// IP Marketing video - START// IP Marketing video - END
14  19.05.17 - Սպորտային ժայռամագլցման մարզումներ
Ուղին անվանում է առաջնամագլցողը

Ուղին անվանում է առաջնամագլցողը

Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու

Ինչո՞վ է սպորտային մագլցումը տարբերվում դրսում ժայռամագլցումից: Ինչի՞ց սկսել և որտե՞ղ փորձել: Ժայռամագլցման ին՞չ խնդիրներ կան Հայաստանում: PanARMENIAN.Net-ը զրուցել է մագլցողների հետ ու գտել այս բոլոր հարցերի պատասխանները:

PanARMENIAN.Net - Վահե Ավետիսյան, ժայռամագլցման մարզիչ

Ժայռամագլցմամբ սկսել եմ զբաղվել 2005-ից, դրանից առաջ ակտիվ զբոսաշրջությամբ էի զբաղվում: Մասնագիտությամբ ոսկեգործ եմ, մոդելավորող: Չնայած սիրում եմ արվեստը, հիմա ավելի շատ բնությունով եմ հետաքրքրվում:

Ժայռամագլցումը հենց իրենով ստեղծարարություն է, կարծում եմ՝ դրանով ստեղծարար մարդիկ պետք է զբաղվեն, քանի որ մագլցման համար ուղիներ կազմելու համար պետք է մտածել ստեղծարար. ուղիներ գտնելու, մշակելու, ինչպես նաև, վերելքի հետ կապված խնդիրները լուծելու համար երևակայություն է պետք: Բացի այդ, ուղի մշակելուց պետք է ամեն ինչ հաշվի առնել, քանի որ դա մեծ պատասխանատվություն է՝ անվտանգության տեսանկյունից:

Առաջնամագլցողներն են անվանում ուղին

Ժայռամագլցման տարբեր ուղիներ տարբեր զգացողություններ են առաջացնում: Նոր ուղու առաջնամագլցողը դրան անուն է տալիս՝ ըստ էմոցիաների, որոնք նա ունենում է առաջին անգամ այնտեղով մագլցելով: Մեզ մոտ նման հարյուրավոր անուններ կան, օրինակ՝ Նոյ, Նժդեհ, Սալամանդր, Յոթ, Կրակ և ծծումբ, Արարատ, Մանկություն, Աշխարհահռչակ ոչ մեկ, Ֆրանսիայի թագավորը, Ինստիտուցիոնալիզացված: Ուղուն անուն տալը միայն առաջնամագլցողն իրավունք ունի:

Ժայռամագլցման ուղիները դասակարգվում են ըստ ճյուղերի՝ դահլիճային, ավանդական, ազատ ժայռամագլցում: Հայաստանում սպորտային ուղիներ ունենք. պատկերացրեք՝ ամրակներ (բոլտեր) են դրվում ժայռերի վրա՝ 3-ից 5 մետր հեռավորությամբ: Մագլցողը զսպանակ (կարաբին) ունի, որը գցում է այդ բոլտերի վրա մինչև հասնի թոփ՝ վերջնակետ, ներքևից նրան ապահովում է ընկերը:

Կա նաև ավանդական մագլցում, սովորաբար այստեղ օգտագործվում է երկու բոլտ՝ ուղու վերջում, դա էլ երբեմն չի լինում, իսկ ուղու վերջնակետը նշվում է քարտեզի վրա: Ժայռերում նաև ազատ մագլցում կա, որտեղ նույնիսկ ապահովություն չի օգտագործվում:

Ես հիմնականում սպորտային (դահլիճային) ձևով եմ մագլցում, ձգտում եմ ամբողջությամբ անցնել ավանդականի: Ժայռամագլցման մեջ ամենամեծ ձգտումն ինձ համար Էլ-կապիտանն է. դա բոլոր ժայռամագլցողների երազանքն է, Կալիֆորնիայում գտնվող 1000 մ-ից բարձր ժայռակտոր:

Փոքր տղաս շատ է սիրում մագլցել, ասում է, թե մագլցում է՝ թռնելու համար, սիրում է դահլիճում բարձրանալ ու վերևից թռնել:

