Համաճարակային լուծումներ

Համաճարակային լուծումներ

Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում

Ապրիլի կեսերին Հայաստանում արտակարգ դրություն սահմանելուց հետո Պարետատունն արգելեց մի շարք բիզնեսների գործունեությունը, այդ թվում՝ մարմնամարզական, սակայն դրանք վերաբացվեցին երկու ամիս հետո՝ մի շարք սահամափակումներով։ Ինչ արձագանք ստացան Պարետատան որոշումները մարզասրահների ղեկավարների շրջանում, ինչպես պանդեմիան ազդեց մարզվողների հաճախելիության, արդյուքների և առհասարակ այդ բիզնեսի վրա։ PanARMENIAN.Net-ը զրուցել է Հայաստանում գործող երեք ֆիտնես ակումբի ներկայացուցչի հետ։

PanARMENIAN.Net - Ի՞նչ է պահանջում պարետատունը։

Օրվա մեջ մի քանի անգամ ախտահանել մարզասրահի տարածքը, մարզասարքերը տեղադրել իրարից առնվազն 2 մ հեռավորությամբ, սրահն օդափոխել ամեն 2-3 ժամը մեկ։ Անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից, սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում՝ 1 հոգի։ Այցելուները պետք է ներկայանան արդեն մարզահագուստը հագած, չեն կարող օգտվել ցնցուղներից: Իսկ աշխատակիցների և այցելուների մուտքը* մարմնամարզական օբյեկտ թույլատրվում է բացառապես դիմակներով։

*Պարետատան որոշման մեջ մարզվելիս դրանց պարտադիր լինելու մասին հստակ ոչինչ չկա․ որոշ մարզասրահներում մարզումների ժամանակ դիմակները պարտադիր են, որոշներում թողնում են մարզվողների հայեցողությանը։

«Վլադ Ֆիտնեսը» պանդեմիայի ժամանակ փակ է եղել 2,5 ամիս։

«Մարզասրահների փակվելու ժամանակ մեր առաջին խնդիրն արագ կողմնորոշվելն էր, որովհետև ունեինք ծրագրեր, որոնք խափանվեցին: Մեր խնդիրն էր կողմնորոշվել, առաջարկել ինչ-որ նոր ծրագրեր, որոնք կապահովեին շարունականան արդյունք»,- պատմում է հիմնադիր Վլադը։

Կարանտինի ընթացքում պարապմունքներն անցկացրել են օնլայն՝ անվճար և վճարովի տարբերակով․

«Մենք մշակեցինք մարզումների օնլայն անվճար ծրագիր, որով մարդիկ կարողանան ինչպես չհավաքել քաշ, այնպես էլ իրենց կազմվածքն ավելի արտահայտիչ դարձնել։ Ամեն օր ուղիղ եթեր մտանք, շաբաթվա մեջ 4 օր մարզումներ էինք անցկացնում, 3 օր խոսում էինք առողջ սննդակարգի մասին»։

Արձագանքը մեծ է եղել, 2,5 ամսվա ընթացքում սոցցանցերում Ֆիտնես կենտրոնի էջին միացել է 40 հազար մարդ, նրանցից շատերը, Վլադի խոսքով, երկու ամսում 10-20 կգ քաշ են կորցրել։

Վլադն ասում է, որ խնդիրը մարդկանց առողջությունն էր, որովհետև վիրուսների դեմ պայքարելու համար պետք է նաև հետևել առողջ սննդակարգին և մարզվել։

Մարզասրահի բացվելուց հետո պահպանվել են միայն սննդակարգի վերաբերյալ ուղիղ եթերները։

