Էգեմեն Բաղիշն իրեն իրավունք է վերապահում մատնանշել Ֆրանսիային Ցեղասպանության փոխարեն զբաղվել Ղարաբաղով

Էգեմեն Բաղիշն իրեն իրավունք է վերապահում մատնանշել Ֆրանսիային Ցեղասպանության փոխարեն զբաղվել Ղարաբաղով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերը «արդյունք չտվեցին, ուստի Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիան կակտիվացնի իր դերը հիմնախնդրի լուծման գործում», La Croix ֆրանսիական թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Եվրամիության գործերի նախարար Էգեմեն Բաղիշը, չորեքշաբթի օրը հաղորդում է Internethavadis թուրքական պորտալը:

Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը քննարկելու փոխարեն Ֆրանսիան «պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ և մտածի ադրբեջանցի փախստականների ճակատագրի մասին»:

Վերջերս ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը` գնդակոծելով հայկական սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև դիվերսիոն գործողություններ իրականացնելով Հայաստանի և Արցախի հետ սահմանին: Որոշ տվյալների համաձայն` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում անցյալ շաբաթվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող:

Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունը ջանք չի խնայում իր զինծառայողների մահվան կամ վիրավորվելու զանազան պատճառներ հնարելու համար, որպեսզի կոծկի իր կորուստների իրական պատճառները:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է:

Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Նիկոլյա Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր ընտրվելու դեպքում օրինագծի նոր տեքստը կներկայացվի արդեն հունիսին:

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլլանդը նույնպես խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---