DEG-ը 20 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ամերիաբանկին` ՓՄՁ վարկավորման նպատակով

DEG-ը 20 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ամերիաբանկին` ՓՄՁ վարկավորման նպատակով

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ և DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր`ութ տարի մարման ժամկետով: Վարկը կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Սա DEG-ի հետ երկարատև համագործակցության ընթացքում ևս մեկ նշանակալի ձեռքբերում է, և մենք ուրախ ենք, որ այդ համագործակցությունն աստիճանաբար ռազմավարական ուղղվածություն է ստանում: Այս վարկային պայմանագիրը մեզ թույլ կտա շարունակել ՓՄՁ հատվածի ֆինանսավորումը, որը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Պայմանագրի շրջանակներում փոքր և միջին ձեռնարկությունները երկարատև ֆինանսավորում ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը»:

«Տնտեսական աճն էապես կախված է փոքր և միջին ձեռնարկություններից: Այդ իսկ պատճառով DEG-ը շահագրգռված է նշված ձեռնարկությունների զարգացման մեջ: Սույն նախաձեռնությամբ մենք հնարավորություն ենք տալիս մեր փորձառու և հուսալի գործընկերոջը՝ Ամերիաբանկին, ընդլայնելու ֆինանսավորման իր ծավալները: Միևնույն ժամանակ մենք աջակցում ենք Հայաստանի ֆինանսական հատվածին՝ առավել հասանելի դարձնելով երկարաժամկետ ներդրումային միջոցները հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար»,-նշեց DEG-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն դոկտոր Անդրեաս Ցայսլերը:

DEG-ը հանդիսանում է KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ: Ֆինանսավորում է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: Որպես Եվրոպայի զարգացման ֆինանսավորման խոշորագույն կազմակերպություններից մեկը` DEG-ը խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցների ներդրումները կայուն տնտեսական աճի և կենսամակարդակի բարձրացման մեջ:

Ամերիաբանկը Հայաստանի ամենադինամիկ բանկերից է և դասվում է ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքում: Ամերիաբանկն առաջին ներդրումային բանկն է Հայաստանում և սկսած 2007 թ. տրամադրում է հաճախորդների կարիքներին հարմարեցված նորարարական բանկային պրոդուկտների լայն տեսականի: Այսօր Ամերիաբանկը հանդիսանում է ունիվերսալ բանկ, որը տրամադրում է կորպորատիվ, մանրածախ և ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---