2016-ի 10 կարևորագույն սպորտային իրադարձությունըՕլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: 2016-ը մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: 28 դեկտեմբերի 2016 PanARMENIAN.Net - ՀՀ տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն, 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Ներկայացնում ենք 2016-ի կարևորագույն սպորտային իրադարձությունները՝ ըստ PanARMENIAN.Net ի: Օլիմպիադայի երկար սպասված ոսկին Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն Օլիմպիական խաղերին ներկայացել է 33 մարզիկով՝ 8 մարզաձևում: Հայ մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում ոսկուց զրկվել և փոխչեմպիոն է դարձել ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիսոսյանն ու Գոռ Մինասյանը: Միհրան Հարությունյանը Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում է զրկվել օլիմպիական ոսկե մեդալից, ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է:
Օլիմպիկան մեդալներ էին սպասում նաև Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանից (նժույգաթափեր) ու հենացատկ վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանից: Մերդինյանը Ռիոյի Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ: Սակայն եզրափակչի վարժությունում թերություններ կային, արդյունքում նա միայն 7-րդ տեղը զբաղեցրեց: Արթուր Դավթյանն առաջին ցատկը անթերի կատարեց, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Երկու ցատկի հանրագումարում հայ մարզիկը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ուներ. ծանրորդ Գրետա Վարդանյանը (Գյումրի) և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը (Երևան): Խաղերում Վարդանյանը գրավել է 5-րդ տեղը: Հովակիմյանը Ռիոյում 100 մետր բրասից 13-րդ տեղն էի զբաղեցրել: Նոր տարր հայ մարմնամարզուհու անունով Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ընթացքում մարմնամարզիկների կողմից կատարված նոր տարրերը պաշտոնապես հաստատվել են որպես մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ կատարված հնարքներ և կոչվել դրանց հեղինակ-մարմնամարզիկների անուններով: Նոր տարրերին ամրագրված անունների շարքում է նաև Օլիմպիական խաղերում Հայաստանի ազգային հավաքականը ներկայացրած մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը, որը զուգահեռ պտտաձողերի վրա նոր հնարք էր կատարել: Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից: Սովորաբար, մարզիկների՝ ձողից բռնվելուն և կախվելուն օգնում են մարզիչները՝ գետնից նրանց բարձրացնելով:
Մարմնամարզության հայ չեմպիոնները Տղամարդկանց սպորտային մարմնամարզության 6 վարժություն գոյություն ունի՝ նժույգթափեր, հենացատկ, օղակներ, զուգափայտեր, պտտաձող, մանրահատակ: Դրանցից երեքում հայ մարմնամարզիկները դարձել են 2016-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն և փոխչեմպիոններ: Հայաստանի հավաքականի անդամներից Շվեյցարական Բեռն քաղաքում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ)՝ արծաթե մեդալակիրներ: Իսկ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, օղակների վրա ԵԱ փոխչեմպիոն է դարձել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: PanARMENIAN.Net ը զրուցել է թիմի մարզչի ու չեմպիոնների հետ, իսկ PAN Photo-ն լուսանկարել հին, մաշված գործիքներն ու մարզման գրեթե անմխիթար պայմանները: Հայաստանի ծանրամարտիկների պատմական արդյունքը Հայաստանի ծանրամարտիկների հավաքականն իր պատմության մեջ լավագույն արդյունքը գրանցեց՝ Եվրոպայի առաջնության մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցնելով առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճեցին 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան էր, երրորդ` Ուկրաինան: Տղամարդկանց պայքարում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը փոքր բրոնզե մեդալ ստացավ, Գոռ Մինասյանը՝ երկու արծաթ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզ: Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, իսկ տղամարդկանց հավաքականը երկրորդն էր՝ Ռուսաստանն առաջ անցավ:
Կանանց հավաքականի կազմում 2016-ի Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղը զբաղեցրեց, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ: PanARMENIAN.Net ը զրուցել է թիմերի գլխավոր մարզիչների ու մարզիկներից մի քանիսի հետ: Իսկ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը ծանրամարտիկ Սոնա Պողոսյանը ԵԱ փոխչեմպիոն է դարձել, Սամվել Գասպարյանը` բրոնզե մեդալակիր: Բացի այդ, ՀՀ հավաքականի երիտասարդ ծանրորդրենի մի քանի փոքր մեդալ են նվաճել: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նոր մարզիչն ու թիմի դրամատիկ հաղթանակը Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Հոկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր, շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ: Մասնագետների խոսքով, նահայկական ֆուտբոլի սան է, միևնույն ժամանակ, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին: 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ: Մարզիչ Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ առաջին իսկ խաղը Հայաստանի հավաքականը հաղթել է. 2018-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում հաղթանակ տոնեց խմբի առաջատար Չեռնոգորիայի նկատմամբ: Առաջին խաղակեսում հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը ու 35-րդ րոպեին Կոյաշևիչը բացեց հաշիվը: Արդեն 38-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց` գոլի հեղինակ դարձավ Յովետիչը: Ընդմիջումից հետո Հայաստանի ընտրանին, սակայն, առավել ակտիվ էր խաղում: Արդեն 50-րդ րոպեին դաշտի կենտրոնով կատարած հիանալի անցումից հետո պաշտպան Արտակ Գրիգորյանը խփեց առաջին գոլը: Իսկ 74-րդ րոպեին պաշտպանության գոտուց վրա հասած Հարոյանը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման վերջին վայրկյաններին (լրացուցիչ 3 րոպեի 2.57-րդ վայրկյանին) Հարոյանի փոխանցումից հետո հաղթական` երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը: Մխիթարյան. «Փշերի միջով դեպի աստղեր» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն՝ որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատասվարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Սակայն սեպտեմբերի 10-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք է ստանում, որը խորանում է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Դրանից հետո Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս, նույնիսկ երբ որ արդեն ապաքինվում է: Տեղեկություններ էին տարածվում, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Սիթիի» դեմ սեպտեմբերյան դերբիից հետո նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «Ֆեներբախչեի» դեմ խաղում, սական խաղի վերջին կես ժամում փոխարինվեց Մարկուս Ռեշֆորդին: Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարում է. «Մխիթարյանը պետք է ավելին անի»: Այսպես էր մտածում նաև ինքը՝ Մխիթարյանը. «Ինձ համար վճարված գումարը, չգիտեմ այն 38, թե 40 միլիոն էր, խաղաժամանակ չի երաշխավորում: Այնպես որ, ես մարզումների ժամանակ հնարավոր ամեն բան անում եմ, որ տեղ նվաճեմ թիմի կազմում, սկսեմ նորից խաղալ»: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին»,- հավելում է ֆուտբոլիստը: Իսկ ահա նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ «Ֆեյենորդին» հաղթում է 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցում է Մխիթարյանը, նա փոխարինվում է 82-րդ րոպեին: Մոուրինյոն Եվրոպայի լիգայի խմբային փուլի այդ հանդիպումից հետո բարձր է գնահատել թիմի կիսապաշտպանի խաղը: Դրանից հետո Մխիթարյանն ընդրգկվել է 2016թ. լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում, բրիտանական FourFourTwo հանդեսի վարկածով: Դեկտեմբերին Մխիթարյանն առաջին գնդակն է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպայի լիգայում. 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է ուկրաինական «Զարյա»-ին՝ նրանց դաշտում: Հանդիպման առաջին գոլի հեղինակն է դարձել Մխիթարյանը: Անգլիական Պրեմիեր-Լիգայի 15-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Տոտենհեմին» 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփել է ակումբի ու Հայաստանի հավաքականի կոսապաշտպան Մխիթարյանը՝ 29-րդ րոպեին, Անդեր Էրրերայի փոխանցումից հետո: Խաղի 84–րդ րոպեին Մխիթարյանը, սակայն, վնասվածք ստացավ «Տոտենհեմի» խաղացող Դենի Ռոուզի կոպիտ խաղի արդյունքում, ու հեռացվեց խաղադաշտից պատգարակով: Ավելի ուշ, Մխիթարյանը 20 տեղով բարելավում է դիրքը The Guardian-ի 100 լավագույն ֆուտբոլիստի ցուցակում. Բրիտանական պարբերականի ցուցակում Մխիթարյանը 57-րդ տեղում է: 2015-ին հայ ֆուտբոլիստն այդ ցուցակի 77-րդ տեղում էր: Դեկտեմբերի 21-ին Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Վերականգնվելով վնասվածքից՝ Մխիթարյանը դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» հետ խաղում մարզադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին անհավանական գոլի հեղինակ է դարձել: Դեկտեմբերի 26-ի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության հերթական տուրի խաղում 3:1 հաշվով առավելության է հասել «Սանդերլենդի» նկատմամբ։
