Հայտնիները. Պարզության վարպետը՝ Սթիվեն Հոքինգ

Հայտնիները. Պարզության վարպետը՝ Սթիվեն Հոքինգ

Հոքինգը եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա

Սթիվեն Հոքինգն անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ է, որը, չնայած Նոբելյան մրցանակի բացակայության, բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակներ ունի: Նա ծնվել է մեկ այլ՝ ոչ պակաս ակնառու ֆիզիկոսի՝ Գալիլեո Գալիլեյի մահից ուղիղ 300 տարի անց, որը նույնպես մեծ ազդեցություն էր թողել իր ժամանակվա գիտության վրա: Հոքինգն ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև անցքերի ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում: Նա այն եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա:

PanARMENIAN.Net - […] Դպրոցում Հոքինգը շատ վատ էր սովորում: Մի փոքր ջանք գործադրելով՝ նա կարողացավ միջին արդյունքների հասնել, բայց ավելի բարձր, գերազանցիկի մակարդակի՝ ոչ: Բայց համադասարանցիները նրան Էյնշտեյն էին կոչում. հավանաբար, Հոքինգի մեջ ինչ-որ բան էին նկատել, որով նա տարբերվում էր մյուսներից: Ցածր գնահատականների պատճառով խնդիրներ առաջացան, հայրը երազում էր, որ որդին Օքսֆորդ ընդունվի, սակայն կրթաթոշակի հույս չկար: Երիտասարդը չէր ուզում հիասթափեցնել ծնողներին և, երբ գործը հասավ ավարտական քննություններին, ֆիզիկայից ամենաբարձր միավորը ստացավ՝ արժանանալով կրթաթոշակի:

Հոքինգը հիշում է, որ համալսարանում շատ էր ծուլանում և պարապմունքներին օրը մեկ ժամից ավելի չէր հատկացնում, չնայած արդյունքում Օքսֆորդն առաջին աստիճանի դիպլոմով ավարտեց: Ասում է. «չեմ հպարտանում դրանով. ուղղակի ուզում եմ փոխանցել իմ այն ժամանակվա զգացողությունները, որոնք բնորոշ էին ուսանողների մեծամասնությանը՝ ձանձրույթն ու աշխատելու ցանկության բացակայությունը»: Ամեն ինչ փոխեց բժիշկների ախտորոշումը, որ իրեն մի քանի տարվա կյանք է մնացել: 21-ամյա երիտասարդին ցնցեց նորությունը: Նա սկսեց Վագների երաժշտությունը լսել, կորցրեց ուսումն ավարտելու ցանկությունը: Բայց ընկճվածությունը երկար չտևեց: Երբ Հոքինգը պարկած էր հիվանդանոցում, նրա կողքի մահճակալին լեյկոզով հիվանդ մի տղա մահացավ: Ավելի ուշ նա գրել է՝ հենց որ իրեն խղճալու ներքին ցանկություն է արթնանում, հիշում է այդ տղային...

Ի զարմանս հենց Սթիվենի, նա սկսեց կյանքից ավելի մեծ հաճույք ստանալ: Ծանոթացավ Ջեյն Ուայլդի հետ ու շուտով նշանվեց: Ամուսնանալու համար նրան դիպլոմ էր անհրաժեշտ, ու երևի թե կյանքում առաջին անգամ Հոքինգը սկսեց իսկապես ջանալ: Ապրելու ցանկությունը խթանեց նրա բոլոր կենսական ուժերը: Նրա խոսքով, վաղաժամ մահի հեռանկարն իրեն դրդեց մտավոր բազմաթիվ հայտնագործությունների:

[…] Հոքինգն ասում է՝ կանայք իր համար «կատարյալ հանելուկ են»: Ըստ նրա, օրվա մեծ մասը ծախսում է այդ խնդրին լուծում տալու վրա: Գիտնականը երկու անգամ է ամուսնացել և ամուսնալուծվել: Ասում է՝ տրախեոտոմիկ վիրահատությունից հետո շուրջօրյա խնամող էր անհրաժեշտ, ինչը գնալով մեծացնում էր առաջին կնոջ՝ Ջեյնի հետ հարաբերություններում լարվածությունը: Ի վերջո նա Քեմբրիջում նոր բնակարան տեղափոխվեց, 1995-ին էլ ամուսնացավ իրեն խնամող Էլեյն Մեյսոնի հետ: 2006-ի հոկտեմբերին, 11 տարի համատեղ կյանքից հետո նրանք բաժանվեցին: Այսօրվա դրությամբ Հոքինգը 3 երեխա և 3 թոռ ունի:

