Դեսպան. Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում

Դեսպան. Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին «Ազատությանը» ասել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի իրավական խոչընդոտներ չկան:

«Մեր երկու նախարարների հանդիպման ժամանակ, ի դեպ՝ հայկական կողմի առաջարկությամբ, մեր էներգետիկայի նախարարի՝ այն ժամանակ պարոն Յոլյանն էր, իր առաջարկությամբ, իրենց նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը առաջարկեց՝ բացի այն, որ մենք ունեինք՝ Երևանի ՋԷԿ և իրենց արտահանման ընկերության հետ պայմանագիր ուղղակի գազ տալու և հոսանք ստանալու՝ փոխկապակցված այդ պայմանագրի, բացի դրանից ունենալ ազատ առքուվաճառքի պայմանագիր գազի, որը թույլ կտա և՛ գազ առնել, և՛ տարանցել, եթե դրա հնարավորությունները լինի կամ դրա կարիքը, պատվերը լինի», - պարզաբանել է դեսպանը:

Թումանյանը հայտնել է, որ իրանական գործընկերոջ կողմից «առաջարկը ընդունվեց, փաստաթղթերը պատրաստվում են, նախագծերը համաձայնեցվում են հիմա, և ես կարծում եմ՝ եթե որևէ արտառոց բան չլինի, այդ փաստաթուղթը կստորագրվի, և երկու պետությունները, այո, կունենան գազի առքուվաճառքի պայմանագիր»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն Իրանի նախագահի ակնկալվող այցի ժամանակ դեսպանը պատասխանել է․ - «Որևէ ժամկետ [այցի], որևէ հստակություն այս պահին չկա»: Բայց այդ պայմանագիրը հենց պատրաստվի՝ կստորագրվի»:

Թումանյանը հավելել է. «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, և որևէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում ես»:

Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 դրամ, որը բաժանված է 100 հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---