Լիբիայի կործանումը սկսվեց, ինչպես և կարելի էր սպասել, նավթային շրջանների համար պայքարից

Լիբիայի կործանումը սկսվեց, ինչպես և կարելի էր սպասել, նավթային շրջանների համար պայքարից

Գնդապետ Քադաֆին շուրջ 130 ցեղերին պահում էր իր բռի մեջ, և հենց նրա շնորհիվ Լիբիան մինչև այժմ գոյություն ուներ որպես մեկ միասնություն

Լիբիայում պատահեց այն, ինչ պետք է պատահեր. ցեղերը սկսեցին երկիրը բաժանել հարուստների և աղքատների: Պարսից ծոցի նավթային միապետությունների օրինակը վարակիչ է, նրանց բարգավաճումն առաջացնում է նախանձ և չարություն: Դրա հետ միասին գալիս է միտքը՝ մենք էլ ենք այսպես ուզում: Լավ ապրելու ցանկությունը, իհարկե, նույնիսկ հարգանք է առաջացնում, սակայն մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ հնարավորությունները: Այնուամենայնիվ, ցանկությունը միշտ գերիշխում է, և ահա ցեղերի առաջնորդների և աշխարհազորայինների ջոկատների հրամանատարները Լիբիայի նավթով հարուստ արևելյան մասը՝ Կիրենաիկին, հռչակեցին կիսաինքնավար պետություն:

PanARMENIAN.Net - Անցումային կառավարության ղեկավարն այդ միակողմանի կարգով ընդունված որոշումն անվանեց արաբական պետությունների «վտանգավոր» դավադրություն, որոնք փորձում են պառակտել երկիրը Մուամար Քադաֆիի տապալումից վեց ամիս անց: Բենգազիում՝ երկրի արևելյան մասի գլխավոր քաղաքում, կայացած համաժողովում հայտարարվել է, որ «Բարքա» անունով նոր պետությունն ունենալու է սեփական խորհրդարանը, իրավապահ մարմինները, դատարանները և մայրաքաղաքը՝ Բենգազին: Երկրի արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը և նավթային պաշարների կառավարումը մնալու է Տրիպոլիում գտնվող կենտրոնական կառավարության արտոնությունը: Բարքան զբաղեցնելու է երկրի տարածքի գրեթե կեսը՝ արևելքում Եգիպտոսի հետ սահմանից մինչև հարավում Սուդանի և Չադի հետ սահմանները: Հատուկ գումարված «Կիրենաիկիի ժողովրդի կոնգրեսի» 2 հազար պատվիրակները ձևավորել են Գերագույն անցումային խորհուրդ շեյխ Ահմեդ ազ Զուբեյրա աս Սենուսիի ղեկավարությամբ, ով հայտնի դիսիդենտ է նախկին իշխանությունների օրոք, ինչպես նաև երկիրը ղեկավարող Ազգային անցումային խորհրդի անդամ է: Ազգային անցումային խորհրդի, այսինքն ժամանակավոր կառավարության ղեկավար Մուսթաֆա Աբդուլ Ջալիլը հայտարարել է, որ արևելյան ցեղերի կողմից նման քայլերը կարող են հանգեցնել Լիբիայի պառակտմանը: Միաժամանակ, նա նշել է, որ դրան պետք էր սպասել, քանի որ երկրի արևելյան մասի բնակչությունը որոշիչ դեր է խաղացել Քադաֆիի ռեժիմը տապալելու մեջ: «Ցավոք սրտի, որոշ արաբական պետություններ նպաստել են նրան, որպեսզի դա տեղի ունենա, աջակցել են այդ քայլին»,- ասել է Աբդուլ Ջալիլը՝ չանվանելով կոնկրետ երկրներ: «Այդ երկրները ֆինանսավորում են նման անթույլատրելի քայլերը: Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, Լիբիայի և լիբիացների դեմ դավադրության սկիզբ է»,- ասել է նա Տրիպոլիում կայացած մամլո ասուլիսում:

