// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ

Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ

Թուրք-եվրոպական հարաբերությունների վատթարացման նոր շրջանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդների ղեկավարությանն անվանել է նացիստների և ֆաշիստների հետնորդներ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նույն որակումն էր տվել Գերմանիայի իշխանություններին: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է, թե ինչը դարձավ թուրք-եվրոպական հարաբերությունների վատթարացման պատճառ 2017-ի մարտին:

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Նիդերլանդների միջև առճակատման պատճառ են դարձել հոլանդական իշխանությունների գործողությունները, որոնք ընդդիմացան Թուրքիայի ԱԳ նախարարի այցին երկիր: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր էր մարտի 11-ին մասնակցել Ռոտերդամում կայանալիք տեղաբնակ թուրքերի հանրահավաքին և քարոզել հօգուտ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի, սակայն նրա ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել: Իսկ Թուրքիայի ընտանեկան գործերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայեն Քայան փորձել է ցամաքով մուտք գործել Նիդերլանդներ հանրահավաքին մասնակցելու նպատակով, սակայն հոլանդական ՆԳՆ-ն փակել է ճանապարհը, իսկ նրան հայտարարել են «անցանկալի օտարերկրացի» և արտաքսել են երկրից:

Հոլանդիայի ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը Ռոտերդամում Թուրքիայի դեսպանատան մոտ, որը վերաճել է անկարգությունների: 12 մարդ բերման է ենթարկվել: Հավաքվածները բողոքում էին Չավուշօղլուի այցը երկիր արգելելու դեմ:

Դա ագրեսիվ արձագանք ստացավ Թուրքիայում: Ստամբուլում կայացած հանրահավաքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Նիդերլանդների ղեկավարները նացիստների և ֆաշիստների հետնորդներ են և սպառնաց պատասխան միջոցներ ձեռնարկել: Թուրքիայի ԱԳՆ-ն անցանկալի է հայտարարել Նիդերլանդների դեսպանի վերադարձը երկիր արձակուրդից հետո:

«Հոլանդիա, տեսնենք, թե այսուհետ ինչպես են ձեր ինքնաթիռները ժամանելու Թուրքիա: Ես խոսում եմ դիվանագետների, ոչ թե շարքային քաղաքացիների մասին», - Ստամբուլում սպառնացել է էրդողանը:

Մարտի սկզբին Էրդողանը նույն բովանդակության հայտարարություններ է արել նաև եվրոպացի այլ քաղաքական գործիչների հասեցին:

Մարտի 5-ին Էրդողանը դատապարտել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Եվրոպայի թուրք դեմոկարտների միության հանրահավաքն արգելելու համար: Նա հայտարարել է, թե «նրանց գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստների մեթոդներից»:

Էրդողանի այդ հայտարարությունը լայն արձագանք է ստացել աշխարհում և հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Գերմանիայի կանցլեր Մերկելն ասել է, որ այդպիսի հայտարարությունները «ոչ մի արդարացում չեն կարող ունենալ»:

Ակնհայտ է, որ Էրդողանը գոհ է եվրոպացի քաղաքական գործիչների դեմ «հականացիստական հռետորաբանության» կիրառման արդյունքներից:

Թուրքիան հանրաքվեին ընդառաջ

Փորձագետները կարծում են, որ Էրդողանի վարքագիծը կապված է ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեի հետ, որտեղ քվեարկության է դրվելու Թուրքիայի սահմանադրության մեջ փոփոխությունների հարցը, որոնք ենթադրում են անցում խորհրդարանականից նախագահական կառավարմանը: Անկարան այդ կապակցությամբ մի շարք հանրահավաքներ է կազմակերպում մի եվրոպական երկրներում՝ արտերկրում ապրող թուրքերի ձայները ստանալու ակնկալիքով:

Գերմանիայում «Եվրոպայի թուրք դեմոկրատների միության» միջոցառմանը պետք է մասնակցեին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագն ու էկոնոմիկայի նախարար Նիհատ Զայբեկչին:

