ԱՄՆ նախընըտրական քարոզարշավը. Իրանը միջուկային զենք չի ստանա

ԱՄՆ նախընըտրական քարոզարշավը. Իրանը միջուկային զենք չի ստանա

Օբամայի համար հիմա կարևորն ամերիկյան հրեաների ձայները ստանալն է և, գլխավորը, նախընտրական ֆոնդը համալրելը

ԱՄՆ նախագահական նախընտրական քարոզչության գլխավոր հաղթաթուղթը, անկասկած, Իրանն է, ավելի ճիշտ, Իրանի միջուկային խնդիրը: Թեկնածուները կարծես մրցում են, թե ով ավելի շատ կվախեցնի Թեհրանին, որն առայժմ պահպանում է օլիմպիական հանգստություն: Նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ խոշորագույն հրեական կազմակերպության՝ AIPAC-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկացած միջոցի կդիմի, այդ թվում (անհրաժեշտության դեպքում) ռազմական ուժի՝ Իրանից կողմից միջուկային զենքի ստեղծում թույլ չտալու համար:Միաժամանակ Օբաման կոչ է արել սպասել, «մինչև պատժամիջոցները և դիվանագիտական միջոցներն ահրաժեշտ ազդեցությունը չունենան իրանական ղեկավարության վրա և չստիպեն հրաժարվել միջուկային զենք ստեղծելու պլաններից»:

PanARMENIAN.Net - «Ոչ մի իսրայելական կառավարություն թույլ չի տա, որպեսզի միջուկային զենքն ընկնի ռեժիմի ձեռքը, որը ժխտում է Հոլոքոսթը, սպառնում է վերացնել Իսրայելը երկրի երեսից և աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, որոնք ձգտում են ոչնչացնել Իսրայելը»,- ասել է նա: Հանդիպմանն Օբաման եղել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, և լիովին բնական է, որ պետք է համոզեր Իսրայելին ԱՄՆ կողմից անվերապահ աջակցության մեջ:

Օբամայի կարծիքով, Իրանի դեմ պատժամիջոցները որոշ արդյունքներ են տալիս. դրանք դանդաղեցրել են Իրանի կողմից ազգային միջուկային ծրագրի իրագործումը, գրեթե դադարեցրել են իրանական տնտեսության ընթացքը և պառակտում են մտցրել երկրի ղեկավարության մեջ: Ինչպես միշտ Սպիտակ տան վարչակազմը միֆերի և ենթադրությունների գերին է, որոնք շատ հեռու են իրականությունից: Ճիշտ է, ԱՄՆ նախագահը կարծում է, որ ԱՄՆ և Իսրայելի ունեցած տեղեկատվության համաձայն Իրանն առայժմ միջուկային զենք չունի: Այսօր, ի դեպ, Օբաման հանդիպում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Օբամայի համար հիմա կարևորն ամերիկյան հրեաների ձայները ստանալն է և, գլխավորը, նախընտրական ֆոնդը համալրելը:

Սակայն ամերիկաիսրայելական բանակցություններից քիչ առաջ Գերմանիայից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ 2010-ին Հյուսիսային Կորեան անցկացրել է ատոմային մարտալիցքերի երկու ստուգողական պայթյուններ: Տարբեր երկրների հատուկ ծառայությունները ենթադրություններ են հայտնում, որ այդ լիցքերից առնվազն մեկը պատկանել է Իրանին: Ստացված տեղեկատվության ճշմարտացիության դեպքում կարելի է խոսել այն մասին, որ Իրանն արդեն ավարտել է ատոմային զենքի մշակումը ի հեճուկս արևմտյան հետախուզությունների բոլոր կանխատեսումների, այդ թվում՝ ԿՀՎ-ի և ՄՈՍՍԱԴ-ի: Որքան էլ ցավալի է, բայց ԱՄՆ-ն իրեն դուր չեկած երկրների նկատմամբ գործում է նույն սխեմայով՝ Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք չուներ, բայց ասացին, որ ունի: Իրանը ռումբ չունի, բայց ասում են, որ արդեն կարող է ունենալ: Իսկ այն մասին, որ Պակիստանը տասնյակ միջուկային լիցքեր ունի և նա իսկապես սպառնալիք է ներկայացնում աշխարհի համար, եթե հաշվի առնել այն, որ Պակիստանի տարածքում գործում են տարբեր արմատական իսլամական խմբավորումներ, ԱՄՆ-ը լռում է:

Օբամայից ետ չի մնում հանրապետականներից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին: Նրա խոսքով, Իրանը միջուկային զենք կստանա, եթե Օբաման ընտրվի երկրորդ անգամ: «Նա նախագահ է, ով գործողության մեջ չի դրել Իրանի դեմ կաթվածահար անող պատժամիջոցներ: Եվ դա անընդունելի է ԱՄՆ համար, որպեսզի Իրանը ստանա միջուկային զենք»,- մեջբերում է AFP-ն նրա ելույթը 2000 կողմնակիցների առջև: Ռոմնին պնդում է, որ եթե նա նախագահ լիներ, ապա «նա անհրաժեշտ ռազմական հնարավորությունները կունենար» և «այնպիսի պատժամիջոցներ կընդուներ, որոնք Իրանին տեղը կդնեին»:

Անտարակույս, յուրաքանչյուր թեկնածու մինչև վերջ շրջանառության մեջ է դնելու Իրանի թեման: Ավելին, եթե հանկարծ Օբաման սկսի ետ մնալ իր հանրապետական մրցակցից, տեսականորեն նա կարող է թույլ տալ Իսրայելին մի քանի հրթիռ արձակել Իրանի վրա: Բայց ամեն ինչ դրանով պետք է որ ավարտվի: ԱՄՆ տնտեսությունն այն վիճակում չէ, որպեսզի Իրանում պատերազմ վարի, առավել ևս դեռ չլուծած Սիրիայի հարցերը: Իսկ Իրանի վրա հարվածն ուղիղ վիրավորանք կլինի ոչ միայն մահմեդականների, այլ նաև Ռուսաստանի համար, որն իրեն, առաջին հերթին, համարում է Սիրայի և Իրանի դաշնակիցը, երկրորդ, ուղղակի թույլ չի տա իրավիճակի նման զարգացում: Վլադիմիր Պուտինն աչքի է ընկնում չափազանց կոշտ որոշումներով, հատկապես երբ հարցը վերաբերվում է Ռուսաստանի՝ որպես գերտերության վերականգնմանը: Իսկ ԱՄՆ-ը և Իսրայելն ավելի լավ է ընդունեն Պուտինի այդ դիրքորոշումը հիմա, այլ ոչ թե այն ժամանակ, երբ ուշ կլինի:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---