 9 պետությունների ղեկավարներ, ներառյալ Քուվեյթի էմիրը: Գագաթնաժողովի աշխատանքին կմասնակցի նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Վերջին անգան Իրաքն ԱՊԼ գագաթնաժողովն ընդունել էր 1990-ին, Սադամ Հուսեյնի զորքերի՝ Քուվեյթ ներխուժելուց մի քանի ամիս առաջ: Բացի դրանից, դա ԱՊԼ առաջին գագաթնաժողովն է «արաբական գարունից» հետո: Ֆորումն ընթանում է Սիրիայում հակամարտության ֆոնին, որի վերջը չի երևում: Արաբական երկրների առաջնորդների հիմնական հանդիպումը նախատեսված է հինգշաբթի օրը: Թեև փորձագետները ենթադրում են, որ հազիվ թե մասնակիցները միմյանց վրա ափսեներ նետեն, ինչպես դա եղել է անցյալ գագաթնաժողովում, որոշակի լարվածություն ամեն դեպքում կա; Այս գագաթնաժողովը հատկանշական է նաև կրոնական առումով: Ներկա իրաքյան ղեկավարության մեջ գերիշխում են շիիթները, իսկ մնացած անդամ-երկրների առաջնորդները սունիթներ են: Միաժամանակ Իրաքն ապրում է միջկրոնական պառակտումների շրջան, որոնք դրսևորվում են նրա ներքին քաղաքականության մեջ, սունիթները բողոքում են, որ Մալիկի կառավարության մեջ իրենք տեղ չունեն: Միաժամանակ, անցած շաբաթ Իրաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնք պետք է ցուցադրեին ներկա կառավարության անկայունությունը: Պայթյունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել իսլամական գրոհայինները: Իրաքի իշխանությունները փողոց են դուրս բերել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների գագաթնաժողովի աշխատանքի ժամանակ բռնության դեպքերը բացառելու համար:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---