Ռուսաստանի չարիքը ոչ թե միգրանտներն են, այլ վերևից սերմանվող ֆաշիզմն ու անլիարժեքության բարդույթը

Ռուսաստանի չարիքը ոչ թե միգրանտներն են, այլ վերևից սերմանվող ֆաշիզմն ու անլիարժեքության բարդույթը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը փաստորեն ստացավ այն, ինչի համար պայքարում էր: Երբեմնի հարազատ ու եղբայրականի, իսկ այժմ օտար դարձած ամենի հանդեպ ռուսաստանցիների տարիներով փայփայած ատելությունը, հավանաբար, գագաթնակետին է հասել: Վերջին տասնամյակում այլատյացությունը Ռուսաստանում ծաղկեց՝ սափրագլուխներ, ազգայնամոլներ, ծայրահեղականներ և այլն, և այլն, ծեծում էին, խեղդում ու սպանում «ոչ սլավոններին», հետո նրանց ցուցադրական դատում էին, բանտ նստեցնում, հետո ամեն ինչ կրկնվում էր:

Այս ամենը հիշեցնում էր վառոդի տակառ, որը կարող էր ցանկացած պահի պայթել: Ու պայթեց: Ազդակն առիթն էր, իհարկե լուրջ՝ օտարազգի մարդու, ադրբեջանցու կողմից կատարված սպանությունը: Սակայն սպանությունը վեր հանեց նոր ու ուժգին այլատյացության ալիք, որը վերածվեց անկարգությունների, բախումների: Բայց ինչն ավելի վատ է, այդ ալիքն առաջ գնաց՝ հասնելով նրանց, ով դուրս չի գալիս փողոց «սևերին» ծեծելու, այլ նստած է մոնիտորի առջև, Պետդումայում և պետության ճակատագիրն է որոշում: Այդպես, ռուսաստանցի բլոգերները սկսեցին առաջարկել «կովկասյան հարցի» սեփական լուծումները՝ նրանց վրդովեցրել էր, որ կովկասցիները ոչ միայն ռուսական շուկաներն են «գրավել», այլև գերատեսչություններից շատերը, այդ թվում նաև ԱԳՆ-ն: Պարզվեց՝ ՌԴ դիվանագիտական կորպուսի աշխատակիցներից շատերը ծնունդով Կովկասից են: Այդ առնչությամբ ռուսաստանցի բլոգերները «սև ցուցակ» են կազմել, ում կոչ են անում «կոտորել»:

Այդ ընդհանուր տրամադրությանը տրվեցին նաև Պետդումայի պատգամավորները, որոնք գրեթե միաբերան հայտարարեցին, թե «ներգաղթյալները չարիք են, նրանց պետք է դուրս անել Ռուսաստանից»: Ծայրահեղական միջոցներին չդիմելու հազվադեպ կոչերը չլսվեցին՝ դրանք ձայն էին բարբառո հանապատի:

Քչերը հիշատակեցին, որ պաշտոնյաներն ու ոստիկանության աշխատակիցները ոչ մի կերպ չէին արձագանքում ապօրինի ներգաղթյալների կուտակումներին, թեև հիանալի տեղեկացված էին դրա մասին: Չէ որ գոյություն ունի հետխորհրդային տարածքի այնպիսի ունիվերսալ միջոց, ինչպիսին կաշառքն է, որը ցանկացած դուռ է բացում:

Ի դեպ, մոսկովյան ոստիկանությունը կրկին կարող է բերման ենթարկել ապօրինի ներգաղթյալներին: Սա եկամուտի ևսմեկ կայուն աղբյուր է իրավապահների ու մանր պաշտոնյաների համար:

Իսկ ապօրինի միգրանտները կային ու կլինեն: Եվ քանի դեռ «վերևները» չեն դադարել ռուսաստանցի ֆաշիստների աճեցնել, որոնց պապերն ընկան գերմանական ֆաշիզմի դեմ պայքարում, երկրում կշարունակվեն ազգային հողի վրա սպանությունները՝ վերաճելով ազգամիջյան պատերազմի: Դրա համար պարարտ հող կա՝ մի ամբողջ ժողովրդի անլիարժեքության բարդույթը, որն այսօր ինքնուրույն ի վիճակի չէ բարձրացնել իր երկիրը, դրա համար դրսից օգնության կարիք ունի՝ ատելով, սակայն, բոլոր նրանց, ով օգնում է այդ հարցում: Եվ մոռանում է, որ ինքն էլ կարող է հայտնվել նման մի իրավիճակում:

Անցյալ տարի մոտ 1,5 մլն ռուսաստանցի է հեռացել Ռուսաստանից: Նրանք էլ ինչ-որ տեղ միգրանտներ են և պարտադիր չէ, որ օրինական: Նրանք էլ կարող են ատելության զոհ դառնալ, նրանց էլ կարող են ծեծել ու սպանել:

Եվ վերջինը: Տարակուսանք են առաջացնում որոշ արտահայտություններ, թե, իբր, ժողովուրդը չէր ուզում, որ անկարգություններ լինեին, դեմ չէ ներգաղթյալներին, ուղղակի պահանջում էր գտնել մարդասպանին՝ անկախ նրա ու սպանվածի ազգությունից: Իրո՞ք: Այդ դեպքում ինչո՞ւ ոչ ոք չի պահանջում գտնել նախօրեին, արդեն անկարգություններից հետո դանակահարված Ուզբեկստանի քաղաքացու սպանողին, կամ հունիսին Նալչիկից իրավաբան Ռուսլան Ասանովի մարդասպաններին: Կամ մայիսին ծեծկռտուքի ժամանակ սպանված ադրբեջանցու պարագայում: Պատասխանն ակնհայտ է՝ ուղղակի նրանք ռուս չեն: Կարելի է բազում նման օրինակներ բերել:

Մնում է հուսալ, որ ցանկության դեպքում իրավիճակը դեռ կարելի է շտկել: Որ դեռ անցած չէ անդառնալիության կետը, որից հետո Ռուսաստանն արդեն այդ ամենի առաջն առնելու շանս չի ունենա, չի կարողանա սանձել ֆաշիստներին, որոնք երազում են օտարերկրացիների արյան մեջ խրված «ռուսների համար Ռուսաստանի մասին»:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net, Photo: www.liveinternet.ru
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---