Ժայռամագլցումը՝ տուրիստական արդյունք

Հայաստանում ժայռամագլցումը կարող է զբոսաշրջության արդյունք լինել, դրա հետ կապված ծրագրեր ունենք: Աշխատել ենք զբոսաշրջիկների հետ, շատերը ՌԴ-ից են գալիս, այլ երկրներից՝ նույնպես: Զարմանում են, որ այստեղ ժայռամագլցումը քիչ է զարգացած ու շատ քիչ մարդ է զբաղվում դրանով: Իսկ մեր ժայրեռը, նրանց գեղեցկությունը շատ են հավանում:

Չունենք ժայռամագլցման դպրոց, ունենք ալպինիզմի ֆեդերացիա, որը մագլցման փակ մրցումներ է կազմեկերպում: Հայաստանում կա Հայկական Լեռնային ակումբ, որը IFSC-ի (սպորտային ժայռմագլցման միջազգային ֆեդերացիա) անդամ է:

UpThe Rock ակումբի աջակցությամբ մենք նույնպես մեկ անգամ կազմակերպել ենք բաց մրցումներ (Boulder Town-ում), սակայն մասնակիցները քիչ էին: UpThe Rock-ն էլ կազմակերպել է ժայռամագլցման «Արև» փառատոն. տարբեր երկրներից մարդիկ գալիս են Հայաստան, ծանոթանում ժայռերին, մագլցում:

Ժայռամագլցումը՝ օլիմպիական սպորտ

Ժայռամագլցումը շատ պահանջկոտ սպորտաձև է, այն մեծ աշխատանք է ենթադրում, շաբաթական 5-6 օր պետք է լուրջ աշխատես մարմնիդ վրա, որ միջազգային ստանդարտներին մոտենաս: Մեր մագլցողները դեռ այն մակարդակի չեն, որ միջազգային մրցումների մասնակցեն: Դեռ նման բան չի եղել, որ Հայաստանից միջազգային մրցումների գնան:

Ժայռամագլցումն արդեն օլիմպիական սպորտաձև է, մրցումներն անցնում են հատուկ դահլիճներում: Դա, ի դեպ, նույնպես խնդիր է, քանի որ Հայաստանում միջազգային մրցումների մակարդակի դահլիճներ չկան: Կուզեի նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավել այս սպորտաձևում: Աշխարհում նույնիսկ ժայռամագլցման հատուկ մրցումներ կան՝ paraclimbing: Այդ մարդկանց համար բաց դռների օր կկազմակերպենք:

Ինչու զբաղվել ժայռամագլցմամբ

Ինձ համար ժայռամագլցմամբ զբաղվելու առաջին պատճառը բնության հետ շփումն է: Բացի այդ, ինձ դուր է գալիս այն, որ դա ուժեղ սպորտ է, պետք է աշխատես քո վրա: Ժայռամագլցումը նաև սոցիալական բաղադրիչ ունի: Դրանով բոլորը կարող են զբաղվել, նույնիսկ վատ սովորություններով [օրինակ՝ ծխող,- խմբ.] մարդիկ. դա կօգնի նաև ազատվել դրանցից:

Հաջողակ մագլցող դառնալու համար ամենակարևորը հոգեվիճակն է: Կարևոր է հոգեպես պատրաստ լինել, տրամադրվել, հանգստություն է պետք, ճիշտ շնչառություն: Ավելի շատ նախընտրում եմ բնության գրկում մագլցումը, քանի որ բնության հետ կապը մեծ նշանակություն ունի:

Հասմիկ,Boulder Town դահլիճի մենեջեր,ավարտում է Ամերիկյան համալսարանի բիզնես բաժինը

Մագլցել սկսել եմ դեռ Մոսկվայում: Երևանում արդեն 2 ամիս եմ մագլցում: Այդ մարզաձևն ինձ կարգապահություն է սովորեցնում, թե ինչպես կառավարես ինքդ քեզ, կյանքդ, օրդ, զգաս մարմինդ, կառավարես մտքերը: Սովորեցնում է ավելի կազմակերպված լինել, արդյունավետ գործել: Իսկ նպատակը... կարծում եմ՝ ամեն մարդ պետք է ինչ-որ հոբբի, հետաքրքություն ունենա, բացի առօրյա զբաղմունքներից, նաև նոր մարդկանց հետ շփվի:

