// IP Marketing video - START// IP Marketing video - END
Վաճառելով արվեստը

Տաթև Թաթոյան, Աբգար Խաչատրյան.

Վաճառելով արվեստը

PanARMENIAN.Net - Հայաստանում արվեստի շուկայի ակտիվությունը գործնականում զրոյական է: Հայ նկարիչները ստիպված են ինքնուրույն զբաղվել սեփական արվեստն առաջ տանելու գործով: Չնայած հայկական արվեստի հսկայական ներուժին` երկրում չկան համապատասխան ենթակառուցվածքներ և պետական աջակցություն, որը թույլ կտար ի հայտ բերել գոյություն ունեցող, սակայն հանրության լայն շրջանակներից «թաքնված» արվեստի շուկան: Պատկերասրահներում ցուցադրվելու հնարավորությունը չի ապահովում նկարչի մուտքն «արվեստի աշխարհ» պոտենցիալ լսարանի սղության պատճառով:

Արտ-շուկայի խնդիրների և ստեղծված լճացումից դուրս գալու հնարավոր ուղիների մասին է մեր զրույցը շուկայագետ, «Խաչատրյան Արտ Քոլեքշն» նախագծի հեղինակ Տաթև Թաթոյանի և նկարիչ Աբգար Խաչատրյանի հետ:

Ի՞նչ է կատարվում այսօր արտ-շուկայում, կա՞ ինչ-որ առաջխաղացում:
Տաթև Թաթոյան. Իրավիճակն իրոք ողբալի է: Հիանալի նկարիչներ կան, որոնք պարփակված են իրենց ներաշխարհում ու հազիվ են գոյատևում: Նրանցից շատերը բացարձակ չեն պատկերացնում ինչպես կարելի է ներկայանալ աշխարհին ու ներկայացնել սեփական աշխատանքները, նրանք ծանոթ չեն շուկայական մեխանիզմներին: Եվ պետք էլ չի, որ նրանք զբաղվեն դրանով: Համաձայնեք, ստեղծագործող մարդու համար դժվար է անցում կատարել բոլորովին այլ ոլորտ, որը կապված է զուտ նյութական բաղադրիչի հետ, որտեղ բոլորովին այլ օրենքներ են գործում: Արվեստի ու բիզնեսի միջև պետք է միջնորդ լինի, որն այսպես ասած հոգ կտանի նյութը «նյութականացնելու» մասին` չվերածելով արվեստը զուտ բիզնեսի: Բիզնեսը պետք է ծառայի արվեստն առաջ տանելուն, ոչ թե հակառակը:

Իրավիճակն արտ-շուկայում տասնամյակներ շարունակ գործնականում անփոփոխ է մնացել, սակայն, հարկ է նշել, որ մեծ հետաքրքրություն կա մասնավոր անձանց մոտ, որոնք ցանկանում են գործը շարժել մեռյալ կետից: Այդպիսի ձեռնարկներից մեկն էլ իմ արտ նախագիծն է, որի նպատակն է հարթել տաղանդավոր նկարչի ճանապարհը դեպի իր «հանդիսատեսը»:

Աբգար Խաչատրյան. Նկարիչներին առաջ մղելու համար շատ արդյունավետ կլիներ, եթե նրանք պարբերաբար մասնակցեին ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառներին, դա շատ կարևոր փուլ է ինչպես առանձին նկարչի, այնպես էլ ընդհանուր առմամբ երկրի արվեստը ճանաչելի դարձնելու համար: Սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով այդ մշակույթը չի զարգանում: Ի դեպ, ի տարբերություն արտ-էքսպոյի, շարքային ցուցահանդեսները չեն կարող մեծ լսարան ապահովել, դա շատ նեղ տարածք է նկարչին բացահայտելու և զարգացնելու համար:

Օրինակ, ԱՄՆ-ում կան ամենատարբեր ուղղվածության բազում պատկերասրահներ, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է շփվել նկարիչների հետ, քննարկել նրանց ստեղծագործությունները: Հենց այնտեղ էլ կարելի է գնել հավանած նկարը: Այդպիսով, կենդանի շփում է ծավալվում նկարիչների և պոտենցիալ գնորդների միջև, արդյունքում երկուսի վարկանիշերն էլ աճում են: Այդպես, շուկայական օրգանիզմը լիարժեք չի գործում: Ճիշտ է, այստեղ կա բիզնեսի հորձանուտում արվեստը կորցնելու վտանգ, որից անպայման կտուժի նրա «նյարդն» ու ոգին:
Տաթև Թաթոյան. Սա առանցքային պահ է: Եթե արվեստի նպատակը միայն փող վաստակելն է, ապա բնականաբար դա կսպանի արվեստը: Այսինքն արվեստին ծառայելն ու նրա տնտեսական արժեքի ստեղծումը պետք է զուգահեռ ընթանան, որպեսզի արվեստի գործը չդառնա լոկ բիզնեսի առարկա: Սակայն, այն իր հերթին բիզնեսի միջոցով պետք է հասանելի դառնա հանրությանը: Եթե պետությունն ինչ-որ կերպ սատարեր նկարիչներին, որպեսզի նրանք իրենց հարթակն ունենային առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի, նրանք ի վերջո կկարողանային իրենց արվեստը ներկայացնել միջազգային մակարդակով: Չէ որ հենց արվեստի միջոցով է երկիրը ճանաչելի դառնում, հենց դա պետք է լինի մեր պետության այցեքարտը:

Աբգար Խաչատրյան. Ի դեպ, հարթակի մասին: Բավականին հետաքրքիր հարթակ էր վերնիսաժը, որտեղ կենդանի շփում էր տեղի ունենում նկարիչների և գնորդների միջև: Վերջերս այն վերանորոգվեց, և չգրված օրենք ներմուծվեց, որի համաձայն այժմ այն «բաց է» ոչ միայն շաբաթ-կիրակի օրերը, այլ ամեն օր: Այս նորամուծությունը բավականին խութեր ունի: Բանն այն է, որ եթե նախկինում նկարիչը 5 օր աշխատում էր և հետո կարող էր հանգստյան օրերին ներկայացնել իր աշխատանքները վերնիսաժում, նրանց տեղն այժմ կզբաղեցնեն վերավաճառողները, որոնք շատ ցածր գներով գնում են նկարիչների աշխատանքները: Որպես արդյունք, նկարիչն իր լավագույն աշխատանքները չի վաճառի, կամ ուղղակի կդադարի որակյալ գործեր անել վերնիսաժի համար: Այդպես շուկայի սխալ աշխատանքը մեռցնում է արվեստը: Կան վաճառողներ, որոնք նույնիսկ պրինտեր են վաճառում յուղաներկի բարակ շերտով պատված` դրանք որպես օրիգինալ աշխատանքներ ներկայացնելով: Արդյունքում նվազում է գնորդի վստահությունը, կորչում է նկարիչ ոգեշնչումը:

Այս քաոսում հորիզոնին այնուամենայնիվ հայտնվում են որոշ հուսադրող նախագծեր, որոնք նպաստում են արտ-շուկայի զարգացմանը: Դրանց է դասվում նաև ձեր նախագիծը, Տաթև: Այս իրավիճակից Դուք ի՞նչ ելք եք առաջարկում:
Տաթև Թաթոյան. Ես դեռ կայացման փուլում եմ: Գլխավոր նպատակը եղած «նյութը» շուկայագիտական տեսակետից ճիշտ ներկայացնելն է ու պրոֆեսիոնալ ձևով մատուցելը: Ես ուզում եմ մի հարթակ ստեղծել, որտեղ հնարավոր կլիներ ներկայացնել նկարիչներին մատչելի միջոցներով: Այսինքն, ոչ թե ուղղակի պատկերասրահ կազմակերպել և կրկին սպասողական ռեժիմում գտնվել, այլ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները` ինտերնետը, սոցցանցերը, գտնելու համար իր գնորդին:

Աբգար Խաչատրյան. Կցանկանայի ևս մեկ հետաքրքիր նախագիծ նշել: Բոլորվին վերջերս «Զվարթնոց» օդանավակայանում ցուցահանդես կազմակերպվեց: Գաղափարը նորարարական էր և շատ գրավիչ ինչպես նկարիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Շատերին այն անհեթեթ թվաց իր արտասովոր լինելու պատճառով, սակայն ընդամենը մի քանի օրում արդարացրեց իրեն: Արտերկրից ժամանող հյուրերը հետաքրքրությամբ էին բացահայտում իրենց համար Հայաստանի արվեստն ու բնականաբար հայ նկարիչներին: Այդ հարթակը «շատ բաց» լինելով չափազանց հեռանկարային ուղղություն է արտ-շուկայի զարգացման տեսակետից:

PanARMENIAN.Net / Tsets
 Ուշադրության կենտրոնում
Լեհահայ գրչության հազվադեպ ձեռագրեր կցուցադրվեն Մատենադարանում

Լեհահայ գրչության հազվադեպ ձեռագրեր կցուցադրվեն Մատենադարանում Ցուցադրությանը ներկայացվելու են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր