Արևմուտքի պատերազմը Սիրիայում կարող է վերջ դնել Մերձավոր Արևելք հասկացությանը

Արևմուտքի պատերազմը Սիրիայում կարող է վերջ դնել Մերձավոր Արևելք հասկացությանը

Արաբական պետությունների լիգան ուղղակի ի վիճակի չեղավ համատեղ հայտարարություն մշակել Սիրիայի վերաբերյալ

Սիրիայի հետ կապված իրավիճակը փակուղային է՝ մի կողմից, կարծես, Բարաք Օբաման չի հրաժարվել Դամասկոսը ռմբակոծելու մտադրությունից, մյուս կողմից՝ Ռուսաստանի առաջարկը, որը սառը ցնցուղ էր ԱՄՆ համար: Հիշեցնենք, որ խոսքը գնում է քիմիական զենքի պաշարները միջազգային հանրության հսկողսությանը հանձնելու մասին: Ի դեպ, դա նշանակում է նաև, որ սիրիացի ապստամբները մուտք չեն ունենա քիմիական զենքի պահեստներ: Ճիշտ է մեկ վերապահումով՝ եթե համաշխարհային հանրությունն ինքը աչք չփակի զենքը գողանալու կամ զարինով մարտագլխիկներով արկերի պատրաստման վրա:

PanARMENIAN.Net - Սիրիայի և Արևմուտքի դիմակայության մեջ փոքր չէ նաև արաբական երկրների դերը: Սակայն, նրանք մինչ օրս չեն որոշել, թե ինչպես պետք է վերաբերվել հնարավոր հրթիռային և ավիահարվածին: Արաբական պետությունների լիգան՝ ԱՊԼ-ն, ուղղակի ի վիճակի չեղավ համատեղ հայտարարություն մշակել Սիրիայի վերաբերյալ, գրում է RIA Novosti-ն: Սիրիային հարվածելու դեմ է հանդես գալիս հարևան Իրաքը, որը ոչ հեռու անցյալում հենց ինքը հարվածի զոհ դարձավ, հետագայում օկուպացվեց ԱՄՆ ու նրանց դաշնակիցների կողմից: Չնայած Իրաքի ներկայիս ղեկավարությունը իշխանության եկավ միայն Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո, Բաղդադը կտրականապես դեմ է հարևան երկրում նույն սցենարին: Նման զարգացում թույլ չտալու համար Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին հանդես եկավ նախաձեռնությամբ, որով ենթադրվում է անհապաղ դադարեցնել կրակն ու զենքի առաքումը հակամարտության կողմերին, վտարելով երկրից օտարերկրացի գրոհայիններին: Նա կոչ է անում արաբական երկրներին թույլ չտալ օգտագործել սեփական տարածքը Սիրիայում ռազմական միջամտության համար քիմիական զենքի կիրառման պատրվակով, որի կիրառումը կառավարական զորքերի կողմից մինչ օրս չի հաստատվել: Դեմ են նաև Լիբանանն ու Հորդանանը, որոնք ամենից շատ են տուժել փախստականների հոսքից: Լիբանանում մոտ 700 հազար սիրիացի փախստական կա, Հորդանանում՝ կես միլիոն: Եթե ԱՄՆ-ն հարվածի, փախստականների հոսքը կաճի մի քանի անգամ, իսկ հարևան երկրների հնարավորություններն արդեն սպառված են: Ալժիրը ևս հայտարարեց, որ Սիրիայի դեմուժի կիրառումն անթույլատրելի է, հաշվի առնելով, որ մինչ օրս հավաստի չէ՝ ով է քիմիական զենք օգտագործել: Երկրում արդեն տարածաշրջանում նոր պատերազմի դեմ հանրահավաքներ են անցել: Եգիպտոսը, որն ամենախոշոր և նշանակալի արաբական երկիրն է, նույնպես չի ցանկանում, որ Սիրիան օտար ռազմական միջամտության ասպարեզ դառնա: Հատկանշական է, որ ճգնաժամում գտնվող Եգիպտոսի դիրքորոշումը տարբերվում է նրա հիմնական վարկատուների՝ Պարսից ծոցի երկրների դիրքորոշումից:

Ինչ վերաբերում է Պարսից ծոցի նավթային միապետություններին, ապա նրանք կողմ եմ հարվածին: Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Աբդել Լատիֆ ազ Զիյանին կոչ է արել միջազգային հանրությանը «անհապաղ միջամտել և փրկել Սիրիայի ժողովրդին ռեժիմի կամայականությունից»: Նա Սիրիայի կառավարությանըմեղադրել է մեջ սեփական ժողովրդի նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ: Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր՝ 2011թ. Պարսից ծոցի երկրները բացահայտորեն սատարում են սիրիական ընդդիմությանը, այդ թվում զինյալ խմբավորումներին, որոնք հակազդում են կառավարությանը: Դա բացատրվում է նրանով, որ հզոր հարևանին՝ Իրանին (որը սերտ կապեր ունի Սիրիայի ներկա իշխանությունների հետ) թուլացնելու ցանկություն կա:

Մինչդեռ Reuters-ը զգուշացնում է, որ թուլացած «Ալ Քայիդան» կարող է վերածնվել Սիրիայում: «Դեռ վաղ է կանխատեսումներ անել, թե որքան լուրջ է այդ սպառնալիքը: Հնարավոր է, որ դա լինի նրա վերջին շունչը, սակայն որոշ հանգամանքներում անկայուն Մերձավոր Արևելքում նա կարող է ակտիվանալ»,- ասվում է «Ջիհադիստական ահաբեկչություն. սպառնալիքի գնահատականը» զեկույցում, որը պատրաստել է ԱՄՆ Անդրկուսակցական քաղաքականության կենտրոնը:

Սիրիացի ապստամբների ամենաարդյունավետ խմբավորումներից է «Ալ Նուսրայի ճակատը», որը, փաստորեն, «Ալ Քայիդայի» բաժանմունքն է: Ռազմական միջամտության հակառակորդներն ասում են, որ դա կարող է ձեռնտու լինել այդ խմբավորմանը: Սիրիացի ապստամբների զինումը կարող է հանգեցնել նրան, որ ջիհադիստական խմբավորումների ձեռքում լուրջ զենք կհայտնվի: Քիմիական զենքի պաշարները նույնպես խնդրահարույց են, եթե հայտնվեն նման խմբավորումների ձեռքում: Այդ դեպքում զենքը կարող է օգտագործվել Սիրիայում կամ դուրս բերվել այդ երկրից հետագայում օգտագործելու նպատակով:

Ինչպես նշել ենք, Մերձավոր Արևելքը, Օբամայի ծրագրի իրականացման դեպքում, քաոսում կհայտնվի: Որոշ վերլուծաբաններ ուղղակի խոսում են Երրորդ համաշխարհայինի մասին: Ըստ իս, արդյունքում կարող է ոչ միայն վերանալ Մերձավոր Արևելք հասկացությունը, այլ նրա ավերակների վրա կարող է առաջանալ անկախ Քրդստանը, ինչը ԱՄՆ վաղեմի գաղափարն է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---