[…] Չնայած Հոքինգը դեռ 30 տարեկանից ամբողջովին պարալիզացված է, նա շարունակում է դասախոսություններ կարդալ ու գրքեր գրել: Այդ ամենի համար պարտական է իր անվասայլակին, որի մեջ ամերիկյան Words+ ընկերությունը 1985-ին արտաքին աշխարհի հետ կապի համակարգ է տեղադրել: Նրա ակնոցի շրջանակին փոքրիկ սարք է ամրացված: Դա շարժման ինֆրակարմիր հաղորդիչ է, որը նման է ֆոտոխցիկում ու խաղային կոլնսուլներում օգտագործվողներին: Բայց այն միացված է շատ ավելի բարդ համակարգչի: Գիտնականի միմիկական շարժումների օգնությամբ, որոնք միակն են, ինչը հիվանդությունը չի ոչնչացրել, համակարգը որոշում է, թե կոնկրետ ուր է ուղղված նրա հայացքը: Այդպիսով ինֆրակարմիր հաղորդիչը թույլատրում է պարալիզացված գիտնականին շփվել աշխարհի հետ: Եթե նպատակը համակարգչի էկրանին գտնվող որոշակի տարածք է, Հոքինգը կարող է կամքի ուժով «սեղմել» դրան: Հենց այդպես էլ նա հավաքում է իր հոդվածները, նամակներ գրում ու նույնիսկ խոսում՝ հայացքով տառ առ տառ հավաքելով տեքստը:

Իր «խելացի տունը» Հոքինգը նույնպես կառավարում է միմիկական ազդանշանների միջոցով, որոնք հաղորդիչը կարդում է նրա դեմքից ու անլար կապի միջոցով հաղորդում այլ սարքավորումներին: Գիտնականը հայտարարել է՝ «փաստը, որ կապված եմ արհեստական շնչառության սարքին, կյանքս չի փոխում: Այն պահից, երբ էլ չէի կարողանում առանց դրա, եղել եմ Բրյուսելում, Մեն կղզիում, Ժնևում, Կանադայում, երկու անգամ Կալիֆորնիայում... հուսով եմ՝ կկարողանամ տիեզերք էլ թռչել Virgin Galactic ընկերության սարքով»:

[…] Սթիվեն Հոքինգը կարծում է, որ ժամանակի մեջ տեղափոխվելն անհնար է: Ավելին, նա ասում է՝ էքսպերիմենտով հաստատել է իր այդ պնդումը: 2009-ի հունիսի 28-ին Հոքինգը ժամանակի միջով ճամփորդների համար երեկույթ էր կազմակերպել, որի մասին հայտարարությունը համացանցում տեղադրել էր միայն հաջորդ օրը: Հանդիպմանը ոչ ոք չէր եկել:

[…] Գիտնականը կիբերնետիկ տեխնոլոգիաների կրքոտ կողմնակից է ու ոչ մի վատ բան չի տեսնում օրգանիզմի որոշ մասեր կիբերնետիկ պրոթեզներով փոխարինելու ու կիբօրգ դառնալու մեջ:

[…] 2007-ին՝ 65 տարեկանում, կատարվեց Հոքինգի կյանքի երազանքը՝ նա հայտնվեց անկշռության մեջ, որտեղ Zero Gravity ընկերության շնորհիվ «սավառնում» էր: Կորպորացիան հատուկ ծառայություն է մատուցում՝ կտրուկ վերև բարձրացող և ներքև իջնող ինքնաթիռում թռչողները մի քանի փուլով մոտ 25 վայրկյանի ընթացքում անկշռության զգացողություն են ունենում: Այդպիսով, տասնամյակների մեջ առաջին անգամ անվասայկալից ազատված Հոքինգը կարողացավ նույնիսկ մարմնամարզական հնարք կատարել:

Հնարավոր գլոբալ տաքացման կամ միջուկային պատերազմի հավանականության մասին Հոքինգն ասում է, որ մարդկության ապագան կարող է անցնել տիեզերական տարածությունում երկար ճանապարհորդության մեջ: Նա տիեզերական մասնավոր հետազոտությունների կողմնակից է, քանի որ հուսով է՝ տիեզերական տուրիզմը շուտով հասարակական կդառնա, ու գոյատևելու համար մենք կկարողանանք այլ մոլորակներ ճանապարհորդել:

[…] 2008-ին Հոքինգն ասել է, որ հավատում է այլմոլորակային կյանքին, քանի որ, ըստ նրա, Տիեզերքը վերջ չունի, որովհետև, ինչպես և Երկիրը, կլոր է, կամ նման դրան: Նրա խոսքով, պրիմիտիվ կյանքն անկասկած շատ տարածված է, իսկ ահա խելացին՝ հազվադեպ է:

[…] Գիտնականը պաշտոնապես հայտարարել է, որ խոսքի սինթեզատորով վերարտադրվող իր յուրահատուկ ձայնը, ինչպես նաև բնորոշ տոնայնությունը, Ջեյմս Բոնդի մասին հաջորդ լիամետրաժ կինոնկարում գլխավոր չարագործի կերպարը մարմնավորելու համար կարող են իդեալական լինել: Նա խոստովանել է, որ ամենևին դեմ չէր լինի որևէ դեր խաղալ 007 գործակալի մասին ֆիլմում: Ի դեպ, Հոքինգի կերպարը կինոմատոգրաֆիստները բազմիցս են օգտագործել: Օրինակ, ֆիզիկոսի նմանակին կարելի է տեսնել «Սիմփսոնները» մուլտսերիալի մասերից մեկում: Նա նաև նկարահանվել է կամեոյի դերում «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալի էպիզոդում: Բացի այդ, Հոքինգը մտադիր է միանալ հայտնի բրիտանական հումորիստական «Մոնտի Փայթոն» խմբին իրենց հրաժեշտի շոուի ժամանակ, որը կայանալու է 2015-ի հուլիսի 1-ին Լոնդոնում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---