Հունվարի 1-ից հիփոթեքի շրջանակում եկամտահարկի վերադարձի սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն

Հունվարի 1-ից հիփոթեքի շրջանակում եկամտահարկի վերադարձի սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն

PanARMENIAN.Net - 2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։ Եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում, ապա հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով եկամտահարկը չի վերադարձվելու։

Նշված սահմանափակումը չի կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Հարկային օրենսգրքով (հոդված 160) սահմանվել է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների մասով եկամտային հարկը չի վերադարձվում.

-2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստա­տած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,

-2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վար­չական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։

Օրենքի փոփոխությամբ սահմանվել է նաև, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփո­թեքային վարկի վարկառուին, նաև առկայության դեպքում՝ համավարկառուներին, վերադարձ­ման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---