«Կարծում եմ՝ նա խփեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը։ Բայց Հենրիխը ոչ միայն գոլեր է խփում, այլև աշխատում է պաշտպանությունում, ինչպես նաև ավելացնում թիմի ստեղծագործական խաղը։ Ես շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից հետո վերադարձել է ու կրկին երջանկություն ու տրիբունաների սերն զգաց։ Դա շատ կարևոր է նրա համար», - խաղից հետո ասել է թիմի գլխավոր մարզիչը: Այսպիսով, նախորդ 5 խաղում ակումբի թիմում Մխիթարյանը 3 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցում կատարել: Հայաստանի բասկետբոլի հավաքականի հաղթանակը. ՀՀ առաջին ակումբի կազմավորումը Հուլիսին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Սակայն ՀՀ առաջին բասկետբոլային ակումբն անհաջող էր հանդես գալիս ՌԴ սուպերլիգայում՝ 9 տուրում 9 անընդմեջ պարտություն կրելով: Արդյունքում, որոշում կայացվեց, որ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում: Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում էին Հայաստանի հավաքականի խաղացողները: Այնուամենայնիվ, Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական:
Դոպինգային սկանդալները ՀՀ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է Լոնդոն 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից: Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է այն մարզիկների անունները, որոնց դոպինգ թեստի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել: Խուրշուդյանի՝ 2012-ին վերցված արյան նմուշի երկրորդ ստուգման ժամանակ հայտնաբերվել են արգելված խթանիչներ՝ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ: Խուրշուդյանը կվերադարձնի մեդալը և դիպլոմը: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չի հերքել, որ Խուրշուդյանը դեռևս 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին արգելված խթանիչներ է օգտագործել։ Ալավերդյանը պնդեց՝ քանի որ այդ ժամանակ բոլորն օգտագործել էին խթանիչներ, Խուրշուդյանը ևս օգտագործել էր, որպեսզի հավասար պայքարի հնարավորություն ստանա: Հարցին, թե ինչու է արգելված խթանիչներ օգտագործել, մարզուհին բերեց ռուս ծանրորդուհի, աշխարհի քառակի չեմպիոն Տատյանա Կաշիրինայի օրինակը։ «Ձեր կարծիքով Կաշիրինան ոչինչ չի՞ անում։ 10 տղամարդու ուժի բան էր բարձրացնում։ Ես էլ պետք է անեմ, որ հասնեմ իր ուժին»,- ասաց Խուրշուդյանը: Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ Արեգ Հովհաննիսյանը պարզաբանում է. «2012 և 2008-ին այդ նյութերը հնարավոր չէր հայտնաբերել: Եթե բոլոր ծանրամարտիկներին 2008-ից ստուգեն, բոլորի մոտ կհայտնաբերեն այդ նյութերը, որովհետև այդ թվականներին բոլորն էին ընդունում»:
Դրանից առաջ որակազրկվել էր ՀՀ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը՝ զրկվելով Պեկին 2008-ին նվաճած բրոնզե մեդալից: Նրա փորձանմուշում նույնպես դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ էր հայտնաբերվել: Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության երկու չեմպիոնը Պրահայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության մինչև 12 տարեկանների չեմպիոն է դարձել Մամիկոն Ղարիբյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 8 միավոր, իսկ մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մանուել Պետրոսյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող է հանդես եկել մինչև 8 տարեկանների առաջնությունում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով վաստակած 7 միավորով կիսել է 2-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցածր ցուցանիշների պատճառով գրավել է 7-րդ հորիզոնականը: Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակած 7 միավորով կիսել է 3-5-րդ հորիզոնականները (5-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով): Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները(5-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով): Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը և մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Հայ հեծանվորդը՝ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն քաղաքում հոկտեմբերի 19-23 անցկացվեց հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Առաջին անգամ նման մրցումներին մասնակցեց Հայաստանը: Հայ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված առաջնությունում մրցանակային տեղեր, սակայն, չզբաղեց: Մեկնարկում նա լավ արդյունքի հասավ, միավորներ վաստակեց: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի խոսքով, մարզիկին խանգարեց չափից շատ լավ արդյունքի հասնելու ցանկությունը: Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |