// IP Marketing video - START// IP Marketing video - END
5  23.06.17 - Նարինե Աբգարյան - գրող
Իմ բոլոր գրքերը մեծ կարոտից են ծնվել

Նարինե Աբգարյան.

Իմ բոլոր գրքերը մեծ կարոտից են ծնվել

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի գրող, «Մանյունյա», «Եկվորը», «Զուլալի», «Երկնքից ընկավ 3 խնձոր» գրքերի հեղինակ Նարինե Աբգարյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմել է իր սիրած հայաստանյան վայրերի, Ցեղասպանության հարցին իր վերաբերմունքի, գրողի աշխատանքում ռոմանտիզմի, ինչպես նաև այն մասին, թե ինչ է պակասում Վրաստանում:

Հայաստանում սիրած վայրի մասին

Հայաստանում իմ ամենասիրած վայրը իմ ծննդավայրն է: Դա ուժի աղբյուր է, այն վայրը, որտեղ ապրում են ծնողներս: Եվ եթե ինձ հարցնեն, թե որտեղ եմ ես ինձ տանը զգում, ապա միայն այնտեղ: Ավելին՝ ես կասեի, որ իմ Հայաստանը դա իմ Բերդն է:

«Ով Բերդում եղել է՝ կհասկանա»

Այս տարի (2017-ին՝ խմբ) Մոսկվայից մի ընտանիք էր եկել Բերդ: Ուղևորությունը Բերդ ծննդյան նվեր էր այդ ընտանիքի երեխային 9-րդ տարեդարձի կապակցությամբ: Նրանք եկել էին Հայաստան, մեքենա վարձակալել և հասել Բերդ: Տեսել էին պապիս տունը, հետո հարցրել էին, թե որտեղ են ապրում Նարինե Աբգարյանի ծնողները, մայրիկիս հետ սուրճ էին խմել: Վերջերս մի ընտանիք էլ էր եկել՝ 9-ամսական Մանյունյայի հետ: Եվ սա, անտեսելով այն հանգամանքը, որ մենք պատերազմական վիճակում ենք: Ես ինքս վախեցա ընկերներիս Բերդ տանել, ուղղակի վախ կա՝ անընդհատ գնդակոծում են: Ով Բերդում եղել է՝ կհասկանա, թե դա ռուս մարդու համար ինչ հերոսական քայլ է՝ ռուսի համար Բերդ գալը բոլորովին այլ աշխարհում հայտնվելուն հավասար է:

«Պատերազմ, որը դեռ շարունակվում է»

Տավուշը Հայաստանի պատերազմող տարածաշրջանն է, իսկ Բերդը սահմանամերձ տարածք է: Այդ մասին այնքան էլ չի խոսվում, բայց դա է իրողությունը: Գյուղերը մշտապես գնդակոծվում են՝ մանկապարտեզները, անցնող մեքենաները: Պատերազմը մինչ օրս շարունակվում է, նույնիսկ չես կարող այն 90-ականների պատերազմ անվանել: Դա պատերազմ է, որի մեջ մենք ապրում ենք: Իմանալով այդ ամենը՝ ես չէի կարծում, որ ինձ համար այդքան դժվար կլինի գրել դրա մասին: Յուրաքանչյուր պատմություն մի մարդու ճակատագիր է: Որոշ պատմություններ Բերդից եմ վերցրել, որոշ բաներ ինձ Ղարաբաղում են պատմել:

Ղարաբաղցու արմատների մասին

Այս տարի Ղարաբաղում էլ եղա՝ դա մի անհավանական էներգետիկ սնուցում էր, անհավանական: Մայրական կողմից ես ղարաբաղցի եմ: Իրականում Բերդում ապրողների մի մասը ևս ղարաբաղցի է, ինչպես տատիս (հայրական) ցեղը: Նրանք Բերդում են վերաբնակվել 200 տարի առաջ: Կորցրած սիրելի քաղաքի մասին

Ես մի ապշեցուցիչ սիրելի քաղաք ունեի՝ Կիրովաբադը, բայց հիմա չեմ կարող այնտեղ գնալ: Այն մոռացված է մեզ համար մեկընդմիշտ: Ես շատ էի սիրում և մի քանի անգամ եղել եմ Խանլարում՝ այնտեղ էր ապրում մայրիկիս մորաքույրը: Այդ քաղաքը ժամանակին գերմանացիներն են կառուցել: Հիշում եմ այդ տները՝ ցնցող, անհասանելի:

Հայկական խոհանոցի շուրջ

Ինձ վաղուց են բոլորը խնդրում հայկական խոհանոցի հետ կապված ինչ-որ բան գրել: Իհարկե, խոհարարական գիրք չեմ գրի, բայց, կարծում եմ, կարելի է պատմվածքների ինչ-որ հավաքածու հորինել, որտեղ յուրաքանչյուր պատմություն կառուցված կլինի որևէ բաղադրատոմսի շուրջ: Ասենք՝ մի գյուղ վերցնենք, հորինենք մսագործի, այգեպանի և այլն...

«10 տարի հետո այս ամենը չի լինի՝ այդ մասին գրել է պետք»

Մեզ մոտ Բերդում ծիծաղելի անունները շատ են: Լավ է, մեր բախտը բերել է՝ մեզ Փաշոենց են ասում...Իսկ կան Գյոդայանցներ, մտածել անգամ սարսափելի է, թե ինչու են այդ մարդկանց այդպես կոչել: Կան շատ զվարճալի ածականներ, որոնք երբևէ նույնիսկ արտաբերելն է ամոթ մի ինչ-որ այլ տեղ: Բայց ինձ թվում է, դա մեր ազգային կոլորիտն է ՝ 10, 20 տարի հետո այս ամենը չի լինի՝ դրա մասին գրել է պետք:

Հայ դասականների մասին

Հրանտ Մաթևոսյան եմ շատ սիրում: Նա ուղղակի հիասքանչ է, մայրիկս ասում է, որ Մաթևոսյանը հայկական Ֆոլքներն է: Հավանում եմ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները՝ «Անիի դեղատունը», «Հայկական էսքիզները», և Շահեն Թաթիկյանին՝ այս գրքերն եմ կարդացել, երբ Հայաստանում էի ապրում:

Երևանի հետ հարաբերությունների և նորից Բերդի մասին

Նախկինում Երևանի հանդեպ վերաբերմունքս բավականին զուսպ էր, քանի որ Երևանն այնքան էլ բարեհաճ չէ եկվորների հանդեպ: Երբ մենք ուսանող էինք ու հանրակացարանում էինք ապրում, կանխակալ վերաբերմունք ենք զգացել մեր հանդեպ: Բայց վերջերս իմ լավ ընկերուհի Վիկա Աղաջանովան մի ցնցող բան ասաց. «Քաղաքը մեղավոր չէ, որ այնտեղ այդպիսի մարդիկ կան ապրող»: Դա նույնն է, ինչ Մոսկվան չսիրես, քանի որ այնտեղ ապրող մարդկանց մի ստվար հատված կարծում է, որ եկվորներից միայն վատը կարելի է սպասել: Ուղղակի դա էլ պետք է քո մեջ հաղթահարես: Երևանում ես ինձ հիանալի եմ զգում, և զբոսնել եմ սիրում, և սրճարանում մի գավաթ սուրճ խմել, բայց հանգստանալու, ամեն ինչից կտրվելու համար Բերդ եմ գնում: Այնտեղ լեռներն են, լռություն, հայրիկը խորոված է անում...:

Ընտանիքի և Հայաստան վերադառնալու մասին

Ծնողներս Բերդում են ապրում, երկու քույրս՝ Երևանում, եղբայրս՝ Մոսկվայում, իսկ մյուս քույրս՝ Կարինկան, 2016-ին մեկնեց Ամերիկա: Նա շատ երկար չէր ուզում մեկնել, բայց մեկնեց Մոսկվայից, երբ համբերությունը սպառվեց: Փոքր երեխա ունեցող մարդու համար Ամերիկայում տեղավորվելը դժվար է: Բայց նրա մոտ ստացվեց: Որովհետև, եթե հայ կինն ինչ-որ բան է դրել մտքին, ուղղակի պետք է մի կողմ քաշվել: Կարինան ապրում և արդեն աշխատում է Բոստոնում: Բայց, կարծում եմ, մեզանից ոչ ոք Հայաստանից դուրս ինչ-որ տեղ մշտապես մնալու ծրագրեր չի կառուցում: Ամեն դեպքում, մենք բոլորս կվերադառնանք:

Որդու և ազգայինի մասին

Որդիս՝ Էմիլը, արդեն 21 տարեկան է, կարծում եմ, մի երկու տարուց կկարողանամ հանգիստ մեկնել Հայաստասն: Նա իր կյանքով է ապրում, ընկերուհի ունի: Նա ծնվել և մեծացել է Մոսկվայում: Ամենասարսափելին այն է, որ նա չի կարողանում ապրել Բերդում, որովհետև այնտեղ ինչ-որ բույս է աճում, որից նա ալերգիա ունի: Էմիլն առավելագույնը 2 օրով է Բերդ մեկնում: Երրորդ օրը նրան պետք է տանել, որովհետև սկսում է հազալ, փռշտալ, ջերմել: Երևանում իրեն գերազանց է զգում, շատ է սիրում Հայաստանը և մեծ հպարտությամբ է խոսում, բայց նա աշխարհի մարդ է: Չեմ կարծում, որ կցանկանա Հայաստան տեղափոխվել: Մյուս կողմից էլ զարմանում ես՝ կարծես, թե հա, աշխարհի մարդ է, բայց ինչպես է անմիջապես ընդվզում, երբ նրա ներկայությամբ, Աստված մի արասցե, ինչ-որ բան են ասում Հայաստանի մասին: Դրանից չես փախչի: Ազգայինը չի անհետանում: Նա պատմաբան է դառնալու, ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հարցը:

«Չի կարելի միայն Ցեղասպանության հարցով ապրել, հարկավոր է առաջ նայել»

Ես նյարդայնանում եմ, երբ որևէ ռեժիսոր հայտարարում է, որ մտադիր է ֆիլմ նկարահանել Ցեղասպանության մասին: Լսեք, ընդհանրապես մի՛ շոշափեք այդ թեման, մի կողմ թողեք: Դեպի ապագան նայեք: Երբ Ղարաբաղում էի, խոսել եմ այնտեղի մշակույթի նախարարի հետ: Նա ասաց, որ անշուշտ սգում են Ցեղասպանությունը, բայց աշխատում են շրջել պատմության այդ էջը: Որովհետև դա վշտի, սգի պատմություն է՝ չի կարելի հիմա դրանով ապրել: Դա շատ ճիշտ մոտեցում է: Ինձ զայրացնում է այդ պետական քարոզչությունը՝ ինչո՞ւ տառապել: Դա սպանում է մարդու արժանապատվությունը, վերածում է նրան կամազուրկ էակի: Ուստի ինձ շատ է դուր գալիս Ռուբեն Վարդանյանի թիմի գաղափարը («Ավրորա» միջազգային հումանիտար մրցանակը)՝ որ մենք հաղթած ազգ ենք, մենք վերածնվել ենք ինչպես փյունիկը մոխրից, և ապրում ենք: Մեզ ցանկացել են բնաջնջել՝ չի՛ ստացվել: Ամեն օր պետք է ամեն ինչ անել ի հիշատակ զոհվածների, ոչ թե սգալ, լինել հզոր, անկախ երկիր: «Եթե Մոսկվա չտեղափոխվեի, գրքերս չէին գրվի»

Ես հայկական դպրոց եմ ավարտել, հետո՝ Երևանի Բրյուսովի անվան ինստիտուտը, հետո մեկնել եմ Մոսկվա: Հստակ հասկանում եմ, որ եթե Մոսկվա չտեղափոխվեի, գիրք չէի գրի: Որովհետև իրոք իմ բոլոր գրքերը մեծ կարոտից են ծնվել:

«Հայաստանում անհնար կլիներ հրատարակվել»

Հրապարակելով «Մանյունյան» «Կենդանի ամսագրում»՝ չէի սպասում, որ ամեն ինչ այսպես կդասավորվի: Նախ՝ ես հրատարակչություն չեմ դիմել, այդ հրատարակչությունն է ինձ դիմել: Գրքի հրատարակման մասին որոշումը կայացրել է Ալեքսանդր Պրոկոպովիչը Լվովում: Հետո իմացա, որ որոշ հրատարակչություններ ևս ունեցել են նման մտադրություն, բայց կասկածել են, արդյոք պատմությունը կհետաքրքրի ռուսաստանցի ընթերցողին: «Մանյունյայի» առաջին տպաքանակը 4000 էր և սպառվեց շատ սեղմ ժամկետում: Դա մի մեծ երջանկություն էր: Դրանից հետո որոշեցի, որ գրելու եմ, թեև կասկածներ միշտ եղել են: Կասկածները մնում են, առավել ևս հիմա՝ արժե՞ գրել այդ մասին, արժե՞ դրանով զբաղվել:

Ես գիտեմ, որ մենք լավ գրողներ ունենք, որոնք ուղղակի հրատարակվելու հնարավորություն չունեն: Ես և Մարիամ Պետրոսյանը շանս ստացանք, քանի որ ռուսերեն ենք գրում: Հայաստանում մենք այդպիսի հնարավորություն չէինք ունենա:

Մարիամ Պետրոսյանի մասին

Մարիամ Պետրոսյանը հանճարեղ գրող է: Համեմատել, իհարկե, չի կարելի: Բայց, երբ համեմատում եմ, մտածում եմ՝ ահա թե ով պետք է գրի: Եղել եմ նրա հետ հանդիպմանը, երբ նա Մոսկվա էր եկել: Հիշում եմ՝ ապշել էի, երբ ասաց, որ կարող էր էլի շարունակել գրել այդ գիրքը («Տունը, որտեղ...»): Մի կողմից՝ ցավալի է, որ այդպես չեղավ, մյուս կողմից՝ դա իմ կարդացած սակավաթիվ գրքերից է, որոնք ես կարդացել եմ, ավարտել և հետո նորից սկսել: Եվ հիմա միանգամայն ազնիվ ասում եմ՝ սա այն դեպքը չէ, որ հայերն ուղղակի իրար են գովաբանում: Ես նրան ընթերցել եմ բացառապես որպես գրողի, կանխակալ վերաբերմունք չեմ ունեցել: Հետո արդեն, բնականաբար, հպարտացել եմ նրանով, դրանից չես փախչի:

Հայ ընթերցողի պահանջկոտությունը միշտ տոնուսի մեջ է պահում

Մեր ժողովուրդը հումորի հրաշալի զգացում ունի: Հայ ընթերցողի աջակցությունը, հումորը, ըմբռնումը՝ այս ամենը շատ թանկ է: Հայ ընթերցողը շատ պահանջկոտ է յուրայինների հանդեպ: Գուցե դա է ճիշտը, դա մեզ տոնուսի մեջ է պահում, թույլ չի տալիս թուլանալ:

Գրողի աշխատանքի մասին

Գրողի աշխատանքի մեջ ոչ մի ռոմանտիկ բան չկա: Ոչ մի այնպիսի բան, որ կոգեշնչի: Այդպիսի պահերը շատ հազվադեպ են լինում: Երբեմն, նստում ու 2 էջ զարմանալի տեքստ ես գրում, ինքդ քեզ վրա զարմանում, բայց այդպես հազվադեպ է լինում: Հաճախ դա ծանր աշխատանք է: Բայց եթե սիրում ես այդ գործը, եթե դա քոնն է, ապա, անշուշտ, դա մեծ երջանկություն է:

Էկրանավորման դժվարությունների մասին

Այժմ բանակցում ենք հերթական պրոդյուսերների հետ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի հեռուստատեսության կենտրոնական ալիքների խմբագրերը նույն «Մանյունյայի» մեջ ազգային պատմություն են տեսնում: Նրանք կասկածում են, արդյոք դա հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար, գրքի մեծ տպաքանակը նրանց չի համոզում: Փոխարենը «Մանյունյայի» պրեմիերան է սպասվում է մոսկովյան թատրոններից մեկում: Այն արդեն բեմադրվել է Տոմսկում, Սամարայում: Երազում եմ, որ «Մանյունյայի» մոտիվներով մուլտֆիլմ նկարահանվի:

.

Ձախողումը հաշվապահական գործում

Կարծում էի, եթե ինձ մի օր այլևս չկարդան, հաշվապահությամբ կզբաղվեմ: Չեք պատկերացնում, թե ինչ հոգեկան ապրումների հետ է կապված իմ ձախողումը հաշվապահական գործում, որովհետև ես միշտ լավ եմ սովորել, գերազանցիկի սինդրոմ ունեի: Բայց հաշվապահությունն ինձ մոտ առաջ չգնաց, ես ամենաբթամիտ հաշվապահն էի Մոսկվայում: Ինձ համար մեծ բացահայտում էր, որ հաշվապահություևը ոչ մի կապ չունի մաթեմատիկայի հետ: «Հաղթանակները մեզ վստահություն են հաղորդում»

Այնպիսի հաղթանակները, ինչպիսին էր, օրինակ, հաղթանակը «Յասնայա պոլյանայում», ոգեշնչում են՝ չէր որ ընտրում են գրչակիցները: Երբ մրցանակ ես ստանում այն մարդկանցից, ումով հիանում ես, օրինակ, Վոդոլազկինից, դա անսահման երջանկություն է, քանի որ հասկանում ես, որ ճիշտ ուղու վրա ես, որ իրոք քո գործով ես զբաղվում: Մրցանակները նրանով են լավ, որ որոշակի վստահություն են հաղորդում:

«Արժե գրել, քանի դեռ ստացվում է»

Անվերջ գրել հնարավոր չէ: Ինչ- որ պաշար ունես, որ քեղ տրված է, այն կսպառես և վերջ: Գլխավորը ժամանակին կանգ առնելն է: Որովհետև այնպես է լինում, որ մարդն արդեն սպառել է իրեն, բայց գրում է, սպառել է իրեն՝ բայց նվագում է: Պետք է ժամանակին խոստովանել, որ սպառել ես քեզ տրված լիմիտը: «Ես ռուսաստանցի գրող եմ հայկական արմատներով» Շատ կուզենայի հայ գրող համարվել, բայց քանի որ գրքերս հրատարկվում են ռուսերեն, ուստի, դա երևի երեսպաշտություն կլիներ: Ես ռուսաստանցի գրող եմ հայկական արմատներով: Թեև իմ բոլոր գրքերը Հայաստանի մասին են:

Ինչն է պակասում Վրաստանում

Վերջերս Վրաստանում էի, մի վանական համալիրում եղա, որտեղ մի կողմից Վրաստանն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Այնտեղ ամեն ինչ շատ հարազատ էր, ինչպես մեզ մոտ, բայց ինչ-որ բան պակասում էր: Եվ չէի հասկանում, թե ինչը: Անցա մի կիլոմետր, իսկ այդ զգացողությունը չէր անցնում, հետո միայն հասկացա, որ այնտեղ հսկայական քարեր կային, որոնք հենց այնպես կագնած էին: Խաչքարեր չկային: Հասկանո՞ւմ եք; Մերոնք ամեն ինչ այնտեղ կծաղկազարդեին: Եվ այդ արարչությունը մեզ հատուկ հենքն է՝ երբ քարը չի կարող հենց այնպես ընկած մնալ՝ այն պետք է ծաղկազարդված լինի, գոնե խաչով: Ահա սա է երևի ազգային ծածկագիրը: Եվ մեզանից յուրաքանչյուրը կրում է այդ պատասխանատվությունը:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան/ PAN Photo