Գնդապետ Քադաֆին շուրջ 130 ցեղերին պահում էր իր բռի մեջ, և հենց նրա շնորհիվ Լիբիան մինչև այժմ գոյություն ուներ որպես մեկ միասնություն: Իսկ հիմա Լիբիան, նրա հետ միասին «արաբական գարուն» ապրած մյուս երկրները, վերադառնում են մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ունեցած դրությանը, ավելի շուտ Լոուրենս Արաբացու գլխավորությամբ բրիտանական հետախուզության գործողությունների սկզբին, ով ոսկու և զենքի օգնությամբ արաբական ցեղերը միավորեց մեկ պետության՝ Իրաքի մեջ: Տարածաշրջանի մյուս մասում՝ Լիբանանում և Սիրիայում, նման առաջադրանքով գործում էին ֆրանսիացիները: Ավելի ուշ, անկախություն ձեռք բերած Եգիպտոսը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Լիբիան ընկան խորհրդային ազդեցության տակ (բացառությամբ Լիբանանի): Այս փոքր պատմական էքսկուրսն անհրաժեշտ էր կրկին նշելու համար, որ արաբական պետությունների բոլոր «դժբախտությունները» վաղուց են սկսվել: Իր դերը խաղացել է նաև իսլամական գործոնը: Իսկ հիմա Լիբիայում, Բահրեյնում, Սիրիայում ընդդիմություն անվան տակ կռվում են «Ալ Քայիդայի» գրոհայինները: ԱՄՆ-ն այդ փաստն արդեն ճանաչել է, որն այդքան անմտորեն աջակցեց արաբական երկրներում հեղափոխությոններին, համարելով, որ քաոսն ավելի լավ է, քան բռնապետությունը: Բանն այն է, որ հիմա ուղղակի փոխվում է բռնապետության ձևը՝ աշխարհիկից կրոնական: Այս ֆոնին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջեյմս Մեթիսը կարծում է, որ Սիրիայում զինված դիմադրությունն այս փուլում զարգանում է հօգուտ կառավարական ուժերի: Հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումներում՝ նա հայտարարել է, որ «մարտի դաշտում» նախագահ Բաշար Ասադը «ակնհայտորեն հասնում է նրան, ինչին ցանկանում է հասնել»: Ինչպես գրում են համաշխարհային ԶԼՄ-ները, նա նախազգուշացրել է, որ որքան երկար ձգվեն մարտական գործողությունները, «այնքան մեծ կլինի իրավիճակին «Ալ Քայիդայի» միանալու և երկրում լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվելու հավանականությունը»: Մեթիսը հաստատել է, որ ԱՄՆ ունեցած տվյալների համաձայն, այդ ահաբեկչական ցանցը մասնակցել է Սիրիայում վերջերս տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունները կազմակերպելուն: Նա պատասխանատվություն է կրում «իսկապես խոշոր հարձակումների համար պայթուցիկ սարքերի կիրառմամբ», ասել է Մեթիսը: Մնում է միայն հուսալ, որ Սիրիայի իրադարձությունները չեն ընթանա լիբիական սցենարով:

Կարելի է, իհարկե, համարել, որ Հայաստանին բոլոր այս իրադարձությունները վերաբերվում են այնքանով, որքանով Մերձավոր Արևելքի երկրներում մեծ հայ համայնք կա: Բայց բացի դրանից, կա ևս մեկ բան՝ աշխարհագրությունը: Մերձավոր Արևելքն այլ մոլորակում չէ, այն մեր կողքին է: Եվ եթե Սիրիայի «հարցերը լուծեն», կգա Իրանի հերթը, իսկ դա արդեն անմիջականորեն հայկական սահմանն է: 20 տարի առաջ հրապարակված Մեծ Մերձավոր Արևելքի ամերիկյան քարտեզի վրա նշված են երկրներ, որոնք ԱՄՆ վարկածով կկորցնեն իրենց տարածքները: Դրանք են՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իսրայելը, Սիրիան, Իրանը, Աֆղանստանը, Քաթարը, Քուվեյթը, Պակիստանը: Հայաստանը կսեղմվի ազատ Քուրդիստանի և Իրանի միջև: Այնպես որ «Մեծ խաղը» դեռ առջևում է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---