Ֆրանսիան վերականգնել է Թուրքիայի հետ բարեկամությունը. որքա±ն դա կտևի

Ֆրանսիան վերականգնել է Թուրքիայի հետ բարեկամությունը. որքա±ն դա կտևի

Իշխանության եկած սոցիալիստները որոշել են, որ այն ամենը, ինչը նրանցից առաջ է եղել, սխալ էր և սկսել են ուղղել պատմությունը

Պատահեց սպասելին. Ֆրանսուա Օլլանդը որոշեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի կարևոր են հայկական հարցից: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «1915թ իրադարձությունների վերաբերյալ մենք նույնպիսի դիրքորոշում չենք ցուցաբերելու, ինչպես որ նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի ղեկավարության օրոք էր»:

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նոր նախարարի անձը բավականին հետաքրքիր է, իսկ նրա կարյերան կարող է բացատրություն տալ Ֆաբիուսի բազմաթիվ հայտարարությունների` ինչպես ներկա, այնպես էլ վաղուց արված: Wikipedia-ն գրում է. Լորան Ֆաբիուսը ծնվել է 1946թ օգոստոսի 20-ին Փարիզում, հրեա արթ-դիլլերի ընտանիքում: Ունի երկու որդի պրոդյուսեր Ֆրանսուազա Կաստրոյի նախկին կնոջից: Ֆրանսիայի ամենաճոխ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը` Ադմինիստրացիայի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո, Ֆաբիուսը որպես աուդիտոր է աշխատել Պետական խորհրդում: Առաջին անգամ Սոցիալիստական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 1978թ: Դրանից կարճ ժամանակ անց, ներառվել է սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Միտտերանի մերձակա շրջապատում: Երբ 1981թ Միտտերանն ընտրվել է նախագահի պաշտոնում, Լորան Ֆաբիուսը դարձել է բյուջեի նախարար, իսկ երկու տարի անց` վարչապետ: Նա կողմ էր հանդես գալիս «նոր» ֆրանսիական սոցիալիզմին, բաց շուկայական տնտեսությանը: Նա հանգստի էր անցել 1986թ խորհրդարանական ընտրություններում սոցիալիստների պարտությունից հետո:Ֆաբիուսը գլխավորել է սոցիալիստների ճամբարը, ովքեր դեմ էին հանդես գալիս Եվրոպական սահմանադրության վարեականացմանը, սակայն 2004թ դեկտեմբերի 1-ին ՖՍԿ-ն կողմ է արտահայտվել Սահմանադրությանը: Դրանից հետո ևս Ֆաբիուսը հանդես էր գալիս Սահմանադրության հակառակորդների ճամբարում և անգամ համարվում էր շարժման առաջնորդ: Երբ ֆրանսիացիները 2005թ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեցին Եվրոպական սահմանադրությանը, նրան թույլ տվեցին մնալ կուսակցությունում, սակայն զրկեցին կուսակցության Ազգային գործադիր կոմիտեում զբաղեցրած պաշտոնից: Ֆաբիուսը`2007թ ընտրություններում Նիկոլյա Սարկոզիի չկայացած հակառակորդը, որոշ ժամանակ սերտ հարաբերությունների մեջ էր մոդել Կարլա Բրունիի` Սարկոզիի ներկայիս կնոջ հետ: 2012թ մայիսի 16-ին նշանակվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար` Ժան-Մարկ Էրոյի սոցիալիստների կառավարությունում: Ծայրահեղ սխալ կլիներ Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքերը կապել նրա ծագման և, առավել ևս, նախկին նախագահ Սարկոզիից «վրեժ լուծելու» ցանկության հետ: Ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է. իշխանության եկած սոցիալիստները որոշել են, որ այն ամենը, ինչը նրանցից առաջ է եղել, սխալ էր և սկսել են ուղղել պատմությունը: Առհասարակ, պետք է ասել, որ այս գիծը բնորոշ է բոլոր սոցիալիստական կուսակցություններին: Սակայն տվյալ պարագայում, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ակնհայտորեն սխալվել է` մինչև վերջ չկշռադատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների հետևանքները: Հարցն անգամ հայ համայնքի ազդեցության մեջ չէ, ինչն ինքնին արդեն իսկ բավականին լուրջ է: Փաստացի, սոցիալիստները շարժվել են Թուրքիայի ցանկությամբ, և այժմ Ֆրանիսայի մասին խոսել որպես գերտերություն, համենայն դեպս, այնքան էլ ճիշտ չէ: Երկիրը, որը սպառազինության մատակարարման և Թուրքիայի կասկածելի աջակցության համար կարող է սիրիական հարցում փոփոխել իր քաղաքականությունը առաջնային խնդիրներից մեկի` մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինքնաբերաբար վերածվում է Թուրքիայի դաշնակցի` դրանից հայերի համար բխող բոլոր հետևանքներով: Ամերիկացի քաղաքական գործիչ և սոցիոլոգ Զբիգնև Բժեզինսկին «Հզոր շախմատային տախտակ. Ամերիկայի գերիշխանությունը և նրա գեոռազմավարական իմպերատիվները» գրքում գրում է. «Ֆրանսիան տնտեսական առումով շատ ավելի թույլ է Գերմանիայից, իսկ նրա ռազմական ապարատը (ինչպես ցույց է տվել 1991թ Պարսից ծոցի պատերազմը) չի առանձնանում բարձր կոմպետենտությամբ: Այն միանգամայն հարմար է աֆրիկյան բնակավայր-պետություններում ներքին հեղաշրջումները ճնշելու համար, սակայն ի զորու չէ պաշտպանելու Եվրոպան և իր ազդեցությունը Եվրոպայի սահմաններից շատ ավելի հեռուն տարածելու: Ֆրանսիան Եվրոպական միջին կարգի գերտերություն է` ոչ ավել, ոչ պակաս»: Ինչը և ապացուցում են Ֆրանսուա Օլլանդը և նրա նախարարների կաբինետը:

Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվել էին Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի պատճառով: Կայացած նախագահական ընըտրություններում Նիկոլյա Սարկոզիի պարտությունից հետո, նախկին երկկողմ հարաբերությունները վերականգնելու հույս առաջացավ: Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում Դավութօղլուն հանդես եկավ «Ֆրանկո-թուրքական հարաբերությունները փոփոխվող միջազգային և տարածաշրջանային իրադրությունում» թեմայով դասախոսությամբ: Չեղյալ են համարվել նաև Ֆրանսիայի նկատմամբ բոլոր թուրքական պատժամիջոցները: Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է նաև. «Եթե Ֆրանսիան ցանկանա իր ավանդն ունենալ հայկական հարցի լուծման հարցում, մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի»:

Մեծ հաշվով, Ֆրանսիան ավելի ազնիվ վարվեց ամերիկացիներից, ովքեր չորս տարին մեկ խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հետո նույն հաջողությամբ մոռանում իրենց խոստումները: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ 2001թ հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց բանաձև, որի համաձայն Ֆրանսիան ճանաչում է 1915-1923թթ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը և նախագահ Շիրակի կողմից օրինագծի ստորագրումից հետո, այն դարձավ պաշտոնական փաստաթուղթ: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տապալումը համարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ: Եթե իրադարձությունները շարունակեն նույն կերպ զարգանալ, ապա Լորան Ֆաբիուսի հաջորդ հայտարարությունը կլինի այն, որ ԵՄ-ն պատրաստ է Թուրքիային ներառել իր կազմում: Մինչդեռ Ֆրանսուա Օլլանդը խոստացել է հայ համայնքին անդրադառնալ ժխտման վերաբերյալ տխրահռչակ օրինագծին…

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---