Րոֆֆի Պետրոսյան, ռադիոհաղորդավար, բուսաբան

Մագլցել սկսել եմ Վաշինգտոնում, ավելի կոնկրետ՝ Սիեթլում: Առաջին փորձս դահլիճային էր: Ժայռամագլցումը սպորտ է, ուժային, միաժամանակ, դա նույնը չէ, ինչ գնալ, օրինակ, ֆիթնեսի և զարգացնել մկանները: Ինձ համար վերջինս շատ ձանձրալի է. մնալ նույն տեղում, նույն գործողություններն անընդհատ կատարել, իսկ մագլցումն ավելի հետաքրքիր է:

Սպորտային ժայռամագլցման պարագայում դու ունես պատ և քարեր, որոնց միջոցով պետք է հասկանաս, գտնես վերև հասնելու լավագույն ճանապարհը: Այսինքն, այստեղ դու անընդհատ խնդիրներ ես լուծում:

Փազլի հավաքում

Մագլցումը շատ լավ վարժություն է ոչ միայն ֆիզիկականի համար (ընդ որում, մագլցումը լավ մարզանք է ամբողջ մարմնի, ամեն մի մկանի համար), այլև մտավոր խնդիրների լուծման առումով: Ահա թե ինչու մագլցողներից շատերն ինժեներներ են, ծրագրավորողներ, այսինքն՝ մարդիկ, որոնք մի փոքր ավելի տրամաբանական են մտածում, նրանց համար մագլցման գործընթացը նմանվում է փազլ հավաքելու: Մագլցողը պետք է մտածի, որ հասկանա, թե ինչպես բարձրանա, ընդ որում, ժայռամագլցման ուղին անցնելը, բարձրանալը երբեք երկրորդ անգամ նույնը չի լինում:

Մագլցել ներսում, թե դրսում

Դահլիճում մագլցման ժամանակ միջավայրը վերահսկելի է, այն շատ հարմարավետ է: Փակ տարածքում պատրաստվում ենք դրսում մագլցմանը: Ինչ վերաբերում է տարբերությանը, ապա երկու միջավայրում էլ օգտագործում ես մարմնի նույն հատվածները, նույն տեխնիկայով ես բարձրանում, բայց վտանգը, հուզմունքը, ոգևորվածությունն այլ է լինում, այստեղ շատ ավելին ես զգում: Քո կյանքը կախված է անվտանգության պարանից, որն ընկերդ ներքևից բռնում է: Եթե ընկնես, քեզ կբռնեն, բայց միևնույն է մտածում ես, որ կարող ես վնասվել, ընկերդ ուշադիր չի լինի և չի բռնի քեզ: Սա հոգեբանական պահ է: Կան մագլցողներ, որոնք կամ միայն ներսում, կամ միայն դրսում են մագլցում, կամ երկուսն էլ:

Ինքս չգիտեմ՝ որն եմ առավել նախընտրում: Երկուսից էլ հավասարապես հաճույք եմ ստանում, ասեմ ինչու. ներսում ֆիքսված ժամին, մեկ տեղում եմ մագլցում, գիտեմ, որ ընկերներիս հետ կլինեմ, նրանք կմագլցեն ինձ հետ: Ներսում մագլցելը մարդկային շփման բաղադրիչ ունի, կարծես միասին մեկ ակումբ ենք գնում կամ փաբ, բար: Հատուկ մթնոլորտ է ստեղծվում, երաժշտություն կա, և այլն: Հանդիպում են մարդկանց, որոնք սիրում են սպորտը, նույն մտածելակերպն ունեն, կամ արժևորում են նույն բանը: Սա ևս շփման միջոց է:

