// IP Marketing video - START// IP Marketing video - END
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում

Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում

Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի

Բրազիլական ջիու-ջիցուն մարտարվեստ է և միջազգային մարզական մենամարտ, որի հիմքում պայքարն է պարտերում՝ գետնին, ինչպես նաև ցավոտ և խեղդող հնարքներ: Այս մարտարվեստն առաջացել է XX դարի սկզբին Կոդոկան ձյուդոյի հիման վրա, որն ինքնուրույն նորաստեղծ համակարգ էր, հիմնված 1882-ին, որը ձևավորել էին ճապոնական ջիու-ջիթսուի (րյու) բազմաթիվ դպրոցները: Արվեստը հիմնված է այն սկզբունքի վրա, որ թույլ մարդը կարող է պաշտպանվել իրենից ուժեղ մրցակցից և նույնիսկ հաղթել նրան: 2009-ից Հայաստանում բրազիլական ջիու-ջիցուի Դրակուլինո խումբ է գործում: PanARMENIAN.Net-ը զրուցել է թիմի մարզչի և մարզիկների հետ՝ ներկայացնելով մարտարվեստի առանձնահատկությունները:

PanARMENIAN.Net - Կարապետ Սահակյան, ՀՀ-ում բրազիլական ջիու-ջիցու թիմի մարզիչ, PAN Photo ֆոտոգործակալության լուսանկարիչ

Ջիու ջիցուն ինձ օգնել է ավելի լավ մարդ դառնալ, ավելի հանգիստ լինել: Այս մարտարվեստը համեմետում են շախմատի հետ: Այստեղ գործում է Technique over strength սկզբունքը (տեխնիկան ուժից առավել է): Ամեն մի շարժումդ նման է շախմատի մի քայլի, պետք է 2-3 քայլ առաջ մտածես: Ջիու-ջիցուն սովորեցնում է դիմացինիդ ավելի լավ կարդալ, իսկ ինքն իրենով ինքնապաշտպանության արվեստ է. չմոռանանք, որ ստեղծվել է Բրազիլիայում վտանգավոր ժամանակներում, ստեղծվել է, որ թույլ մարդը փողոցում կարողանա իրեն պաշտպանել:

Ջիու-ջիցուից առաջ զբաղվում էի հարվածային մարտարվեստներով՝ սամբո, այկիդո, քիք-բոքսինգ, մուայ-թայ ու ավելի ագրեսիվ էի, ջիու ջիցուն դա փոխեց: Այս մարտարվեստը կամ պիտի սիրես կամ չէ, մարզվելու այլ մոտիվացիա չգիտեմ: Ջիու-ջիցուին առաջին հայացքից սիրահարվեցի:

Երբ 2006-ին Հունաստանից տեղափոխվեցիՀայաստան, այստեղ չկար ջիու-ջիցու, կային խմբեր, բայց ճապոնական, ոչ բրազիլական ջիու-ջիցուի: Սկսեցի սամբո պարապել, որը մոտիկ է ջիու ջիցուին, նույնպես ընբշմարտային է, իսկ 2009-ին արդեն որոշեցի ջիու-ջիցուի իմ խումբը բացել՝ Հունաստանի իմ մարզիչներից իրավունք ստանալով խումբն անվանել Դրակուլինո: Այդ մականունը պատկանում է ջիու-ջիցու ամենաճանաշված մարզիկներից մեկին:

Գաղափարախոսության մասին

Այս մարտարվեստի փիլիսոփայությունը հետևյալն է. կռվել ես իմանում ու կարող ես դիմացինիդ վնաս տալ, բայց չես կռվում, չես վնասում: Իհարկե կան մարդիկ, որոնք մարտարվեստն օգտագործում են մարդուն վնաս տալու համար, բայց ընդհանուր գաղափարախուսությունն այն է, որ պետք է միայն պաշտպանես քեզ, ընկերներիդ, հարազատներիդ: Եթե իմ մոտ գալիս են պարապելու, ու տեսնում եմ, որ նպատակը մարդ ծեծել սովորելն է, ագրեսիվ են, չեմ ընդունում խումբ:

Առաջին հարվածի մասին

Ինքնապաշտպանությունը մինչև առաջին հարվածն է, դրանից հետո էլ ինքնապաշտպանություն չկա՝ քո հարձակումն է, առաջին հարվածը պահեցիր՝ պիտի հարձակվես:

Ջիու-ջուցուն միակ մարտարվեստն է, որ ռեալ մահվան սիմուլյացիա է համարվում, պիտի պաշտպանվես, որ չմեռնես, նաև պետք է մրցակցիդ հնարավորություն տաս հանձնվելու, որ վնաս չտաս: Եթե մրցման ժամանակ մրցակիցդ ավելի ագրեսիվ է լինում քո հետ, ապա դու ավելի ագրեսիվ ես աշխատում, սակայն ինչքան ագրեսիվ լինես՝ այդքան ավելի վատ ես աշխատելու, ջիու ջիցուի մեջ պետք է թուլանալ, հանիգստ լինել, մտածել, լարված մկանը շուտ կվնասվի:

Գետնին կռվելու մասին

Ջիու-ջիցուն էստետիկ տեսանկյունից սիրուն չի, դա ճիշտ է, ուղղակի մյուս մարտական մարզաձևերից արդյունավետ է: Չեմ թերագնահատում մյուսներն, ամեն մեկն իր լավ կողներն ունի, բայց կռրիվները փողոցներում այսպես են լինում. իրար խփում են, փաթաթվում ու ընկնում գետնին, իսկ ով որ գիտի կռվել գետնի վրա, արդեն առավելություն ունի:

Աղջիկ մարզիկների մասին

Աղջիկների մոտ Stranght over power տեխնիկան լավ է ստացվում, տղաներն այդ հարցում ավելի շատ ֆիզիկական ուժ են գործադրում, այնտեղ զուտ տեխնիակական մանրուքներ կան, որոնց մեջ տղաները չեն խորանում, քանի որ ուժ ունեն, իսկ աղջիկները դա կոմպենսացնում են արդեն տարբեր տեխնիկական հնարքներով: Ջիու-ջիցուում այնպիսի տեխնիկայով աղջիկներ կան, որ խորհուրդ չեմ տա ոչ մեկին իրանց հետ խնդիր ունենալ: Այնպես որ, տեխնիկապես աղջիկների մոտ ավելի գեղեցիկ է ստացվում:

Օլիմպիականի մասին

Ցանկանում են ջիու-ջիցուն օլիմպիական ձև սարքել, բայց ես չեմ կարող ասել, որ դրական եմ նայում դրան. օրինակ, սովորական ձյուդոն օլիմպիականից շատ ավելի գեղեցիկ է, քանի որ օլիմպիական կանոններով ինչ-որ հնարքներ արգելվեցին կան կամ սահմանափակվեցին: Մեր մոտ ամեն ինչ թույլատրվում է:

Կարծում եմ՝ որպես բիզնես շատ մարդկանց դա ձեռնտու կլինի, ավելի շատ մարդ կսկի պարապել ջիու-ջիցու, բայց իմ կարծիքով, որպես մարդարվեստ միայն կտուժի: Տարբեր երկրներում, ինչպես և մեր մոտ, կան ջիու ջիցուի խմբեր, իսկ բրազիլական ջիու-ջիցուի միջազգային ֆեդերացիան համակարգում է բոլոր խմբերի գործունեությունը, մրցումներ, սեմինարներ է կազմակերպում:

Անուշ Առաքելյան, համակարգչային խաղերի նկարիչ-դիզայներ

Ջիու-ջիցուն առնչվում է մարդու էգոյի հետ:

Չես կարող դիմացինիդ հաղթել, այս մարտարվեստի մեջ գոյատևել, եթե չսովորես ու չկարողանաս պարտվել: Չես կարող առաջ գնալ, մինչև վախենում ես պարտվելուց: Այստեղ հաջողության հիմնական նախապայմանը պարտվելուց չվախենալն է, պետք է հասկանաս, որ դրա մեջ ոչ մի վախենալու բան չկա, պիտի լինի ընկալում, որ պարտությունը կյանքում նորմալ երևույթ է: Այստեղ ավելի շատ սովորում ես պարտվել, քան հաղթել, իսկ եթե հաղթահարում ես պարտությունները՝ կյանքի մյուս ոլորտներում շատ բան է փոխվում: Իմ մոտ կապ է ստեղծվել այս մարտարվեստի ու աշխատանքի միջև, եթե ստեղ ինչ-որ բաներ փոխվում է, այնտեղ էլ է փոխվում, ավելի լավ է ստացվում:

Եթե ինչ-որ բան չի ստացվում, ջիու-ջիցուն սովորեցնում է չհանձնվել միանգամից, շատերը մարտարվեստից հեռանում են՝ անհաջողություններին չհամակերպվելով, բայց պիտի պատրաստ լինես, որ կարող ես պարտվել քեզանից թույլին կամ տարիքով փոքրին, դա էգոյի խնդիր է:

Իմ կյանքում միշտ ձգտել եմ հաղթանակների ու դրանք շատ են եղել, բայց քեզանից ուժեղ մրցակցից միշտ ավելի շատ սովորելու հնարավորություն կա, նրա ուժն իր դեմ օգտագործելու հնարավորություն, վերցնելու բան պիտի ունենաս, պիտի ձգտես հասնել ավելի ուժեղին: Ջիու-ջիցուում իմ նպատակը սև գոտի ունենալն է:

Արտուր Խաչիկյան, գրաֆիկ դիզայներ

Գիշերը գործ անելուց եմ ջիու-ջիցուի մասին կարդացել, տեսանյութ դիտել ու ֆիքսվել դրա վրա: Այս մարտարվեստն ավելի շատ շախմատ է, մտածելու վրա է, մի քանի քայլ առաջ հաշվարկ անելու, հետագա քայլերը հաշվարկելու կարողություն: Հենց դա ինձ դուր եկավ, իրար չեն ծեծում այստեղ: Ջիու-ջիցուն սովորեցնում է համբերատար լինել, հոգեպես հավասարակշռված լինել, եթե չլինես հավասարակշռված, մարտում ավելի շատ ուժ ես ծախսելու ու չի ստացվելու: Ինչքան էմոցիոնալ ես լինելու, այդքան ավելի շատ ջանքեր ես գործադրելու, էներգիա ծախսելու, իսկ դա բերում է բացթողումների, վնասվածքների: Ջիու-ջիցուն սովորեցնում է դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից:

Մեր դպրոցում կարևոր է նաև հարգանքը մրցակցի նկատմամբ, օրինակ գոտեմարտի ժամանակ քո ձեռքն այնպիսի դիրքում է հայտնում, որ կարող է կոտրվել, այդ պահին կարևոր է ինքնատիրապետումը, աշխատում ենք քիչ վնաս հասցնել, դա հենց հարգանք է:

Մարտարվեստում ձեռքով հանձնվելու նշանի գաղափար, դա էլ է հարգանքի նշան, եթե չհանձնվեցիր, կարող ես քեզ վնասել, վնասվածք ստանալ: Ջիու-ջիցուն ինձ հանգստություն է տվել, ավելի հավասարակշռված, համբերատար գոհեվիճակ: Բոլոր սպորտաձևերի մեջ կա փիլիսոփայություն, բայց պետք է քո սեփական փիլիսոփայությունն էլ ունենաս, իմանաս ինչի համար ես պարապում:

Նարեկ Գալստյան, աշխատում է սպասարկման ոլորտում

Իմ համար ջիու-ջիցուն կախվածություն է, այստեղ ընտանիք է մարդկային հարաբերությունների առումով, ոչ թե ուղղակի մարտարվեստ, շատ մտերիմ է դարձնում ամեն ինչը, ավելի բարձր մակարդակի հասցնում մարդկային շփումները: Եթե ասեմ բնավորությանս գծեր է փոխել՝ սուտ կլինի, ուղղակի որոշ չափով համբերատարություն է տվել, հավասարակշռվածություն: Ընդհանուր առմամբ, կոպիտ սպորտ է, իրար հետ շատ ուշադիր ենք, որ վնասվածք չհասցնենք: Ինքն իրենով այս սպորտը չի սիրում շտապել, ավելի շատ մտածողական և սպասողական էլեմենտներ ունի. մի շտապիր, թե չէ սխալներ թույլ կտաս:

Գոհար Մուսոյան, աշխատում է համակարգչային խաղերի ոլորտում

Ջիու-ջիցու սկսել եմ պարապել 2016-ի օգոստոսից: Առհասարակ դեռ փոքր տարիքից շատ եմ հետաքրքրվում տարբեր մարտարվեստներով. դպրոցում կարատեով եմ զբաղվել: Ջիու-ջիցուի մասին տեսանյութեր էի նայել ու հասկացել, որ կարոտել եմ մարտարվեստով զբաղվելուն, այս կարգի միջավայրին: Իհարկե կա տարբերություն, կարատեն հենց հարձակվողական է, իսկ ջիու-ջիցուն ավելի շատ ինքնապաշտպանության համար է, այն ավելի հոգեհարազատ է ինձ: Գտնում եմ, որ ինչ-որ մարտարվեստի պիտի տիրապատես, եթե հնարավորություն կա: Ջիու-ջիցուն շատ կոնտակտային մարտարվեստ է: Այստեղ կա ստրատեգիա, լոգիկա, տեխնիկա, ինչ-որ չափով նաև ֆիզիկականը:

Արտակ Մուղնեցյան, Tatoo-art-ի մասնագետ

2010-ին ենք սկսել զբաղվել Հայաստանում ջիու-ջիցուով, դրանից առաջ 10 տարուց ավելի սամբո եմ պարապել: Այստեղ «խաղի կանոնները» ավելի ազատ են, այսինքն հնարավորություն է տալիս ինչ-որ արդյունքի հասնել, այլ մարզաձևերի պես չեն նայում, թե արդյունք տալու ես թե չէ, ըստ դրա որոշեն, պարապացնելու են, թե ոչ, դա առաջնայինը չէ, եթե ուզում ես, քեզ կսովորեցնեն, անկախ նրանից, թե արդյունք ցույց կտաս թե չէ: Ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոնը կարող է սովորեցնել փոքրերին, ոչ մեկից բարձր իրեն չի պահի:

Ստեղ հնարավորություն են տալիս մարդուն աճել: Մարտարվեստը սովորեցնում է ամեն հարցին հանգիստ վերաբերվել, չջղայնանալ, տիրապետել քեզ, հանգստանալ և դուրս գալ բարդ իրավիճակից:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
 Ուշադրության կենտրոնում
Մխիթարյան. Ես ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար

Մխիթարյան. Ես ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար Մխիթարյանը հուսով է, որ «Արսենալը» կվերադառնա Չեմպիոնների լիգա

 Բաժնի այլ նյութերը
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»
«Անհաջողակները» 8 ֆուտբոլիստ, որոնք արժանի էին, բայց չդարձան Եվրոպայի չեմպիոն