«Մարզասրահում հսկողությունը միանշանակ ավելի շատ է, պատասխանատվության զգացողությունն է այստեղ ավելի շատ հաճախորդի կողմից, որ ավելի պատասխանատու մոտեցում է դրսևորում։ Դրա համար ներդրեցինք նաև անհատական օնլայն վճարովի ծրագիր, որով կարողանում ենք այդ բոլոր ծառայությունները, որ մատուցում էինք մարզասրահում՝ բժշկի , մարզչի խորհրդատվություն, մարզումները, տեղափոխվել օնլայն հարթակ։ Նախկինում նույնպես ունեցել ենք օնլայն մազրումներ, բայց այս ընթացքում պահանջարկն աճեց, դրա հետ մեկտեղ ավելի պրոֆեսիոնալ դարձավ ծրագիրը»։

Փորձում են կատարել պարետատան պահանջները, հարմարվել ֆորմատին։ Չնայած միշտ ախտահանել են մարզասրահը, հիմա ավելի հետևողական են հսկողության առումով։

Պարետատան պայմանների մեջ կան նաև անհարմարություններ․ «Վճարովի ծառայությունների մեջ է մտնում նաև հանդերձասրահից օգտվելը, հետևաբար եթե դա դուրս է գալիս, մի փոքր անհարմարություն է առաջանում հաճախորդեների համար, բայց մեր հաճախորդները մարզասրահ են գալիս ոչ թե հարմարության, այլ՝ արդյունքի համար՝ ըմբռնումով են մոտենում։ Մարզումները նույնպես անցկացնում ենք դիմակով՝ պարետատան որոշմամբ»։

Հաճախորդներ կան, բայց ոչ այնքան, ինչքան նախկինում․ «Մեծամասամբ մարդիկ արդեն օնլայն տարբերակների են անցել, եթե կա նպատակ, ցանկացած տարբերակով էլ կարելի է հասնել այդ դրան»։

Իսկ «Գրիգ Ֆիտնես ակումբի» տնօրեն Գրիգ Գզարյանը պատմում է, որ, թեև թույլատրվում է, բայց մարզասրահը չի աշխատում․ իմաստ չունի բացվելը, որովհետև հաճախորդների քիչ են, նաև կա վարակվելու վտանգ։

Այնուամենյանիվ, աշխատելու փորձ արել են․ «Պահանջ դուրս եկավ, որ հնարավոր է մարզվել, բայց դիմակներով, ձեռնոցներով, առանց հանդերձարանից և լոգարանից օգտվելու։ Մարդիկ քիչ հաճախեցին։ Ամենից անհարմար պայմաններից մեկը չլողանալն է․ մարդիկ կան, որ գալիս են մարզվելու ու գնում աշխատանքի։ Համ էլ բոլորի մոտ ֆինանսական ճգնաժամ է, ոնց որ մենք չենք աշխատում, այդպես էլ մյուսները»։,- ասում է նա։

Կսպասեն այնքան մինչև մարզվելու համար հարմար պայմաններ լինեն։

Օնլայն տարբերակը չաշխատեց․ «Փորձեցինք օնլայն վճարովի տարբերակով աշխատել, բայց տեսանք, որ չի աշխատում։ Ծրագիրն օնլայն, մարզչի ուղեկցությամբ, անհատական մոտեցմամբ օնլայն մարզում էր։ Հետաքրքրվողներ, իհարկե, եղան, բայց․․․ Հայաստանում դա չի աշխատի, որովհետև մեծամասամբ հետաքրքրված են կանայք և աղջիկները, բայց ընտանեկան վիճակից ելնելով շատերին հարմար չէ ամուսնու մոտ՝ տղա մարզիչի հետ մարզվելը, գումարած երեխաները, տան հոգսերը», - անկեղծանում է Գրիգը։

Ասում է, որ բոլոր հաճախորդների հետ կապի մեջ են եղել, արդյունքները հիմնականում չեն տուժել։ Մարզասրահի հաճախորդները մկանային զանգված են հավաքում բնական ճանապարհով՝ առանց սպորտային սննդի հավելումների։ Երբ հաճախորդները հետևում են սննդակարգին, խնդիր չի առաջանում։

«Հիմնականում տղաների մոտ է, որ ծանրություն չեն բարձրացնում, մի փոքր մկանները նստել են, բայց մեծամասամբ տնային պայմաններում ժիմ, տուռնիկ են անում կամ բակում են պարապում, որոշ չափով հաջողվում է պահել՝ մինչև մարզասրահը կբացվի։ Տան պայմաններում ոչ մի բան մարզում չի կարող փոխարինել մարզասրահով սարքերով պարապելուն»,- ասաց նա։

Երբ կբացվեն, հստակ չի ասում, բայց կանխատեսում է, որ եթե վիրուսը նահանջի սեպտեմբերին, ապա կբացվեն աշնանը։

«Ալեքս Ֆիտնեսը» կարանտինի ընթացքում պարապմունքներն անցկացրել է օնլայն և անվճար․ վճարովի տարբերակ չեն քննարկել, եթե երկար ձգվեր, հնարավոր է՝ անցնեին դրան։

Ակումբի մենեջեր Նանա Սարգսյանը պատմում է, որ վերաբացվելուց հետո աշխատում են գրաֆիկը կրճատած և բոլոր սահմանափակումներին հետևելով․

«Իհարկե, այդ ամեն ինչը շատ-շատ ազդել է հաճախելիության վրա։ Բայց մարդիկ հասկանում են, որ ամենաարդյունավետ, ամենամատչելի ու հաճելի ներդրումը առողջության մեջ մարզվելն է։ Այդ մարդիկ, չնայած սահմանափակումներին և անհարմարություններին, միևնույն է` գտնում են մարզվելու տարբերակ։

Պարետատան պահանջներից ամենաանհարմարը, առաջին հերթին, դիմակով մարզումն է։ Մենեջերն առաջարկում է որոշումը կայացնողին թեկուզ բաց տարածքում 10 րոպե մարզվել դիմակով․ «Հորդորում են, որ մարզումները լավ են առողջության համար, բարձրացնում են դիմադրողականությունը, հետո ասում են՝ գիտեք՝ պիտի մարզվեք դիմակով․․․ և այս շոգերին ցնցուղներից չօգտվեք։ Մի խոսքով՝ թույլատրել են աշխատել, բայց ստեղծել են անմարդկային պայմաններ դրա համար։ Ովքեր հարմարվում են, մարզվում են, ովքեր չեն հարմարվում, չեն մարզվում։

Ասում է՝ օնլայն մարզումը միանշանակ չի կարող փոխարինել մարզասրահում մարզիչի ներկայությամբ տարբերակին․ «Նույնը չէ, մարզիչը, անմիջապես մարզվողին տեսնելով, կարող է տեղում մոտենալ և ուղղել ոտքը, իսկ հեռվից կարող է անընդհատ ասել և չհասկացվել։

Դրա համար օնլայն մարզումը համարում եմ ծայրահեղագույն միջոց, մարդն անգամ փոքր շանսի դեպքում պիտի հաճախի մարզասրահ․ մարզասրահը մարզվելու համար լավ մթնոլորտ է ստեղծում․ դա չես փոխարինի»։

Սարգսյանի խոսքով՝ բոլոր երևույթները երկակի են ազդում մարդկանց վրա։

«Կորոնավիրուսային պանդեմիան կարանտինային շրջանում մարդկանց հոգեբանորեն էլ շատ վատ վիճակի մեջ դրեց, մարզումներն օգնում էին դուրս գալ դրանից։ Բայց նաև հարցի մյուս կողմն էլ կար․ մարդիկ այնքան ճնշված էին, որ անգամ չէին կարողանում իրենց ստիպել մարզվել», - եզրափակեց նա։

Տանը թե մարզասրահում մարզվելը, ինչպես առհասարակ մարզվելը, յուրաքանչյուրի անհատական որոշումն է։ Բայց մարզվելն օգտակար է առողջությանը, դրան հետևելու ձեզ հարմար տարբերակ հաստատ կգտնեք։ Առողջ եղեք։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
2016-ի 10 կարևորագույն սպորտային իրադարձությունը Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
---