Միշել Պլատինի. UEFA-ն բազմաթիվ նման համալիրներ է կառուցել Եվրոպայում, սակայն Երևանի ակադեմիան առանձնահատուկ է

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների տեսություն

Ֆուտբոլ. Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և UEFA նախագահ Միշել Պլատինիի մասնակցությամբ Երևանում կայացել է Ֆուտբոլային ակադեմիայի բացման արարողությունը: Իր խոսքում Պլատինին ասաց, որ դեռ 2007-ին FIFA նախագահ Զեպ Բլատերի հետ դրել են ակադեմիայի հիմքերը: «Այդ ժամանակ մենք «փոխանցում» կատարեցինք և այսօր տեսանք «գոլը»,- նշեց Պլատինին և հավելեց, որ դա քայլ է Հայաստանում ֆուտբոլի զարգացման մեջ:

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պլատինիին պատվո շքանշան հանձնեց ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած ավանդի համար: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ Ֆուտբոլային ակադեմիայի կառուցման համար ծախսվել է 12 մլն դոլար, որոնցից 7 մլն 475 հազար դոլարը տրամադրել է UEFA-ն, 400 հազար դոլարը` FIFA-ն, իսկ մնացած մասը` ՀՖՖ-ն:

Երևանում Ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո, UEFA-ի նախագահ Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համատեղ մամլո ասուլիս տվեցին: Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Պլատինիին և UEFA-ին հայկական ֆուտբոլին ցուցաբերած աջակցության համար:

«Գումարի 62 տոկոսը տրամադրեց UEFA-ն և այսօր մենք ունենք եվրոպական մակարդակի մարզահամալիր: Ակադեմիայում կկառուցվի 3000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ»,-ասել է Հայրապետյանը:

Պլատինին նշել է, որ UEFA-ն միշտ աջակցելու է ազգային ֆեդերացիաներին: Իսկ հայկական ֆուտբոլի մասին նա ասաց. «Ես տեսա ՀՀ հավաքականի 2 խաղ. մեկը Թուրքիայի հետ և մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի խաղը Սլովենիայի հավաքականի հետ: Կարծում եմ, որ նրանք վատ չխաղացին»:

«UEFA-ն բազմաթիվ նման համալիրներ է կառուցել Եվրոպայում, սակայն այս համալիրն առանձնահատուկ է և շատ գեղեցիկ»,-ասել է UEFA-ի նախագահը:

Օգոստոսի 30-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները, նախապատրաստվելով Իռլանդիայի հավաքականի դեմ մրցախաղին, որը տեղի է ունենալու ֆուտբոլի նորակառույց ակադեմիայում: EURO-2012 ընտրանու մրցաշարի շրջանակներում հավաքականներն առաջին խաղը կանցկացնեն Երևանում, սեպտեմբերի 3-ին:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաղորդել է, որ առաջին մարզումը բաց է թողել միայն Հենրիկ Մխիթարյանը, ով օգոստոսի 30-ի երեկոյան է միացել հավաքականին: «Թիմի մյուս խաղացողները մարզվել են և լավ մարզավիճակում են: Սակայն մենք ձախ թևի պաշտպանությունում բարդություն ունենք` Աղվան Մկրտչյանը վնասվածք է ստացել, իսկ Լևոն Հայրապետյանն այս պահին ոչ մի ակումբում գրանցված չէ: Վնասվածք է ստացել նաև ձախ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որը Իռլանդիայի դեմ մրցախաղին չի մասնակցելու: Կասկածելի է նաև Մակեդոնիայում տեղի ունեցող մրցաշարին նրա մասնակցությունը», - ասել է Մինասյանը:

Վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների փոխարեն կարող են խաղալ Արտակ Եդիգարյանը և Հովհաննես Համբարձումյանը: Եդիգարյանը հանդես է եկել Ուզբեկստանի հավաքականի դեմ ընկերական խաղում և ըստ հավաքականի մարզիչի, վատ չի խաղացել: Իռլանդիայի հավաքականի վնասվածք ստացած մի քանի ֆուտբոլիստների մասին Մինասյանն ասել է, որ նրանք խաղացողների մեծ ընտրություն ունեն և կարծիք հայտնեց, որ Իռլանդիայի խաղի մարտավարությունում փոփոխություն չի լինի: Մարզիչը գտնում է, որ Իրանի և Ուզբեկստանի հավաքականների հետ ընկերական խաղերում հայ ֆուտբոլիստները վատ չեն խաղացել, սակայն հիմա ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ սկսվում են պաշտոնական մրցախաղերը:

Սեպտեմբերի 2-ին Իռլանդիայի հավաքականի իտալացի մարզիչ Ջովանի Տրապատոնին և թիմի ավագ Ռոբի Կինը հանդիպեցին լրագրողների հետ: Հայաստան-Իռլանդիա խաղի մասին, որը կկայանա սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, Տրապատոնին ասաց հետևյալը. «Դա խմբում առաջին խաղն է, և ուստի հեշտ չի լինի հոգեբանական առումով, և հետո առաջին արդյունքը շատ կարևոր է: Հայաստանի հավաքականը շատ արագ է խաղում և տեխնիկապես լավ է պատրաստված»:

Նա խոստովանեց, որ առաջին անգամ իմ մարզչական կարիերայի ընթացքում նա կանվանի ֆավորիտին` դա Իռլանդիայի հավաքականն է: «Ես միշտ ուսումնասիրում եմ հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը և փորձում եմ կիրառել դրանք »,- ասաց Տրապատոնին:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 19-րդ փուլում չորս խաղ է կայացել: Կենտրոնական խաղում «Բանանցը» ընդունեց «Փյունիկին»: Առաջին խաղակեսից հետո «Փյունիկի» ֆուտբոլիստները առաջ էին անցել հաշվում, գոլեր խփեցին Կարլեն Մկրտչյանն ու Էդգար Մանուչարյանը: Սակայն երկրորդ խաղակեսում Դենիրա Օրտեգան կարողացավ երկու գնդակ խփել և խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» կկարողանար կրճատել միավորների տարբերությունը` հասցնելով այն երկուսի, սակայն առաջնության առաջատար «Բանանցն» կատարեց իր առջև դրված խնդիրն ու գլխավորում է աղյուսակը 45 միավորով: «Փյունիկը» երկրորդ տեղում է 40 միավորով:

«Ուլիսը» չկարողացավ զբաղեցնել երկրորդ տեղը, ոչ ոքի խաղալով «Կիլիկայի» հետ, խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Հայաստանի 2009-ի բրոնզե մրցանակակիրը 39 միավորով 3-րդ տեղում է:

«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին» Էդնեյ դե Օլիվեյրայի գոլի շնորհիվ: Իսկ «Իմպուլսն» ու «Շիրակը» 2-ական գոլ խփեցին մրցակցի դարպասներին, խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, որը հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում», հնգամյա պայմանագիր է ստորագրել Դոնեցկի մեկ այլ ակումբի` Ուկրաինայի գործող չեմպիոն «Շախտյորի» հետ:

21-ամյա ֆուտբոլիստի համար «Շախտյորը» վճարել է 7,5 մլն դոլար: Պաշտոնապես տրանսֆերի մասին կհայտարարվի օգոստոսի 30-ին:

ՖԻԴԵ-ն հրապարակել է 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տեղից բարձրացել է 4-րդ տեղը (2783 միավոր):

Ցուցակի առաջատարը Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա) 2826 միավորով: 2-րդ տեղը 2691 միավորով զբաղեցնում է Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), իսկ ահա Գաբրիել Սարգսյանը 62-րդն է (2677 միավոր):

Կանանց վարկանիշային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 21-րդն է (2484 միավոր), Էլինա Դանիելյանը` 31-րդը (2466 միավոր): Առաջատարը Յուդիթ Պոլգարն է (Հունգարիա), որն ունի 2682 միավոր:

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվեց Կալամարիա-օփեն միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին 9-րդ տուրում միավորները կիսեց Ջուլիան Ռադուլսկու հետ Բուլղարիայից: Չնայած դրան, Անդրիասյանը 9 հնարավորից հավաքեց 7 միավոր և դարձավ Կալամարիայի բաց մրցաշարի հաղթողը: Նա 0,5 միավորով առաջ անցավ 5 շախմատիստներից:

Նույն տուրում Վահե Բաղդասարյանը զիջեց Իոանիս Նիկոլաիդիսին Հունաստանից և 5,5 միավորով ավարտեց ելույթը 17-րդ տեղում: Աղասի Ինանցը 55-րդն է 3 միավորով:

Ձյուդո Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հանձնարարությամբ արդեն 1,5 տարի է, ինչ Հայաստանում է գտնվում սենսեյ Կիրիլա Ալեքսանդրոն Ռումինիայից: Այցի նպատակն է ծանոթացնել տեղի մարզիկներն այն փոփոխությունների հետ, որ կատարվել են ձյուդոյում: Մեր նախագահը սիրում է ձյուդոյի մեծ ավանդույթներ ունեցող փոքր երկրները, որոնք լավ արդյունքներ են ցույց տալիս, և Հայաստանը այդ երկրներից մեկն է, ասել է Ալեքսանդրոն:

Ալեքսանդրոն եղել է Հայաստանի և ԼՂՀ ձյուդոյի դպրոցներում և ծանոթացել է հայ մարզիչների մեթոդների հետ: 2010թ. Հայաստանի ձյուդոյի հավաքականները մասնակցել են տարբեր միջազգային մրցաշարերին: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը գտնում է, որ մարզիկները վատ չեն ելույթ ունեցել և տարեվերջին կկատարեն իրենց առջև դրված խնդիրը: «Մարտին Արմեն Նազարյանը դարձավ Խաղաղության գավաթի հաղթողը, Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը և Արթուր Կրոյանը տարբեր մեդալներ նվաճեցինԵվրոպայի երիտասարդական առաջնությանը: Իսկ օրերս Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Ղազարյանը»,-ասել է Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը կանցնի Տոկիոյում սեպտեմեբրի 9-13, իսկ սեպտեմբերի 15-ին Սոֆիայում կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Վերջին միջազգային մրցաշարը հայ ձյուդոիստները կանցկացնեն Մարոկկոյում, որտեղ կանցնի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

