Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է

1915 թ. մարտին Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում երիտթուրքերը կոտորեցին հույներին, որոնց մինչ այդ զորակոչել էին թուրքական բանակ

Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը: Այդ օրը հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ.:

PanARMENIAN.Net - 20-րդ դարի սկզբին Պոնտոսի հույների պատմությունն արդեն բոլորել էր 3-րդ հազարամյակը: Հույները մեծամասնություն էին կազմում Փոքր Ասիայի հյուսիսում (Պոնտոսում) և արևմուտքում (Անատոլիա), ինչպես նաև Կապադովկիայի որոշ գավառներում: Ինչպես և հայերը, հույներն այդ տարածքների բնիկ ժողովուրդն էին ու չէին ցանկանում ենթարկվել մահմեդականացմանն ու թրքացմանը: Թուրքական կառավարությունը վախենում էր, որ Անատոլիան ու Պոնտոսը կարող են դուրս գալ Թուրքիայի իշխանության տակից, ինչպես դա արդեն տեղի էր ունեցել Հունաստանի, Սերբիայի ու Բուլղարիայի պարագայում, և հետո թուրքահպատակ հույների, հատկապես պոնտոսցիների թվում մեծ տոկոս էին կազմում բարձագույն կրթությամբ մտավորականներն ու հաջողակ ձեռներեցները, որոնք բարձր դիրք էին զբաղեցնում և զգալի ազդեցություն ունեին թուրքական տնտեսության վրա:

Ուստի Թուրքիան «վճռական միջոցների» դիմեց արմատախիլ անելու համար հունական տարրը, ինչն էլ ի կատար ածվեց 1908 թվականից հետո, երբ իշխանության եկավ երիտթուրքերի կուսակցությունը, որը հռչակեց «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսը: 1911 թվականի սեպտեմբերին բացահայտ քննարկվեց Թուրքիայի ազգային, հատկապես քրիստոնյա, փոքրամասնությունների բնաջնջման հարցը, ինչն առաջին հերթին վերաբերում էր հույներին ու հայերին:

1915 թվականի մարտին Զմյուռնիա (այժմ Իզմիր) քաղաքի մերձակայքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում երիտթուրքերը կոտորեցին հույներին, որոնց մինչ այդ զորակոչել էին թուրքական բանակ: Թուրքիայի հունական բնակչության էթնիկ զտումներն ակտիվորեն իրականացնում էին թուրք ազգայնականները Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) ղեկավարությամբ 1919-1922 թթ. թուրք-հունական պատերազմի ժամանակ: 1919 թվականի մայիսի 19-ին, երբ Քեմալը ժամանեց Սամսուն և սկսվեց Պոնտոսի հույների կոտորածի երկրորդ ալիքը, նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր:

Զմյուռնիայի կոտորածը 1919-1922 թթ. թուրք-հունական պատերազմի վերջին դրվագն է: 1920 թվականի սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Զմյուռնիա ու թուրքական խաժամուժ զանգվածի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը: Սեպտեմբերի 13-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր: Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։ Ըստ տարբեր աղբյուրների սպանվածների թիվը 60-260.000 է: Եվս 160.000 տղամարդ բռնի տեղահանվեց դեպի Անատոլիայի խորքերը, մեծ մասը զոհվեց ճանապարհին:

Դրանից հետո քաղաքի ավանդական հելլենական դիմագիծը փոխվեց, այն դարձավ գրեթե ամբողջությամբ թուրքական ու մահմեդական:

Մինչդեռ, չնայած, որ 1918 թ. Առաջին աշխարհամարտի ավարտից հետո փաստացի պահպանվեց Հունաստանի ու Մեծ Բրիտանիայի դաշինքը, Բրիտանիան այդպես էլ աջակցություն չցուցաբերեց հույներին: Իսկ թուրքերին ակտիվորեն օգնում էր Խորհրդային Ռուսաստանը, որի հետ պայմանավորվածությամբ Թուրքիան այլևս չէր հավակնում կովկասյան հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի վրա: Հույների ցեղասպանության զոհերի թիվը տարբեր գնահատականներով 350.000-ից 1,2 միլիոնի է հասնում:

1994 թվականի փետրվարի 24-ին հունական խորհրդարանի միանձնյա որոշմամբ մայիսի 19-ը սահմանվեց որպես Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օր:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել են միայն Հունաստանի խորհրդարնն ու ԱՄՆ Նյու Յորքի նահանգը:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---