// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ու՞մ է պետք գեղեցիկ հետույքը, եթե դեմքը «թթված» է

Ու՞մ է պետք գեղեցիկ հետույքը, եթե դեմքը «թթված» է

Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին

Թերևս բոլորը նախընտրում են լինել առողջ և լավ տեսք ունենալ, սակայն շատերը ծուլանում են դիմել որևէ միջոցների՝ գնալ մարզասրահ, պահպանել հատուկ սննդակարգ, ապրել ակտիվ կյանքով, դիմել ի վերջո մասնագետներին ուզածին հասնելու համար:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը զրուցել է բոդիբիլդեր, անհատական մարզիչ և սպորտային դիետոլոգ Լևոն Հովհաննիսյանի հետ պարզելու համար՝ ինչ հիմնական կանոնների պետք է հետևել լավ կազմվածք ունենալու և առողջ լինելու համար:

«Հայուգենի» մասին

Եթե խոսենք այն մասին՝ արդյոք հայերն ունեն հակում ավելորդ քաշ հավաքելու՝ հաշվի առնելով, որ նույնիսկ երիտասարդների շրջանում շատ են փարթամ կազմվածքով աղջիկներն ու մեծ փոր ունեցող տղաները, ապա կասեմ, որ, այսպես կոչված, «հայուգենից» բողոքելու պատճառ չունենք, այն բնավ վատը չէ: Հաշվի առնելով, որ մենք միշտ էկոլոգիապես մաքուր մթերք ենք ունեցել, գենետիկորեն մեզ լավ արտաքին տվյալներ են փոխանցվել, որոնք պարզապես մնում է պահպանել և ճիշտ զարգացնել: Իսկ ավելորդ քաշը հիմնականում սխալ սնվելու և ոչ ակտիվ ապրելակերպի հետևանք է:

Մարզասրահ հաճախելու տենդենցի մասին

Մեզ մոտ մարզասրահ հաճախելը դեռ նոր է դառնում տենդենց, բայց հուսադրող է այն փաստը, որ այդ տենդենցը չի դադարում աճել: Եթե առաջ հիմնականում գալիս էին ավելորդ քաշի խնդիր ունեցողները, այժմ արդեն շատացել են ուղղակի գեղեցիկ և սլացիկ մարմին ունենալ ցանկացողները՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ: Ուրախալի է նաև, որ մարզասրահ են հաճախում տարբեր սերնդի ներկայացուցիչներ:

Ու՞մ է պետք գեղեցիկ հետույքը, եթե դեմքը «թթված» է

Մարզասրահ հաճախող ավելորդ քաշ ունեցողները հիմնականում ուզում են շատ արագ նիհարել, ինչը հասկանալի է, բայց՝ սխալ: Խոսքը սովորաբար գնում է 10 ավելի կգ 1 ամսում կորցնելու մասին: Դա իհարկե անհնար չէ, բայց առողջության հաշվին է: Կարճ ժամանակում մեծ քաշ կորցնելը սովորաբար տեղի է ունենում ոչ թե ճարպային շերտի հաշվին, այլ ընդհանուր օրգանիզմի. այն ջրազրկվում է՝ դուրս է գալիս անհրաժեշտ հեղուկը, պակասում է մկանային զանգվածը: Դա շատ մեծ սթրես է օրգանիզմի համար, հատկապես՝ կնոջ օրգանիզմի: Քաշի նվազեցումը պետք է տեղի ունենա միմիայն ճարպային շերտի հաշվին՝ ամսական 3-5 կգ, ոչ ավել, ճիշտ բալանսավորված սննդակարգի միջոցով, որպեսզի մարդու օրգանիզմը ստանա ճիշտ չափաբաժնով միկրո- և մակրոնուտրիենտներ և բոլոր անհրաժեշտ սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը: Այլապես մարդը կդադարի լինել կենսախինդ, առողջ, երջանիկ, կդառնա նյարդային, ընկճված, դեպրեսիվ: Նման դեպքերում ես միշտ ասում եմ. «Ու՞մ է պետք գեղեցիկ հետույքը, եթե դեմքը «թթված» է»: Ասեմ ավելին՝ սխալ ճանապարհով կորցված քաշը միշտ վերադառնում է, երբ դադարում ես օգտվել նիհարեցման այդ էքստրեմալ միջոցից: Իսկ ճիշտ նիհարելու դեպքում թողնելուց հետո քաշի վերադարձը մինիմալ է:

