ԱՄՆ realpolitik-ի մեջ Հայոց ցեղասպանությունը տեղ չունի

Վաշինգտոնին Թուրքիան պետք է Իրաքում և Աֆղանստանում ռազմական օպերացիայի պատճառով: Հենց դրանում էլ պետք է որոնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառը

Մերձավոր Արևելքը միշտ մտել է ԱՄՆ շահերի գոտու մեջ: Այդ դիրքորոշումը հատկապես ամրապնդվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ԱՄՆ-ը, լրջորեն ետ մղելով Մեծ Բրիտանիային, ըստ էության փոխարինեց նրան նավթով հարուստ այդ բավական պրոբլեմատիկ տարածաշրջանում: ԽՍՀՄ տարիներին երկու գերտերությունների պայքարը Մերձավոր Արևելքում գերիշխանության համար ընթանում էր փոփոխական հաջողությամբ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերածվեց թույլ պարզաբանումների՝ ո՞վ է ավելի ուժեղ:

PanARMENIAN.Net - Ռուսաստանը քայլ առ քայլ զիջում է դիրքերը տարածաշրջանում, նա համարյա էլ ոչինչ չունի բացի Սիրիայից: Թուրքիան առանցքային երկիր է Մերձավոր Արևելքում և բնական է, որ Անկարայի հետ նորմալ հարաբերությունները պետք են ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Մոսկվային: Հենց դրանում էլ պետք է փնտրել ԱՄՆ կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառները: Ընդ որում, ԱՄՆ համար հազիվ թե տեղին են բարոյականության կամ մարդասիրության դատողությունները: Եթե մինչև վերջ անկեղծ լինել, պետք է նշել, որ Հոլոքոսթը ճանաչվել է ոչ այնքան և ոչ միայն հրեական ժողովրդի անպատմելի զոհերի պատճառով, այլ նաև ողջ աշխարհում հրեական սփյուռքի հզորագույն ազդեցության, որը կշռով և ազդեցությամբ գերազանցում է հայկական սփյուռքին: Ընդ որում պետք է նշել, որ երկու ողբերգական դեպքերն էլ սահմռկեցուցիչ են և անթույլատրելի:

Կասկած չկա, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը տեսանելի ապագայում չի ընդունվելու ԱՄՆ Կոնգրեսում: Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ համար առանցքային գործընկեր է, և Վաշինգտոնում լուրջ քաղաքական գործիչներից ոչ մեկը չի անդրադառնա դրան այն պարզ պատճառով, որ այդ ճանաչումն արդեն եղել է 1916-ին և հայերի համար ոչ մի նոր բան չի տալու: Ողջ հարցը ձևակերպումների մեջ է, որոնց ետևում կորում է մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը ճանաչելու իրական իմաստը:

Սակայն վերադառնանք Սպիտակ տան վարչակազմի հայտարարություններին, որը, ինչպես վայել է գերտերությանը, ասում է մի բան, կատարում՝ մեկ այլ բան: Ճիշտ է, պետք է նշել, որ, օրինակ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երբեք չի հայտարարել այն մասին, որ «1915-ի ողբերգական դեպքերը» Ցեղասպանություն են: Եվ դա նրան պետք էլ չէր՝ նա չի մասնակցել նախընտրական քարոզարշավի: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Ռայսը պատրաստվում է հրատարակել «No Higher Honor» գիրքը, որում պատմվում է պետքարտուղարի պաշտոնում նրա գործունեության մասին: Լիովին հասկանալի է, որ գրքում բավակական մեծ ուշադրություն է հատկացվում ԱՄՆ և Թուրքիայի միջև հարաբերություններին հատկապես ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման լույսի ներքո: «Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները վտանգի տակ էին: Հզոր հայկական լոբբին երկար տարիների ընթացքում պայքարում էր Կոնգրեսում բանաձևի ընդունման համար, որը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը բնութագրում է որպես Ցեղասպանություն: Սա թողել է իր հետքը Թուրքիայի հետ հարաբերություններում: Առաջին անգամ մենք այդ խնդրի հետ բախվեցինք 1991-ին: Պարսից ծոցում առաջին պատերազմի ժամանակ կարևորև դեր խաղացած թուրքերը բարկանում էին, որ նրանց փորձում են պատասխանատու դարձնել իրադարձությունների համար, որոնք տեղի էին ունեցել Օսմանյան կայսրությունում: Այդ ժամանակ մենք դադարեցինք աջակցել Ցեղասպանության բանաձևի ընդունման գործընթացին: Ոչ ոք չի հերքում այդ ողբերգական դեպքերը: Սակայն դա ավելի շատ պատմաբանների գործն է, քան քաղաքական գործիչների: Եվ հենց այդ պահին, երբ թուրք-իրաքյան սահմանին լարվածությունը հասել էր գագաթնակետին, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց այդ որոշումը: Ես աղաչում էի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին քննարկման չդնել այդ բանաձևը: Սակայն Փելոսին ասաց ինձ. «Ոչինչ չեմ կարող անել»: Պաշտպանության նախարար Գեյթսի հետ մենք մամուլում հայտարարեցինք, որ մենք դեմ ենք այդ բանաձևի ընդունմանը և հաղորդեցինք Իրաքում մեր զինվորական հրամանատրի հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակում մեծ է Թուրքիայում մեր ռազմական բազաները կորցնելու հնարավորությունը: Մենք խոստացանք թուրքերին բոլոր միջոցներով տապալել այդ բանաձևը Կոնգրեսում և ի վերջո կարողացանք անել դա: Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնել ցանկացող հայերը նույնպես այդ բանաձևի ընդունման կարիքը չունեին»,- գրում է Ռայսը: Ճիշտ է, վերջին արտահայտությունում նա, մեղմ ասած, սխալ է և ամեն ինչ չափում է իր արշինով: Հայերը, որքան էլ զարգացնեն Թուրքիայի հետ հարաբերությունները, երբեք չեն հրաժարվի Հայոց ցեղասպանության համար պայքարից: Կոնդոլիզա Ռայսը պետք է իմանա դա թեկուզ քաղաքական գործչի կարգավիճակով: Բայց հավանաբար նրան այսպիսի ձևակերպումներն ավելի ձեռնտու են:

Միաժամանակ, Վաշինգտոնում սկսվել է Թուրք-հայկական խորհրդի 30-րդ համաժողովը, որտեղ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունները: Համաժողովի աշխատանքին մասնակցում են ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հիմնական զեկուցողն էր ամերիկյան կողմից և հերթական անգամ հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարևորության մասին: Նա կրկին անդրադարձել է հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման անհրաժեշտությանը: Երևում է, Արձանագրությունների մասին հիշատակումը դարձել է ամերիկյան դիվանագետների ելույթների անբաժան մասը : Ընդ որում բոլորը գիտեն, որ մինչև թուրքական կողմը չճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ պայմանը չի կատարվի: Այնուամենայնիվ, պետք է խոստվանել, որ Օբամայի վարչակազմը մնում է թուրքական շահերի պաշտպանը, ինչը նորություն չէ:

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը դրական քայլ կլինի և մենք հուսով ենք, որ թուրքական խորհրդարանը կվավերացնի Արձանագրություններն ընթացիկ նստաշրջանի ընթացքում և կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, որովհետև հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանում առաջընթացը և զարգացումը: Հարևանների հետ լարվածության կրճատումը, կայունության բարձրացումն ընդլայնված աճի և ազդեցության դեղատոմս են»,- ասել է Քլինթոնը: Իր հերթին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել կողմերի վրա Արձանագրությունների վավերացման համար: Այսինքն Վաշինգտոնի համար գլխավորը Արձանագրությունների վավերացումն է, այլ ոչ թե մարդու իրավունքները, որոնց մասին այդքան սիրում են խոսել Կապիտոլիումի բլուրում: Բանը realpolitik-ի մեջ է, որտեղ Հայոց ցեղասպանությունը տեղ չունի...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---