Տիգրան Սարգսյան. Մենք կարևորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը

Տիգրան Սարգսյան. Մենք կարևորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և եվրոպական հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության ղեկավարը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդումը` նշելով, որ Գերմանիան Եվրոպական միության ամենաշատ ներդրումներ իրականացնող երկիրն է Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում: Պետական հատվածի դեպքում խոսքը վերաբերում է ֆինանսական համակարգին, արդարադատությանը, բնապահպանությանը, տեղական ինքնակառավարմանը, եվրոպական ինտեգրմանը, մասնավոր հատվածի դեպքում` գերմանական կապիտալով շուրջ 80 ձեռնարկության գործունեությանը, որտեղ զարգացման մեծ ներուժ կա. «Մենք կարևորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը: Ձեր այցելությունը հնարավորություն կտա ավելի առարկայական պատկերացումներ կազմել համագործակցության հեռանկարների մասին: Համոզված եմ, որ դա բխում է Հայաստանի շահերից, և կանենք ամեն ինչ, որ փոխգործակցության համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ»,-հայտարարել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Յորգ-Ուվե Հանը նշել է, որ Հեսսեն երկրամասը կարող է էական դերակատարություն ունենալ առևտրատնտեսական կապերի զարգացման գործում:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Գերմանիայի աջակցությունը եվրոպական ինտեգրման գործընթացին:

Որպես երկկողմ համագործակցության առաջնահերթություն` կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացումը և փորձի փոխանակումը: Անդրադարձ է եղել նաև քիմիական արդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը: Առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման առումով երկուստեք ընդգծվել էգործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկային բանկի (KfW) միջոցով տրամադրվող տեխնիկական և ֆինանսական շարունակական աջակցության վերաբերյալ:

Partner news
 Ուշագրավ
«Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա:
«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը
Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար
Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին
Partner news