Մարզասրահի այլընտրանքների մասին

Եթե մարզասրահ չեք ուզում կամ չեք հասցնում հաճախել, կան որոշ այլընտրանքային տարբերակներ լավ մարզավիճակ պահպանելու: Նախ և առաջ՝ առավոտյան վազքը սոված փորին՝ նախաճաշելուց առաջ: 30-40 րոպեն լրիվ բավարար է: Կարևոր նախապայման է այս դեպքում ճիշտ մարզակոշիկը՝ փափուկ տակացուով, քանի որ սխալ ընտրված մարզակոշիկների հետևանքով կարող է առաջանալ հոդացավ, երիկամների ցավ և այլն: Էլ ավելի էֆեկտիվ տարբերակ է վերընթաց ճանապարհը, այն արթնացնում է օրգանիզմն ու ողջ օրվա ընթացքում բարձր մակարդակի վրա պահում նյութափոխանակությունը: Էֆեկտիվ և օգտակար են նաև հեծանվասպորտն ու լողավազանը: Այդ միջոցներով կարելի ոչ միայն լինել առողջ և պահպանել լավ կազմվածք, այլև զրկվել ավելորդ քաշից:

Ջուրը կյանք է

Պետք է օգտագործել բավականաչափ հեղուկ, դա պարտադիր է առողջ լինելու համար: Օրական ցանկալի է միջինում օգտագործել 3-4 լիտրից ոչ քիչ, իսկ ավելորդ քաշ ունենալու դեպքում՝ էլ ավելի հեղուկ. ջրից բացի, հեղուկի այդ ծավալը կարելի է լրացնել հանքային ջրի, թեյի և սուրճի միջոցով: Վերջինի դեպքում պետք է զերծ մնալ չարաշահելուց: Բավականաչափ հեղուկի օգտագործումը խթանում է մաշկի երիտասարդ մնալուն, ընդհանուր նյութափոխանակության արագ լինելուն, էներգետիկ բալանսը բարձր պահելուն, հենց այնպես չեն ասում, որ ջուրը կյանք է: Ի դեպ, դա նաև թույլ է տալիս հաճախ սնվել:

Հաճախ սնվելը նիհարեցնում է

Առողջ լինելու և լավ կազմվածք ունենալու գործում շատ բան մեծապես կախված է ճիշտ սննդակարգից: Իհարկե, ցանկալի է դիմել մասնագետին, որպեսզի նա կազմի ճիշտ սննդակարգ՝ հաշվի առնելով դիմողի անձնական հատկանիշները, սակայն կան նաև որոշ ընդհանուր նորմեր, որոնց պետք է հետևել: Նախ և առաջ պետք է սնվել հաճախ՝ օրական առնվազն 4 անգամ 2.5-3 ժամ ընդմիջումով: Ինչքան հաճախ ես սնվում, այդքան ավելի արագ է նյութափոխանակությունը, դա էլ իր հերթին մարմինը երիտասարդ է պահում, նվազեցնում ճարպային կուտակումները: Դրա փոխարեն օրական 1-2 անգամ սնվողների դեպքում, որոնք կարծում են, որ գրեթե բան չեն ուտում, նյութափոխանակությունը «քնած» է, ինչն էլ բերում է քաշի ավելացման: Առավոտը ցանկալի է սկսել 150-200 մլ ջրից, որից հետո 30-40 րոպե անց նախաճաշել, իսկ վերջին սնունդը կարելի է ընդունել քնելուց մոտ 2 ժամ առաջ, և դա կարող է լինել օրվա ցանկացած ժամին, միայն թե պետք է ճիշտ սնունդ ընտրել:

Cheat meal-ի, փոքրիկ թուլությունների և բազմազանության կարևորությունը

Սնունդը պետք է հնարավորինս բազմազան լինի, նույնատիպ սննդին օրգանիզմը շուտ է սովորում, և նյութափոխանակությունը դանդաղում է, ուստի ճաշացանկը պետք է հնարավորինս բազմազան լինի: Երբեմն կարելի է նաև ընդառաջել փոքրիկ թուլություններին, օրինակ, շատերը սիրում են քաղցր, պետք չէ զրկել օրգանիզմը դրանից, ասեմ ավելին՝ քաղցր անգամ երբեմն պարտադիր է ուտել: Կա cheat meal հասկացություն՝ սննդակարգի կանոնավոր խախտում, որը նյութափոխանակությանը նոր ընթացք է տալիս, արագացնում այն և փոքր ինչ հեշտացնում սննդակարգին հետևելը: Բայց դա էլ պետք է արվի ճիշտ և հաշվարկված: Քաղցրից սև շոկոլադն է շատ օգտակար՝ 4-7 օրը մեկ անգամ պետք է օգտագործել: Իսկ junk food-ի հետ կապված՝ «դատարկ կալորիաների» օգտագործումը խմորեղենի և այլ էքստրեմալ սննդի տեսքով իրենց կարող են թույլ տալ միայն իրենց հետևող, արագ նյութափոխանակություն և մինիմալ ճարպային շերտ ունեցողները:

Գրասենյակային «պլանկտոնի» մասին

Այսօր շատերն աշխատում են գրասենյակներում և ամբողջ օրն անցկացնում են համակարգիչների առջև նստած՝ սնվելով ձեռքի տակ ընկնող անորակ սննդով: Նույնիսկ այդ տեսակ աշխատանքի դեպքում կարելի է սնվել ճիշտ գրաֆիկով՝ բերելով սնունդը տնից: Աշխարհի զարգացած երկրներում մարդիկ վաղուց օգտագործում են դրա համար նախատեսված հատուկ պայուսակներ և տարաներ, որտեղ տեղավորում են սեփական ճիշտ պատրաստված սնունդը՝ խուսափելով դրսում անառողջ ֆասթֆուդ ուտելուց և կարողանալով սնվել հաճախ: Դրա մեջ չկա որևէ ամոթ բան: Հաճախ և ճիշտ սնվելը կնպաստի նաև աշխատունակության աճին:

Ինչ վերաբերում է նստած աշխատանքին, դա կարող է բերել տարատեսակ հիվանդությունների՝ օստեոխոնդրոզի, սկոլեոզի, կուզության, ինչպես նաև ճարպակալման: Գրասենյակային աշխատողները պետք է շաբաթական 2-3 անգամ առնվազն մեկ ժամ տրամադրեն մարզասրահներին: Իսկ աշխատանքի ընթացքում նախ և առաջ հարկավոր է մեջքն ուղիղ պահել: Լավագույն տարբերակն է աթոռը սեղանին հնարավորինս մոտ բերելն ու խորը նստելը, որպեսզի մեջքը կպնի աթոռի մեջքին. այդ դեպքում ակամայից ուղիղ ես նստում:

Ֆիթնես հավելվածների մասին

Ոչ մի հավելված, անգամ ամենալավը, չի կարող փոխարինել խելացի և գիտակ մասնագետին, թեև այդ բոլոր հավելվածների հիմքում ընկած է շատ լավ մարքետինգ: Մասնագետն աշխատում է մարդու հետ անհատապես՝ հաշվի առնելով նրա օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները: Մինչդեռ հավելվածներն ավելի ընդհանուր դրույթներ են հաշվի առնում: Միայն կալորիանել հաշվելով չէ, որ հնարավոր է հասնել որևէ արդյունքի: Այդ ամենը կախված է շատ տարբեր հանգամանքներից. շատ կամ քիչ քնելը, հորմոնալ ֆոնը, արյան մեջ միկրո- և մակրոնուտրիենտների քանակը, կանանց դեպքում՝ փոքր սթրեսն ու դաշտանային ցիկլը, և մի շարք այլ հանգամանքներ նույնպես ազդում են կալորաժի վրա: Այդ ամենը հավելվածը չի կարող ճշգրտությամբ հաշվարկել: Խելացի հավելվածները, իհարկե, վնաս տալ չեն կարող, դրանց հետևելը վատ չէ, սակայն պետք չէ ակնկալել լուրջ արդյունքներ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
 Ուշադրության կենտրոնում
Հայաստանցի լողորդները 2017-ը եզրափակում են նոր ռեկորդներով

Հայաստանցի լողորդները 2017-ը եզրափակում են նոր ռեկորդներով Թարմացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնական ռեկորդները

 Բաժնի այլ նյութերը
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»
«Անհաջողակները» 8 ֆուտբոլիստ, որոնք արժանի էին, բայց չդարձան Եվրոպայի չեմպիոն