«Մեր ֆեդերացիան իրավունք է ստացել 2012թ. հունիսի վերջում Երևանում անցկացնել Եվրոպայի պատանեկան առաջնությունը, մինչ այդ մայիսին մենք կանցկացնենք մարզչական ու մրցավարական սեմինար, որին կմասնակցեն ձյուդոյի առաջատար մասնագետներ: Դա մեզ համար կարևոր իրադարձություն է, հատկապես այն բանից հետո, երբ մենք կազմակերպեցինք Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որը միջազգային ֆեդերացիան ճանաչեց տարվա լավագույն մրցաշար»,-ասել է Ավետիսյանը:

Հանդբոլ. Սեպտեմբերի 2-ին Վանաձորում մեկնարկեց հանդբոլի «Հայաստանի վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարը: « Մենք շատ ուրախ ենք, որ Վանաձորում տեղի է ունենում այդպիսի խոշոր մրցաշար, դա մեզ համար մեծ պատիվ է և ցանկանում ենք, որպեսզի այդ 3 օրերը տոն դառնան հանդբոլի սիրահարների համար»,- բացման արարողության ժամանակ ասաց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գևորգյանը կարծում է, որ Վարչապետի գավաթը կօգնի Հայաստանում հանդբոլի տարածմանը և զարգացմանը:

Մրցաշարին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից և Բելառուսից: «Վարչապետի գավաթը» կավարտվի սեպտեմբերի 4-ին: Դրան զուգահեռ ընթանում է մինչև 16 տարեկան պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնության երկրորդ փուլը:

ԲռնցքամարտԵրկրորդ միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, բրիտանացի Կարլ Ֆրոչը BBC-ի հետ հարցազրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ նրա մենամարտը Արթուր Աբրահամի հետ, որը կկայանա հոկտեմբերի 2-ին, կդառնա «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչը: Այդ մարտը նաև կորոշի, թե բռնցքամարտիկներից ով կդառնա WBC վարկածով տիտղոսակիր, որից հրաժարվել էր մցաշարի նախկին մասնակից Միքել Քեսլերը (Դանիա): Մեկ այլ կիսաեզրափակիչ մենամարտում կհանդիպեն WBA վարկածով չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդը և նրա հայրենակից Անդրե Դիրելը: «Աբրահամի դեմ մարտը կլինի WBC տիտղոսի համար»,- ասել է Ֆրոչը,- և կդառնա մրցաշարի կիսաեզրափակիչը: Ինձ համար դա լավ նորություն է: Մնացել ենք ես ու Աբրահամը, և մենք պետք է հանդիպենք ռինգում: Ուորդի և Դիրելի մենամարտը երկրորդ կիսաեզրափակիչ մարտն է: Այնպես որ եզրափակիչ մենամարտը կլինի WBC և WBA տիտղոսների համար պայքարը: Ես պետք է կատարեմ Աբրահամի դեմ պայքարում իմ առաջադրանքը»:

Ֆրոչի խոսքերով, Քեսլերը, որը հրաժարվել էր մասնակցել մրցաշարին վնասվածքի պատճառով, WBC վարկածով չեմպիոնի հետ մենամարտելու իրավունք կստանա մրցաշարի ավարտից հետո: «Եզրափակիչ մարտից հետո Քեսլերը մարտ կանցկացնի WBC տիտղոսի համար: Նա կդառնա WBC վարկածով պատվավոր չեմպիոն, ինչը նշանակում է, որ ես ու Աբրահամը կպայքարենք իմ հին տիտղոսի համար: Ես կրկին շանս ունեմ դառնալ աշխարհի չեմպին, եթե ամեն ինչ ճիշտ անեմ, Քեսլերն իրավունք կունենա մենամարտել տիտղոսի համար, քանի որ հոժարակամ հրաժարվել էր դրանից»,- ասել է Ֆրոչը, հաղորդում է allboxing.ru-ն:

Թենիս. Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դժվարությամբ դուրս եկավ US Open 2010-ի երկրորդ շրջան: Օգոստոսի 31-ին աշխարհի 33-րդ ռակետը միայն 5 սեթերում առաջ անցավ աշխարհի 231-րդ ռակետ Ռիկ դե Վոեստայից (ՀԱՀ): Նալբանդյանը հաղթեց 7:6, 3:6, 6:4, 6:7 և 6:4 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն:

Այդ հաղթանակի շնորհիվ Նալբանդյանը մեծացրեց իր առավելությունը Ռիկի հետ անձնական հանդիպումների հաշիվներում` 2:0:

Մրցաշարի 3-րդ շրջան դուրս գալու համար նա կմրցի ֆրանսիացի Ֆլորան Սերայի հետ:

Ավելի վաղ Նալբանդյանը և Սերան երբեք չեն հանդիպել պաշտոնական մրցումներում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---