Իրան-«վեցնյակ»` բանակցությունների երկրորդ փուլին սպասելիս

Իրան-«վեցնյակ»` բանակցությունների երկրորդ փուլին սպասելիս

Վերջնական նպատակը բոլորովին պատերազմը չէ, ինչպես մտածում են Իսրայելում, այլ իրանական միջուկային ծրագիրը զսպելը

Ստամբուլում Իրանի և «վեցնյակի» հանդիպումն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ առումով սառը ցնցուղ էր Իսրայելի համար: Երուսաղեմում ակնհայտորեն սպասում էին, որ Իրանը, ինչպես և մեկ տարի առաջ, կտապալի բանակցությունները, և այդ ժամանակ Իսրայելը պատերազմ սկսելու առիթ կունենա: Սակայն ամեն ինչ հակառակը ստացվեց:

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնել է բանակցությունների նախօրեին DEBKAfile-ը, մեջբերելով սեփական իրանական և հետախուզական աղբյուրները, բանակցություններում պետք է քննարկվեն հետևյալ հարցերը. 1. Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը մինչև ստորին մակարդակ՝ 3,5 տոկոս, բայց չի համաձայնվի սահմանափակել դրա քանակությունը: 2. Իրանի սահմաններից ուրանի դուրս բերումը քննարկման ենթակա չէ: 3. Իրանը պատրաստ է գործարքի գնալ, որի դեպքում գերտերությունների վեցնյակը կաջակցի ուրանի հարստացման Իրանի իրավունքին մինչև լիարժեք 20 տոկոս եռամաս բանաձևին համապատասխան՝ ա) Վեց տերությունների ներկայացուցիչների աշխատանքային խումբը և Իրանը կորոշեն միջուկային վառելիքի քանակը, որն անհրաժեշտ է ռեակտորների անարգել աշխատանքի և բժշկական հետազոտություններում իզոտոպների արտադրության համար, բ) Իրանը մերժում է Ֆորդոյում ուրանի հարստացման ստորգետնյա գործարանը փակելու մասին պահանջները, բայց համաձայն է ստորագրելՄիջուկային զենք չտարածելու մասին պայմանագրի լրացուցիչ արձանագրություն, որը թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ստուգումներ անցկացնել Իրանի բոլոր կասկածելի միջուկային օբյեկտներում, այդ թվում Ֆորդոյում, մեկ վերապահումով. վեց տերությունները նույնպես պետք է պահանջեն Իսրայելից ստորագրել միջուկային զենք չտարածելու մասին պայմանագիր և նույնպիսի լրացուցիչ արձանագրություն: Եթե Իսրայելը չստորագրի այդ փաստաթղթի երկու մասերը, ապա Իրանը չի գնա նման զիջման: 5. «Իսրայելական գործը» օրակարգի միջուկն է, որը մտադիր է շարադրել իրանական ռազմավարական թիմը գալիք բանակցություններում:

Հիշեցնենք, որ 2011-ի հունվարին Իրանի և 5+1 (Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Գերմանիա) խմբի միջև բանակցություններն ավարտվել են, նույնիսկ չհասցնելով սկսվել, օրակարգի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով:

«5+1»-ին հաջողվել է ընդհանուր գիծ մշակել. Թեհրանին կառաջարկեն փակել նրա ծրագրում առանցքային դեր խաղացող ստորգետնյա միջուկային կենտրոնը Կում քաղաքի մոտ, դադարեցնել ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս սահմանագիծը և դուրս բերել դրա պաշարները (100 կգ) ԻԻՀ սահմաններից դուրս:

Ստամբուլում հանդիպումը մոտենալուն զուգահեռ իսրայելցիները հատկապես նյարդային են դարձել: «Գլխավոր բարդությունը նրանում կլինի, որպեսզի պահեն իրանցիներին բանակցությունների սեղանի մոտ և միաժամանակ բաց չթողնեն տեսադաշտից մեր վերջնական նպատակները»,- բացատրում է արևմտյան դիվանագետը: Վերջնական նպատակը ոչ թե պատերազմն է, ինչպես մտածում են Իսրայելում, այլ իրանական միջուկային ծրագրի զսպումը, որովհետև արևմտյան գերտերություններն ի վիճակի չեն փակել այն: Վաշինգտոնը ենթադրում է, որ Թեհրանի հետ բանակցություններ սկսելը հեռացնում է ՑԱԽԱԼ-ի մարտական գործողությունների հեռանկարը:

Պետք է նշել, որ Բարաք Օբաման չի կարող թույլ տալ, որպեսզի ճգնաժամը հանգեցնի նավթի գների թռիչքի և սպառնալիքի տակ դնի իր վերընտրությունը: Վերջին շաբաթների ընթացքում նա ամեն ինչ արել է, որպեսզի հանգստացնի իր իսրայելցի դաշնակիցներին և նույնիսկ աջակցել Բենյամին Նեթանյահուին նրանում, որ չի բացառել ռազմական լուծման հնարավորությունը: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի խոսքով, Իսրայելն ԱՄՆ-ին չի խոստացել չհարձակվել Իրանի վրա բանակցությունների ընթացքում, որոնք արևմտյան գերտերությունները վարում են ԻԻՀ հետ: Ճիշտ է, այդ հայտարարությունն ավելի շուտ նախատեսված է բանակցողների համար, որպեսզի նրանք ստիպեն Թեհրանին հրաժարվել ծրագրից: Սակայն պատժամիջոցները և սպառնալիքները, ինչպես տեսնում ենք, ոչ մի բանի չեն հանգեցրել: Եվ չեն էլ կարող հանգեցնել, եթե Իսրայելը հանկարծ որոշի հարձակվել Իրանի վրա, ապա հրեական պետության գոյությունը կդրվի հարցականի տակ: Միաժամանակ հենց Բարաքի համար չի կարող պարզ չլինել, որ Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ՄԱԿ-ը և Ռուսաստանը նրա հետ բանակցություններ են վարում: Եթե պաշտպանության նախարարը նման հնարավորություն է թույլ տալիս, ապա ՑԱԽԱԼ-ը լուրջ խնդիր ունի, պարզաբանում է Israland-ը:

«Մենք համոզված ենք, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու մեջ, բայց կարծում ենք, որ արդյունքի հասնել այն միջոցներով, որոնք օգտագործվում են այսօր, չեն կարող»,- ասել է պաշտպանության նախարարը: Բարաքի խոսքով, գլխավոր պայմանը, որը պետք է առաջադրվի Իրանին երկրում 20 տոկոս հարստացված ուրանի բացակայությունն է: «Մենք ասել ենք մեր ամերիկյան գործընկերներին, որ նման ուրանը պետք է դուրս բերվի և հանձնվի երրորդ երկրին»,- ասել է նա: Իսրայելը կրակի հետ է խաղում և դեռ հայտնի չէ, թե նրա «նախաձեռնություններին» ինչպես կարձագանքի ոչ այնքան Արևմուտքը, որքան արաբական շրջապատը: Ինչպիսին էլ որ լինի սունիթների և շիիթների դիմակայությունը, Իսրայելը բոլոր մահմեդականների համար թիվ 1 թշնամին է:

Միաժամանակ Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է բանակցություններից հետո, որ Թեհրանը պատրաստ է հարթել բոլոր տարաձայնություններն իր միջուկային ծրագրի առիթով արևմտյան երկրների կողմից պատժամիջոցները հանելու փոխարեն: «Համաշխարհային գերտերությունները հասկացել են, որ նրանք չեն կարող աչք փակել Իրանի հնարավորությունների վրա, իսկ ԻԻՀ-ն իր հերթին չի հրաժարվի ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու իր իրավունքից»,- ասել է Սալեհին:

Բաղդադում կայանալիք հաջորդ հանդիպմանը մնացել է շուրջ 1 ամիս և պետք է հուսալ, որ կողմերը կհանգեն արդյունքի, որը ձեռնտու կլինի բոլորին: Լիակատար համաձայնություն անշուշտ չի լինի, բայց մայիսի 23-ին առաջընթացն արդեն սպասելի է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---