«Գերմանիայի իշխանությունները խոչընդոտում են թուրք քաղաքական գործիչների ելույթները: Մի՞թե Բեռլինում կարծում են, որ նման մեթոդներով կարող են ազդել սահմանադրական հանրաքվեի արդյունքների վրա»,-ասել է Էրդողանը:

Նմանատիպ հանրահավաք պետք է կայանար նաև հոլանդական Ռոտերդամում ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ, սակայն արդեն մարտի 8-ին հայտարարվեց, որ հանրահավաքը չի կայանալու: Ի պատասխան Չավուշօղլուն հայտարարեց, թե եթե Նիդերլանդները չեղարկեն իր այցը, Թուրքիան խիստ պատժամիջոցներ կսահմանի:

Դրանից հետո, ըստ Նիդերլանդների իշխանությունների, «արդեն անիմաստ էր մերձեցման եզրեր գտնել»: Ինչպես հայտնի է Էրդողանն ի պատասխան սպառնալիքներ տեղաց Նիդերլանդների հասցեին, սակայն Հոլանդիայում չեն վախենում թուրք նախարարի սպառնալիքներից:

Մարտի 12-ին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հրաժարվել է կառավարության անունից ներողություն խնդրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռի մուտքը երկիր կասեցնելու համար:

«Ներողության մասին խոսք լինել չի կարող, այդ նրանք պետք է ներողություն խնդրեն իրենց գործողությունների համար»,-ասել է Ռյուտտեն:

Ինչ վերաբերում է ընտանեկան հարցերով Թուրքիայի նախարարի այցը թույլ չտալուն, ապա ըստ Ռյուտտեի, Նիդերլանդների կառավարությունը ցանկանում էր, որ «նա հեռու մնա»: «Դա քաոսի հանգեցրեց և այն պատկերին, որ ունեինք Ռոտերդամի կենտրոնում»,-ասել է վարչապետը:

Էրդողանն ամեն ինչում մեղադրում է գյուլենականներին

Ըստ ռուս փորձագետների, պատահական չէ, որ Էրդողանն իր նախընտրական արշավում ակտիվորեն շահագործում է թշնամու կերպարը, խոսքն առաջին հերթին գյուլենականների մասին է:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:

Գյուլենի առանցքային դիրքորոշումներից մեկն այն է, որ թուրքերը կորցրել են իրենց ուղին և միակ ելքն այդ իրավիճակից կրթությունն է, ուստի կազմակերպության գործողություններն ուղղված են նաև սեփական դպրոցների ստեղծմանը: ԱՄՆ-ում այդպիսի մոտ 100 դպրոց կա:

© Reuters

Էրդողանը բազմիցս է պահանջել արևմտյան երկրներից փակել այդ կրթական հաստատությունները:

Ըստ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Իլշատ Սվետաևի, հենց գյուլենականներին աջակցելու պատճառով է Էրդողանն ակտիվորեն դատապարտում արևմտյան երկրներին:

Հարկ է նշել, որ Էրդողանի քարոզարշավն, ըստ սոցհարցումների, այնքան էլ մեծ աջակցություն չի ստանում քաղաքացիների կողմից: Թուրքիայի բնակչության ավելի քան 57 տոկոսը դեմ է Էրդողանի առաջարկած ուղղումներին:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում
Ինչպես է անցկացվում անապատային «ամենապոստապոկալիպտիկ» փառատոնը
Մայիսի գլխավոր գիտական իրադարձությունները
Ինչպես առաջացավ Սաուդյան Արաբիա-Լիբանան-Իրան թնջուկը
 Ուշադրության կենտրոնում
Ալիև. Ադրբեջանը նոր արդիական զինատեսակներ կգնի

Ալիև. Ադրբեջանը նոր արդիական զինատեսակներ կգնի Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»

 Բաժնի այլ նյութերը
Ընտանեկան բռնություն, գարդասիլ ու ծխելու արգելք 2017-ի ամենահնչեղ 10 հասարակական իրադարձությունը
Պայթյուն վերջին ակորդի ժամանակ Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ
Եղիցի լույս Մարտի գլխավոր գիտական իրադարձությունները