Մինչև 89-րդ րոպեն պարտվողների, Բաբաջանյանի հալումաշ լինելու ու 3000 ռուբլիանոց գավաթի մասին

Մինչև 89-րդ րոպեն պարտվողների, Բաբաջանյանի հալումաշ լինելու ու 3000 ռուբլիանոց գավաթի մասին

Դրամատիկ եզրափակչում, գուցե, շատերն էին կասկածում մեր թիմի հաղթանակին, բայց ոչ արարատցիները

«Արարատը» 1973 թվականին կարողացավ միանգամից տիրանալ երկու բաղձալի կոչման` գավաթակրի և չեմպիոնի: Այս հաջողությունները բացառիկ էին երկու առումով` մինչ այդ հայկական որևէ թիմ նման արդյունք չէր գրանցել և հայկական ֆուտբոլն ունեցավ իր փառավոր էջը, որն «Արարատի» խաղացողները գրեցին իրենց քրտինքով ու տաղանդով:

PanARMENIAN.Net - Արարատցիները չգիտեին, թե ինչ բան է ժամանակից շուտ հանձնվելը.

Մինչ եզրափակիչ հասնելը «Արարատն» անցկացրեց 8 հանդիպում` հաղթահարելով «ԱԼԳԱ»-ի, «Նևթչիի», «Զարյայի» և «Դնեպրի» արգելքը:

Հոկտեմբերի 10. 40 տարի առաջ հենց այս օրն էր, որ այս փառավոր թիմի յուրաքանչյուր խաղացող հիշում է մի տեսակ կարոտով, աննկարագրելի հրճվանքով ու աչքերի կախարդական փայլով: «Ֆուտբոլային աշնան» այդ հաղթական օրը անմոռանալի դարձավ ԽՍՀՄ գավաթը նվաճած հայկական լեռան պես բարձր ու արդեն անգերազանցելի «Արարատի» համար:

Դրամատիկ այդ եզրափակչում, գուցե, շատերն էին կասկածում մեր թիմի հաղթանակին, բայց ոչ արարատցիները: Նրանք չգիտեին, թե ինչ բան է կոտրվելը կամ էլ ժամանակից շուտ հանձնվելը: Իսկ մրցակիցը զորեղ ու անզիջում Կիևի «Դինամոն» էր:

Խաղի մեկնարկում մեր թիմն առաջին համարով չէր գործում, այն վաղուց եզրափակչի ուղեգիր չէր նվաճել, միգուցե, նաև դա էր պատճառը, որ «Արարատը» մի փոքր կաշկանդված էր ու չէր կարողանում թելադրել խաղի իր կանոնները:

Իշտոյանը հաղթանակ բերեց ոչ միայն «Արարատին», այլև ողջ հայ ժողովրդին.

61-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ «Դինամոն», Նորայր Մեսրոպյանը տուգանայինում խախտեց կանոնները, և Վիկտոր Կոլոտովն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը:

«Լենինի» անվան Մոսկվայի կենտրոնական ստադիոնում հավաքված 60 հազար երկրպագուներն արդեն մտովի համակերպվել էին կիևցիների հաղթանակի հետ, և անգամ կազմակերպիչները դիպլոմների վրա գրել էին «Դինամոյի» խաղացողների անունները:

Բաց թողած գոլից հետո արարատցիները սկսեցին ավելի հավաքված խաղալ, կարծես, հենց այդ գնդակին էին սպասում վճռական գործողությունների անցնելու համար: Նրանք գործում էին կրկնակի եռանդով ու նվիրվածությամբ` պայքարելով անգամ անհույս գնդակի համար:

Վերջին գրոհի ժամանակ էլ, երբ խաղավարտին ընդամենը մեկ րոպե էր մնացել, Լևոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը: Լրացուցիչ ժամանակում հոգեբանական առավելությունն ամբողջովին «Արարատի» կողմն անցավ: Նրանք այնպես էին խաղում, կարծես նոր էին դաշտ մտել: Նիկիտա Սիմոնյանի թիմը մեկը մյուսի հետևից գրոհներ կազմակերպեց, և 103-րդ րոպեին Իշտոյանը երկրորդ գնդակը խփեց` հաղթանակ բերելով ոչ միայն «Արարատին», այլև ողջ հայ ժողովրդին: Դժվար է բառերով նկարագրել այն ուրախությունն ու ոգևորությունը, որը զգում էին հայերը բյուրեղապակյա գավաթը նվաճելու կապակցությամբ:

5805 գրամ կշռող և 57 սմ բարձրություն ունեցող գավաթը, որն արժեր 3000 ռուբլի, ֆուտբոլային մի իսկական պատերազմում տարած ավար էր և առաջինը հայ ֆուտբոլի պատմության մեջ:

Ֆուտբոլային գավաթը ունեցավ Երևանի հասցեն.

«Արարատի» ավագ Հովհաննես Զանազանյանի երկու ոտքերն էլ եզրափակչի օրը վնասվածք ունեին, բայց նա չէր կարող այդ պատմական օրը միայնակ թողնել իր թիմակիցներին, քանի որ նրա ներկայությունը շատ բան էր նշանակում թիմակիցների համար: Զանազանյանն «Արարատի» կազմում առաջինն էր, ում բախտ վիճակվեց առաջին անգամ գլխավերևում պահել ԽՍՀՄ Գավաթը: «Մեր ուրախությանն այդ օրը չափ չկար: Շատ դժվարին խաղ էր: Պարտության եզրին լինելով` մենք ուժ գտանք ու պայքարեցինք մինչև վերջ: Մենք հպարտ ենք, որ երկրի ֆուտբոլային գավաթը վերջապես ունեցավ Երևանի հասցեն»,- խոստովանել է նա:

Իր հայրենակիցներին երկրպագելու և աջակցելու էր եկել նաև հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը, որի համար հանդիպումը լի էր դրամատիկ ու լարված պահերով: Ահա, թե ինչ է նա ասել եզրափակչի մասին. «Ես հուզվում էի: Երկրորդ կեսում բաց թողած գոլից հետո լրիվ հալումաշ եղա: Բայց լրացուցիչ ժամանակում տեսանք իսկական արարատյան խաղը: Բառերով դժվար է ասել, թե որքան ուրախ եմ: Ցանկանում եմ, որ նրանք նվաճեն նաև երկրի չեմպիոնի կոչումը»:

Երևանի օդանավակայանում իրենց հերոսներին դիմավորելու էին եկել հազարավոր մարդիկ, ամենուրեք ծաղիկներ էին, ժպիտներ և շնորհավորանքներ: Երբ ժամը 12:15-ին ԻԼ-18-ը երևաց, օդանավակայանը թնդաց ոգևորությունից: Արարատցիները վերադարձան հայրենիք:

Օդանավակայանում Նիկիտա Սիմոնյանը խոստովանեց, որ իրենք անչափ երջանիկ են, որ հուսախաբ չեն արել իրենց երկրպագուներին և արդեն սկսելու են պայքարել չեմպիոնի կոչման համար: Իսկ չեմպիոնական մեդալները չուշացան: Մի քանի շաբաթ անց, Հայաստանը կրկին թնդում էր ֆուտբոլային հաղթանակից: Սրա մասին էլ կզրուցենք արդեն հաջորդ անգամ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---