Դրսում միայն մարդկանց եմ տեսնում, որոնց հետ այդ օրը գնում եմ մագլցման, նաև հանդիպում եմ նոր մարդկանց. այստեղ էլ, իհարկե, սոցիալական բաղադրիչ կա: Երկար գործընթաց է. մի քանի ժամ հասնում ենք մագլցման վայր, վրաններ դնում, նայում ենք աստղերին, խարույկի շուրջ կիթառ ենք նվագում՝ յուրահատուկ կապ հաստատելով բնության հետ, խուսափելով քաղաքային աղմուկից: Նաև դա մարտահրավեր է ինքդ քեզ. չէ որ անում ես այն, ինչ մարդիկ խենթություն են անվանում:

Ես չեմ համարում, որ ժայքամագլցումն էքստրիմ սպորտ է: Ամեն ինչ պատահում է, բայց այն շատ անվտանգ է, եթե ամեն ինչ ճիշտ ես անում:

Ինչու չմագլցել

Եթե չեք սիրում ձեր հարմարավետության գոտուց դուրս լինել, մի մագլցեք: Եթե սիրում եք նստել տանը, հեռուստացույց դիտել՝ մի մագլցեք: Եթե չեք ուզում նույնիսկ փորձել անել այն, ինչ ձեզ մարտահրավեր կնետի, եթե վախենում եք բարձրությունից, եթե ձեզ վախենալի է թվում բարձրանալ և ներքև նայել՝ մի մագլցեք: Եթե չեք վստահում այլ մարդկանց, քանի որ այստեղ ձեր կյանքն ուրիշի ձեռքերում կարող է հայտնվել՝ մի մագլցեք: Բայց ես մի փոքր կատակով եմ այս ամենն ասում, քանի որ բոլորը կարող են անել դա, հաղթահարել վախը: Իրականում միայն այն մարդիկ չեն մագլցում, ովքեր իրենք են ընտրում չանելը, չփորձելը:

Յուրահատուկ թերապիան

Չեմ կարծում, թե մագլցումն իմ կյանքը շատ է փոխում, բայց այն մի մասն է այն կյանքի, որն ինձ համար ընտրեցի: Ոչ թե ընտրեցի մագլցումն ու փոխեցի կյանքս, այլ ընտրեցի, քանի որ արդեն այդպես էի ապրում, դա իմ ապրելակերպին համահունչ էր:

Շատ բան կա սովորելու մագլցումից, այն ինքնավստահություն է ձևավորում: Մագլցումն ինձ համար հոգեբանական թերապիա չէ, այն տեղը չէ, որտեղ օրվա հոգսերից եմ պատսպարվում: Այստեղ ես ջանում եմ խուսափել ամենից, անգամ իմ հաջողություններն են մոռացվում, երբ գալիս եմ այդ տարածք:

Մագլցման համար անհրաժեշտը

Հայաստանում մեծ խնդիրներ չկան մագլցման հետ կապված: Մեր մոտ շատ լավ են վերաբերվում նորեկներին, ամեն ինչ ցույց են տալիս, օգնում, սովորեցնում, քեզ խմբի մի մասնիկ ես զգում:

Հաջող մագլցելու համար երկու բան է պետք. լինել պատրաստակամ, ունենալ ինքդ քեզ առաջ մղելու ունակություն, և, իհարկե, խնդիրների լուծում:

Ընկնելուց առաջ

Մագլցման ընթացքում լինում է՝ ընկնում ես: Դրանից վայրկյաններ առաջ ուղեղումդ ինչ-որ բան է կատարվում: Մեկ էլ մտածում ես. պետք է ձգեմ ձեռքը, բայց ոտքս վստահ չէ դրված, գուցե սայթակեմ: Կամ էլ ինքդ քեզ ասում ես, որ կկարողանաս:

Լուսինե Դալլաքյան/ PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան/ PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը

Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը Մխիթարյանի գոլը 86-րդ րոպեին փրկել է «Արսենալին» վերջին 16 խաղում առաջին պարտությունից

 Բաժնի այլ նյութերը
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»
«Անհաջողակները» 8 ֆուտբոլիստ, որոնք արժանի էին, բայց չդարձան Եվրոպայի չեմպիոն